Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախ կանխարգելել, հետո միայն՝ պատժել

Հուլիս 30,2011 00:00

Հայաստանի եւ Չինաստանի դատախազությունները որոշել են ավելի ակտիվացնել համագործակցությունը, մասնավորապես՝ փորձի փոխանակումը անդրազգային հանցագործության դեմ պայքարում: Նման պայմանավորվածություն ձեռք է բերվել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ օրերս Չինաստան կատարած այցի ժամանակ:

Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանի Շանհայ քաղաք էր մեկնել՝ մասնակցելու կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային համագործակցությանը նվիրված սեմինարի աշխատանքներին: Հայկական պատվիրակությունն արժանացել էր ջերմ ընդունելության, որի շրջանակներում երկու երկրների գլխավոր դատախազները՝ Աղվան Հովսեփյանն ու Չաո Ջիանմինգը ունեցել են առանձնազրույց՝ քննարկելով համագործակցությունը զարգացնելուն վերաբերող հարցեր: Նկատենք, որ Հայաստանի ու Չինաստանի դատախազությունները համագործակցության մասին հուշագիր ստորագրել են դեռեւս տարիներ առաջ եւ ներկայումս խոսքն արդեն այդ հուշագրի առավել առարկայական կենսագործման եւ երկկողմանի միջոցառումներ իրականացնելու ծրագրի մասին է: Այն կազմակերպվել էր Հակակոռուպցիոն մարմինների միջազգային ասոցիացիայի կողմից, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դատախազության հետ համատեղ՝ քննարկելու մասնավորապես դատապարտված անձանց էքստրադիցիայի, իրավական փոխօգնության, համատեղ քննչական գործողությունների եւ նշված հանցագործություններով նախաքննության առանձնահատկություններին վերաբերող հարցեր: Սեմինարի ընթացքում ելույթով հանդես է եկել նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը՝ անդրադառնալով այս հանցատեսակի դեմ Հայաստանի ձեռնարկած քայլերին: «Կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ է իրականացնել քաղաքական, օրենսդրական, կազմակերպչական, գաղափարական, բարոյական միջոցառումներ, իսկ Քրեական օրենսգրքին դիմել միայն վերջում: Ինչպես ցույց են տալիս միջազգային ուսումնասիրությունները, «քրեական օրենքը կարող է զսպել, կանխարգելել կոռուպցիան, բայց ոչ լիարժեք»: Հետեւաբար, առաջին հերթին, պետք է ձեռնարկել նախազգուշական եւ կանխարգելիչ միջոցառումներ»,- շեշտել էր գլխավոր դատախազը՝ նշելով, որ պետական կառավարման հիմնական խնդիրների վերլուծությունը, ինչպես նաեւ միջազգային ու հասարակական կազմակերպությունների ուսումնասիրությունները հիմք են հանդիսանում կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության մշակման եւ իրականացման համար: Այս առումով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը նպաստել է Հայաստանի անդամակցությունը ԱՊՀ, Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի մի շարք միջազգային ակտերին եւ Կոռուպցիայի դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի պետությունների խմբին (GRECO): «Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու համար ստեղծվել է այլ մարմիններից անկախ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, որը իրականացնում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների եւ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց դեմ հարուցված քրեական գործերի նախաքննությունը»,- արձանագրել է գլխավոր դատախազը: Այս հանցատեսակում նա առանձնացրել է նաեւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ փողերի լվացման բացահայտումը: Հայաստանում կիրառվում է բանկերի եւ ֆինանսական հաստատությունների, ինչպես նաեւ փողերի լվացման տեսանկյունից հատկապես խոցելի այլ մարմինների կարգավորման եւ վերահսկողության ներքին ռեժիմ: Արդյունքում արդեն իսկ բացահայտվել են հարյուրավոր միլիոն դրամների հասնող բանկային զեղծարարություններ: «Հակակոռուպցիոն ծրագրերի իրականացումը պետք է հիմնված լինի հետեւյալ սկզբունքների վրա, այն է՝ օրենքի գերակայություն եւ արդարադատություն, շարունակականություն եւ հետեւողականություն, հրապարակայնություն եւ թափանցիկություն, ինչպես նաեւ միջազգային ակտիվ համագործակցություն»,- հայտարարել է գլխավոր դատախազը՝ հավաստելով, որ դատախազությունն ունի եւ դրսեւորում է համապատասխան կամք ու վճռականություն՝ նշված սկզբունքները պահպանելու համար, առանցքում դիտարկելով աշխատանքների թափանցիկությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել