ԻՐԱՆՑՈՒ ՄԵՔԵՆԱՅԻ ՔԱՐՇԱԿԸ
Երեւան-Մեղրի ավտոմայրուղում Իրանի Իսլամական Հանրապետոթյան քաղաքացի Ասլահի Մուհամեդին պատկանող «Վոլվո» մակնիշի THP 62 597 պետհամարանիշով ավտոմեքենայի քարշակը շրջվել էր կողքի եւ փակել ճանապարհի երթեւեկելի մասը: Տեխնիկայի եւ փրկարարների համատեղ ուժերով քարշակը բարձրացվել եւ տեղադրվել է թափքին:
Վերադարձի ճանապարհին՝ նույն ճանապարհահատվածում, Արամ Աֆտարյանին պատկանող «ԿԱՄԱԶ» մակնիշի 01 ՕՏ 550 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենայի մեջտեղի անիվը պոկվել է, ինչի հետեւանքով մեքենայի քարշակը թեքվել է կողքի եւ փակել ճանապարհի երթեւեկելի մասը:
Փրկարարների համատեղ ուժերով քարշակը բարձրացվել է թափքին, տեղադրվել է անիվը:
ՓՐԿՎԵԼ Է
Օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Սեւանի «Հանրային» լողափում Սեւանի ջրափրկարարների կողմից նկատվել է մի քաղաքացի, որը դժվարանում է լողալ եւ գտնվում է խուճապի մեջ: Ջրափրկարարներ Ա. Հարությունյանն ու Ա. Գեւորգյանը մեկնել են դեպքի վայր եւ ջրից դուրս բերել 30-ամյա երեւանցի Ազատ Հովհաննիսյանին: Ափին՝ ջրափրկարարների եւ բուժծառայության աշխատակիցների կողմից Ա.Հովհաննիսյանին ցուցաբերվել է առաջին բուժօգնությունը:
Ա. Հովհաննիսյանի առողջական վիճակը բավարար է:
ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԵՆ
Ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 36-ամյա Խաչատուր Ա.-ի «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան Կալինինի փողոցի թիվ 27 տան մոտ բախվել է 56-ամյա Սուրիկ Ղ.-ի վարած «Դայվու» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով «Դայվուի» ուղեւորները` 79-ամյա Քնարիկ Ա.-ն եւ 53-ամյա Նունուֆար Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՃԵՄԱՐԱՆԻ ՏԱՆԻՔՆ ԱՅՐՎԵԼ Է
Գեղարքունիքի մարզի Սեւանա լճի թերակղզում՝ ճեմարանի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել:
Այրվել էր Մայր աթոռ Վազգենյան դպրանոցի ճաշարանի տանիքը՝ 500 քմ մակերեսով:
ԹՄՐԱՄԻՋՈՑ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ՞Ց
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր եւ Երեւանի քաղաքային վարչությունները ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով Երեւանի «Արմենիա» հեռուստաընկերության մոտ գտնվող ավտոտեխսպասարկման կետից, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 31-ամյա Արման Ա.-ին:
Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել եւ առգրավվել է «B-8» գրառումով սուբոտեքս տեսակի թմրամիջոցին նմանվող դեղահաբ:
Ըստ Արման Ա.-ի հայտարարության` այն սուբոտեքս տեսակի թմրամիջոց է, որը, ինչպես եւ եւս 4 հաբ, մարտին բերել է Ֆրանսիայից` իր օգտագործման համար: Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երեկ, ԱԻՆ-ի փոխանցմամբ, 1 օրվա ընթացքում հրդեհվել էին Արագածոտնի Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում՝ «Արծվի թեւ» հուշահամալիրի, Երեւանի Շահումյանի թիվ 1 գերեզմանատան տարածքի, Երեւանի Հաղթանակի զբոսայգու «Մայր Հայաստան» արձանի, Երեւանի Աճառյան 1-ին նրբանցքի նյարդահոգեբուժական դիսպանսերի, Երեւանի Բաբաջանյան փողոցի ֆինանսաբանկային քոլեջի, Շահումյան գյուղի նախկին թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքի, Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքները: Հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները ժամանակին մեկուսացվել եւ մարվել են:
ՋՐԱՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՏԱՆԻՔՆ ԷԼ
Գեղարքունիքի մարզի Սեւանա լճի թերակղզում՝ կոնսերվատորիային պատկանող շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել Սեւան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ այրվում է հիդրոօդերեւութաբանական եւ ջրափրկարարական ծառայություններին պատկանող երկհարկանի շենքի տանիքը:
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀՐԴԵՀԸ
Երեկ, ժամը 05.47-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի քաղաքապետարանի շենքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.59-ին, մարվել՝ 06.12-ին: Ամբողջությամբ այրվել է քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության աշխատասենյակում պահարանը փաստաթղթերով:
ՁՈՐՈՒՄ
Կոտայքի մարզի Աբովյան-Պտղնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Հ. Մաթեւոսյանին պատկանող «Մերսեդես-Ե 320» մակնիշի 26 ՕՏ 980 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը: Տուժածներ չեն եղել:
ԹՈՒՆԱՎՈՐՄԱՄԲ
Երեկ տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 01.40-ին սնկից թունավորումով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիր են տեղափոխվել Վանաձորի Բանակի փողոցի թիվ 28 տան 66-ամյա բնակիչ Հայկ Ամիրխանյանը եւ Ֆիդայիների փողոցի թիվ 65 տան 75-ամյա բնակիչ Վազգեն Սարգսյանը: Տուժածների առողջական վիճակը ծանր է: