Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲԱՆԿԱՅԻՆ ԶԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՂԹԱՊԱՆԱԿԻՑ

Հուլիս 30,2011 00:00

\"\"Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է ապօրինի կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտերի օրինականացման դեպքերով քրեական գործերի աճ: Այս մասին ֆինանսական հետախուզության մարմինների «Էգմոնտ» խմբի նախագահ Բուդվին Վերհարլստի հետ հանդիպման ժամանակ նկատել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ դա գնահատելով որպես այդ հանցատեսակի բացահայտման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների արդյունավետության բարձրացում եւ առաջընթաց:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ եթե 2006 թվականին բացահայտվել էր ընդամենը 1 քրեական գործ՝ 1 անձի վերաբերյալ, ապա 2009 թվականին դատապարտվել է 7 անձ՝ 7 քրեական գործով: Ընդհանուր առմամբ վերջին տարիներին հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման մեղադրանքով Հայաստանում դատապարտվել է 13 անձ՝ 12 քրեական գործով: «Այս հանցատեսակն ունի առանձնահատկություններ, այդ թվում նաեւ բարդություններ՝ պատշաճ ապացույցներ ձեռք բերելու առումով եւ հատկապես դատախազության, Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ու Ազգային անվտանգության ծառայության համագործակցության շնորհիվ այսօր ունենք արդեն ոչ միայն բացահայտված, այլ նաեւ ձեւավորված դատական պրակտիկա, ինչը թույլ կտա առավել գործուն քայլեր ձեռնարկել այս հանցատեսակի դեմ պայքարում», – նշել է գլխավոր դատախազը՝ արձանագրելով, որ դա նաեւ ենթադրում է միջազգային համագործակցություն: «Սա այն հանցատեսակներից է, որի բացահայտումն ուղղակի պահանջում է միջազգային համագործակցություն, տեղեկատվության արագ փոխանակում, քանզի շատ հաճախ այն սկսվում եւ ավարտվում է տարբեր երկրներում»,- կարծում է գլխավոր դատախազը:

Ի դեպ, սա այն բացառիկ դեպքերից է, երբ տեղացի եւ միջազգային փորձագետների գնահատականները համընկնում են՝ առանձնացնելով Հայաստանի փորձը՝ կարճ ժամանակահատվածում նկատված ձեռքբերումների առումով: Անգամ «Էգմոնտ» խմբի նախագահ Բուդվին Վերհարլստը Հայաստանում ունեցած հանդիպումների ժամանակ դրական գնահատեց Հայաստանի ձեռնարկած քայլերը ապօրինի եկամուտների օրինականացման դեմ պայքարում: Իսկ առաջընթացը թերեւս պայմանավորված է երկու մասնագիտացված կառույցների՝ Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի եւ ՀՀ գլխավոր դատախազության կառուցվածքում Ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության ձեւավորմամբ: Ըստ այդմ՝ դատախազությունն առաձնացրեց դատախազների՝ նրանց մասնագիտացնելով մասնավորապես այսօրինակ քրեական գործերով դատախազական հսկողության եւ դատարաններում մեղադրանքների պաշտպանության գործում, իսկ ԱԱԾ-ն՝ քննիչների, որոնք առավել խորամուխ եղան քննության առանձնահատկությունների մեջ, իսկ ԿԲ-ն ապահովում է մասնագիտական դիտարկումները: Եվ այս երեք կառույցների համագործակցության արդյունքում, ըստ էության, վերջին տարիներին կտրուկ բարելավվեց բացահայտման ցուցանիշը: Բացի այդ՝ փոխվել է նաեւ քրեական գործերի որակն ու տեսակը: Այսպես, եթե 2006 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտված «Վահան Մադաթյան» ՍՊ ընկերության նախագահ Վահան Մադաթյանին մեղադրանք առաջադրելու համար հիմք էր հանդիսացել ապօրինի ձեռք բերած հումքից արտադրամասում մանրատախտակ, շրիշակ, շերտաձողիկներ պատրաստելն ու ԱՄՆ արտահանելը, ապա հետագայում բացահայտվեցին նաեւ բանկային զեղծարարություններին վերաբերող դեպքեր:

Դրանց թվում մասնագետներն առանձնացնում են հայտնի ռումինացիների գործը: Հիշեցման կարգով նշենք, որ Ռումինիայի քաղաքացի Կոնստանտին Ստենգաչուն 2008թ. օգոստոսին իր համերկրացիներից կազմելով հանցավոր կայուն խումբ՝ բաղկացած 4 անձից, ՀՀ-ում գործող բանկերի բանկոմատներից բանկային կեղծ քարտերի կրկնօրինակներով հափշտակել է 64.142.000 ՀՀ դրամ, որի մի մասը փոխանակել է 75.381 եվրոյի ու այդ գումարներն օրինականացրել, մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 203 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել է ազատազրկման 12 տարի ժամկետով՝ գույքի 25.200 եվրո եւ 4. 040. 000 դրամի բռնագրավմամբ: Իսկ Դանիել Ֆլորին Ֆեռառուն, գործելով Կոնստանտին Ստենգաչուի հանցավոր խմբի կազմում, բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներով հափշտակել է 34. 470. 000 ՀՀ դրամ, որից 6.564.000 դրամը փոխարկել է 14. 600 եվրոյի ու այդ գումարներն օրինականացնելու համար մեղավոր է ճանաչվել ՀՀ քրօրի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 190 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով՝ 34.470.000 դրամ բռնագրավմամբ:

Առավել ուշագրավ գործերից է Ամալյա Մադուլյանին վերաբերվող քրեական գործը, որին առաջադրված մեղադրանքը ներառում էր թե անձին սեռական շահագործման ենթարկելը եւ թե այսօրինակ անօրինական եղանակով վաստակած եկամուտն օրինականացնելը: Նա դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել շահագործման նպատակով երկու եւ ավելի անձանց հավաքագրելու, փոխադրելու, ստրկացման եւ սեռական շահագործման ենթարկելու, ինչպես նաեւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար եւ դատապարտվել ազատազրկման 11 տարի ժամկետով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավմամբ:

Բանկային զեղծարարություններից մեծ աղմուկ հանեց «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ «Գորիս» մասնաճյուղի կառավարչի գործը, ում առաջադրված մեղադրանքը վերաբերում էր մի քանի հարյուր միլիոն դրամի հափշտակությանը: Մասնավորապես, տարբեր վարկեր ձեւակերպելով՝ այլեւս բանկի նախկին կառավարիչը թաքցրել, խեղաթյուրել է նախկինում հափշտակած 496. 863. 500,42 դրամ առանձնապես խոշոր չափերի գումարի իրական բնույթը, ծագման աղբյուրները, տեղաշարժը, որի արդյունքում «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերությանը պատճառվել է 693. 808. 812,70 դրամ գումարի գույքային վնաս, որի համար նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրօրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել ազատազրկման 7 տարի ժամկետով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքի՝ 340. 216. 012 դրամ բռնագրավմամբ: Բացի այդ՝ չարաշահումներ են հայտնաբերվել նաեւ նշված բանկի՝ Վարդենիսի մասնաճյուղում, որի նախկին կառավարիչը նույնպես մի քանի այլ անձանց հետ համաձայնությամբ ձեւակերպել էր կեղծ վարկեր, գումարները կանխիկացրել եւ տնօրինել:

Ներկայումս ԱԱԾ քննչական վարչության քննիչների վարույթում քննվում է փողերի լվացման վերաբերյալ 5 քրեական գործ, իսկ դատարանների վարույթում քննվում է 4 քրեական գործ՝ 5 անձի վերաբերյալ: Նրանցից ամենահնչեղը վերաբերվում է քաղաքացի Միքայել Թումասյանին, ով մեղադրվում է նրանում, որ 2008 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին, գտնվելով Ռուսաստանում, «Loader» ինտերնետային կեղծանուն օգտագործող հանցակցից ստացել է ԱՄՆ-ում գրանցված «Citi» բանկի հաշվեհամարների դամպերը եւ PIN-ծածկագրերը, դրանք ուղարկել է ԱՄՆ-ում գործող մյուս հանցակցին՝ ոմն Աշոտի, որն ընկերների հետ դրանց օգտագործմամբ պատրաստել է բանկային կեղծ քարտեր, ապա «Citi» բանկի եւ «7-11» ցանցի բանկոմատներից գողացել են 583. 073 ԱՄՆ դոլար:

Հետագայում, դրա մի մասը՝ 110. 049.141 ՀՀ դրամին համարժեք 359. 675 ԱՄՆ դոլարը նախաքննության տվյալներով լվացվել է՝ Միքայել Թումասյանի կողմից փոխանցվել էլեկտրոնային դրամապանակին եւ տնօրինվել։

Այս քրեական գործին հետագայում կանդրադառնանք ավելի մանրամասն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել