Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի ծնե հաշմանդամը հաշմանդամ չէ՞

Հուլիս 30,2011 00:00

Երեխային առաջարկում են վիրահատել, սակայն ծնողը վստահ չէ,  որ նրա հարցը կլուծվի

Գյումրիում ապրող 15-ամյա Հասմիկ Մարտիրոսյանը ծնված օրվանից Շիրակի մարզպետարանի առողջապահական բաժնի բժշկական հանձնաժողովի որոշմամբ ճանաչվել է ցմահ հաշմանդամ: Սակայն այս տարվա հունվարից նա, արդեն ՀՀ բժշկասոցիալական փորձագիտության հանձնաժողովի (ԲՍՓՀ) «ախտորոշմամբ»՝ հաշմանդամ չէ: Հասմիկի մայրը դժգոհությամբ դիմել է բժշկասոցիալական փորձագիտության հանձնաժողով, սակայն ԲՍՓՀ-ի որոշումը մնացել է անփոփոխ: Նշենք, որ երեխան ունի ոտքերի անհամաչափություն՝ նրա ոտքերի միջեւ 2 սմ տարբերություն կա, ունի խրոնիկական լիմֆաստազ փղախտ ու ստորին վերջույթների ինդարտերիտ անբուժելի հիվանդություններ: Հանձնաժողովի մասնագետները հավաստիացրել են, որ երեխային վիրահատություն է պետք, որպեսզի բոլոր խնդիրները լուծվեն: Սակայն Հասմիկի մայրը դեմ է եւ չի համաձայնում, որպեսզի իր երեխային վիրահատեն՝ մտավախություն ունենալով, որ «ունքը շինելու փոխարեն, աչքն էլ կհանեն»:

«Ինչո՞ւ են ցանկանում երեխայիս վիրահատության ենթարկել եւ անհիմն պնդել, որ նա հաշմանդամ չէ: Ինչո՞ւ են քողարկում երեխայիս անբուժելի եւ խրոնիկական հիվանդությունները: Էլ չեմ ասում, որ ոչ ոք չգիտի, թե ինչ ճակատագիր է սպասվում երեխայիս»:

Նշենք, որ Հասմիկը հետազոտվել է Ավստրիական մանկական հիվանդանոցում, ինչպես նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնում եւ 2 բուժհիմնարկների եզրակացությունն էլ նույնն է. դիտվում է հոդի եւ ոտնաթաթի դեֆորմացիա: Բացի այդ, երեխային մի քանի տարի առաջ արդեն արվել է վիրահատություն, որը, ըստ ծնողի, արդյունք չի տվել. ծուռ թաթի վիրահատության հետեւանքով հոդաճեղքն անհավասարաչափ նեղացել է: Երեխան էլ զրկվել է իր հաշմանդամության թոշակից: Այս հարցով Հասմիկի ծնողները դիմել են հանրապետության նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, Մարդու իրավունքների պատշպանին, առողջապահության եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններ: Թե ինչու է ՀՀ բժշկասոցիալական փորձագիտության հանձնաժողովը ի ծնե հաշմանդամ երեխային համարել ոչ հաշմանդամ, փորձեցինք ճշտել ԲՍՓՀ-ից: «Առավոտի» հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ չնայած կասկած չունեն, որ հանձնաժողովը ճիշտ որոշում է կայացրել, այնուամենայնիվ, այս գործը եւս մեկ անգամ պետք է ուսումնասիրեն, քանի որ կա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հանձնարարականը: Արդյունքներն ամփոփելուց հետո պարզաբանումներ կտրամադրեն նաեւ մեր թերթին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել