Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԹՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՆԱԽԱՀԱՅՐԵՆԻՔ

Հուլիս 30,2011 00:00

Հրաչ Մարտիրոսյանը՝ հայոց պատմության  աղավաղման մասին

Երեկ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտում բանասիրական գիտությունների դոկտոր, Լեյդենի համալսարանի պրոֆեսոր Հրաչ Մարտիրոսյանը դասախոսություն էր կարդում «Հայերենը հնդեվրոպական նախալեզվի տրոհմանը հաջորդող ժամանակաշրջանում» թեմայով: Իր դասախոսության ուսումնասիրության առարկային անդրադառնում են դեռեւս 19-րդ դարից: Պարոն Մարտիրոսյանն ասում է՝ գաղտնիք չէ, որ հայերենը հնդեվրոպական ընտանիքից է, նաեւ հայտնի է, որ բոլոր բառաշերտերն էլ դարերի ընթացքում անընդհատ համալրվում են փոխառություններով: Նա «Առավոտին» ներկայացնում է, որ իր ուսումնասիրությունը մի փոքր մասնավորեցրել է. «Փորձել եմ հստակորեն սահմանազատել հայերենի բառամթերքի շերտերը, պարզել՝ այս բառն ա՞յս խմբի մեջ պետք է լինի, թե՞ այլ: Նոր ստուգաբանություններ եմ առաջարկում («Հայերենի ստուգաբանական բառարանի» հեղինակն է- Հ. Հ.), ըստ որոնց՝ կարելի է ավելի ամբողջական պատկերացում ունենալ այդ բառի մասին: Սա շատ կարեւոր է հայոց լեզվի նախապատմությունն իմանալու համար»: Նաեւ ավելացնում է. «6000-7000 տարի առաջ եղել է հնդեվրոպական նախալեզու, չգիտենք՝ ինչպե՞ս է այն կոչվել, բայց այն եղել է մեր մայր լեզուն: Հնդեվրոպական նախալեզվի հայրենիքն էլ չգիտենք՝ որտեղ է եղել: Եթե ամբողջացնենք հայերենի բառամթերքը, կտեսնենք, որ լեզուների եւ բարբառների հետ այն հարեւանություն ունի, կարող ենք ավելի լավ պատկերացում կազմել, թե որտեղ ենք սկզբնավորվել»: Իր դասախոսության մեջ պարոն Մարտիրոսյանն առանձնացնում է բառեր, որոնց ծագումը եվրոպական լեզուների բառապաշարից է: Այսպես նա չի բացառում հայերի՝ եվրոպական տարածքում սկզբնավորումը: Նշում է, որ պետք չէ կուրորեն հավատալ միայն հայերի՝ Հայկական լեռնաշղթայում սկզբնավորման վարկածին: «Մեզ մոտ այս հարցը հիվանդագին են ընդունում, բայց ոչ մի տեսակետն էլ 100%-անոց չէ: Պարզապես պետք է մեր հայագիտությունը գա այն ըմբռնողությանը, որ հարկավոր է խնդիրները հանգիստ ընդունել, որ նախահայրենիքի տարբեր մոտեցումներ կան, դրանք բոլորն էլ պետք է ուսումնասիրվեն»,- ասում է նա: «Առավոտին» հետաքրքրեց, թե ինչպե՞ս է Հրաչ Մարտիրոսյանը վերաբերվում այն իրողությանը, երբ հայանպաստ պատմություն ստեղծելու ցանկությամբ՝ ոմանք աղավաղում են հայոց պատմության փաստերը:

«Շատ մարդիկ ասում են, որ լավ տեսություն է, հայերի օգտին է: Դա բթություն է, դա ոչ թե վատ է, այլ ամենավատը: Դրանով մենք թուրքերին եւ ադրբեջանցիներին ենք նմանվում: Չի՛ կարելի այդպես անել: Ի տարբերություն թուրքերի՝ մենք պատճառ չունենք պատմություն սարքելու: Այսպես, թե այնպես՝ Հայկական լեռնաշղթայի ժառանգորդներն ու տերերը մենք ենք: 3000, թե 4000 տարի առաջ ենք այնտեղ եղել՝ նշանակություն չունի: Թուրքական տարրը մեր աչքի առջեւ Հայկական լեռնաշխարհ թափանցած տարր է»,- ասում է Հրաչ Մարտիրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել