Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻԶԻՐՅԱՆԻ ՈՏՔԸ ԽԵՐՈ՞Վ Է

Հուլիս 30,2011 00:00

\"\"Շիրակում կարկտահարությունները նվազել են

Երեկ Գյումրիում տեղի ունեցավ հերթական մարզխորհրդի նիստը: Այն թերեւս ամենաձանձրալին էր Շիրակի մարզխորհրդի բոլոր նիստերի պատմության մեջ. գյուղապետերը նստած ննջում էին եւ պատճառը ոչ միայն անտանելի շոգն էր, այլ մարզպետարանի ֆինանսական վարչության պետ Հովհաննես Մամիկոնյանի չոր ու երկարաշունչ հաշվետվությունը: Ինչպես միշտ, մարզի գլխավոր ֆինանսիստը մարզխորհրդի նիստը սկսվելուն պես «թվախեղդ» արեց նստածներին՝ ներկայացնելով 119 համայնքի սեփական եկամուտների կատարման ցուցանիշները: Նշենք, որ 2011թ. առաջին կիսամյակում մարզի մասշտաբով այն կատարվել է 80,1%-ով, այսինքն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 12,5%-ով, եւ ամենացածր ցուցանիշը, ինչպես միշտ, գրանցվել է Աշոցքի տարածաշրջանում: Մարզպետարանի պաշտոնյան անդրադարձավ նաեւ այն 26 համայնքներին, որտեղ սեփական եկամուտների հավաքագրումը խիստ ցածր մակարդակի վրա է, նույնիսկ 50%-ի ցուցանիշը չեն ապահովել, օրինակ՝ Ցողամարգում 8,9% է, Փոքր Սեպասարում բավարարվում են 10,1% ցուցանիշով, Սիզավետում՝ 11,7% եւ այլն: Մարզպետ Աշոտ Գիզիրյանը հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ գյուղապետերը զլանում են համայնքային բյուջեն լցնելուց: «Կարո՞ղ է ընտրություններ են այդ գյուղերում, չեք ուզում ժողովրդից հարկերը գանձել ու նրանց աչքի փուշը դառնալ»,-հարցրեց մարզպետը: Այնուհետեւ նույն հարցն ուղղեց Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանին, որը պատճառաբանեց, որ գյուղապետերը «հավես չունեն» աշխատելու: «Ամեն անգամ նույնն եք ասում, ի՞նչ անենք, որ լավ աշխատեն, ես բազմիցս ասել եմ, մի գնացեք խեղճուկրակի վզին չոքեք. կան մարդիկ, որոնք մեծ հողատարածքներ ունեն, եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն պիտի սկսենք պաշտոնանկ անել»,- ակնարկեց Գիզիրյանը: Օրակարգի 2-րդ հարցը կառավարության կողմից Շիրակի սոցիալական խնդիրները մեղմելու նպատակով մարզպետարանին տրամադրված 1 մլրդ 320 միլիոն դրամի ծախսերին են վերաբերում: Սա միակ հարցն էր, որը աշխուժություն մտցրեց դահլիճում, գյուղապետերից շատերը դժգոհեցին, թե ինչո՞ւ պիտի այս կամ այն համայնքի բազմաբնակարան շենքերի կտուրները կամ փողոցները վերանորոգվեն, իսկ իրենց հերթ չհասնի: Եվ մինչ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը թվարկում էր, թե ի՞նչ են արել գումարները, Ախուրյանի դաշնակցական գյուղապետ Արծրուն Իգիթյանը ձեռք բարձրացրեց ու դժգոհեց, որ այդ գումարից մի լումա անգամ չի հատկացվել Ախուրյանի խնդիրները լուծելու համար եւ ամեն ինչ համայնքի հույսին են թողել: «Ախուրյանից որեւէ օբյեկտ չի ընդգրկվել, բայց Ախուրյանը բազմաթիվ խնդիրներ ունի, չէ՞»,-նեղսրտեց գյուղապետը: «Ախուրյանում բնակարանաշինություն չի ընթանո՞ւմ, բա դա էլ է ծախս, չէ՞, այստեղ կողմնապահություն չի կատարվել, առանձնացրել ենք այն հարցերը, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն»,- պատասխանեց մարզպետ Գիզիրյանը: Քաղաքաշինության վարչության պետն էլ հիշեցրեց, որ այստեղ ճանապարհ է վերանորոգվել, որը 800 միլիոն դրամ է արժեցել: Ախուրիկի գյուղապետ Վարդիթեր Գասպարյանն էլ բողոքեց, որ «պետական օգնությունից» իրեն էլ բաժին չի հասել: Տիկնոջ ներկայացմամբ, ինքն ամեն մի թուրքի Հայաստան գալուց «անտանելի ամոթ» է զգում, քանի որ գյուղի կողքով անցնող Ղարս-Սպիտակ միջպետական ճանապարհը քարուքանդ է, եւ չկա այդպիսի ամիս, որ թուրքերը չգան բանակցելու սահմանապահ զորքերի հետ: «Դու ամաչելու բան չունես, թող թուրքերն ամաչեն, հազար տարի էլ անցնի՝ իրենք պիտի մեզ նայելիս ամաչեն»,- հակադարձեց Գիզիրյանը: Օրակարգի 3-րդ խնդիրը գյուղատնտեսական էր, պարզվեց, որ Շիրակի մարզին 5 տարի է՝ կոմբայն չեն տրամադրում, բարոյապես ու ֆիզիկապես փչացած մեքենասարքավորումների պարկը չեն թարմացնում: «Չնայած պարոն մարզպետը դիմել է գյուղնախարարին, գրություն է հղել»,- ասաց գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը: «Ինձ թասիբի եք գցո՞ւմ, որ հետեւից գնա՞մ»,- կատակեց Գիզիրյանը: Ի դեպ, մարզպետը հպարտացավ, որ իր ոտքը Շիրակի մարզ այնքան էլ վատ չէ. կարկուտ քիչ է գալիս, բերքատվությունն էլ թեթեւակիորեն ավելացել է: «Ձեր ոտքը խերով է, Հիդրոմետն էլ հայտարարել է, որ 15 օր կարկուտ չի գալու»,- իր հերթին կատակեց գյուղվարչության պետը: Այսպիսով նիստն ավարտեցին՝ գյուղապետերին մինչեւ սեպտեմբեր արձակուրդ ճանապարհելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել