Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Է՞լ ով պետք է Թուրքիայից ներողություն խնդրի

Հուլիս 30,2011 00:00

Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ է սիրում  ներողություն պահանջել

\"\"Թուրքիայի վարչապետը չափազանց ներողամոլ է: Մակերեսային ուսումնասիրությունները դա են վկայում: Google-ի անգլալեզու սեգմենտում որոնումներից պարզվում է, որ Էրդողանի անունը հիշատակված է 17 մլն անգամ, որոնցից ուղիղ 1.7 մլն-ում առկա է «Էրդողանը ներողություն է պահանջում» (Erdogan wants an apology) արտահայտությունը: Համաձայնեք, որ G20-ում ընդգրկված, ՆԱՏՕ-ում թվով երկրորդ բանակն ունեցող, տարածաշրջանում գերակա դիրքերի ձգտող, թյուրքալեզու ու իսլամական աշխարհում առաջնորդի դերին հավակնող, ինչպես նաեւ մեկ տասնյակ հարեւանների հետ «զրո խնդրի» քաղաքականություն հռչակած երկրի ղեկավարի համար հրապարակային գործունեության 10 տոկոսի տրամադրումն աջ ու ձախ բոլորից ներողություն պահանջելուն՝ արդեն իսկ այլ մասնագետների հետազոտության կարիք ունի: Ախտորոշման համար առնվազն պետք է մի քանի օրինակների հիման վրա պատասխաններ գտնել հետեւյալ հարցերին՝ ո՞վ, ինչի՞ համար, ումի՞ց ի՞նչ է պահանջում: Առաջին եւ վերջին հարցերի պատասխաններն ակնհայտ են՝ Էրդողանը պահանջում է ներողություն: Մյուս հարցերի համար մեզ կրկին օգնության է գալիս ինտերնետը: Վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայի վարչապետը ներողության պահանջ է ներկայացրել առնվազն երեք երկրի:

Երրորդ դեպքի շուրջ աղմուկը դեռեւս ընթացքի մեջ է: Թուրքիայի վարչապետը Հայաստանից ու անձամբ նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում է ներողություն խնդրել այն բանի համար, որ երկրի ղեկավարը Ծաղկաձորում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Արեւմտյան Հայաստանն անվանել է… Արեւմտյան Հայաստան: Առաջինն, անշուշտ, Իսրայելին ներկայացված պահանջներն են: Դրանք ի հայտ եկան նախորդ տարվա կեսերին՝ Mavi Marmara-ի գլխավորած տորմիղի հետ կապված պատմության կոնտեքստում: Հիշեցնենք, որ նախորդ տարի իսրայելական հատուկջոկատայինները խոչընդոտել էին «Խաղաղության տորմիղի» մուտքը երկրի ջրային տարածք: Հիշյալ տորմիղը, որ գլխավորում էր թուրքական Mavi Marmara նավը, փորձում էր ճեղքել Գազայի հատվածի շրջափակումն ու հումանիտար օգնություն հասցնել այնտեղ: Չխորանալով իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ՝ ընդամենը նշենք, որ Գազայի հատվածի շրջափակումն Իսրայելը պայմանավորում էր հակաահաբեկչական գործողություններով՝ նպատակ ունենալով վերահսկողության տակ պահել բեռների տեղաշարժը եւ բացառել սպառազինությունների ներհոսքը: Այս միջադեպի շուրջ միջազգային մակարդակով հետաքննությունը տակավին ավարտված չէ, բայց այդ ողջ ընթացքում Թուրքիայի վարչապետը ներողություն էր պահանջում ու սպառնալիքներ տեղում:

Էրդողանի ներողապահանջագրի երկրորդ հասցեատերը Գերմանիան ու նրա կանցլեր Անգելա Մերկելն էին: Այս տարվա հունվարին Թուրքիայի վարչապետը զայրացել էր այն փաստից, որ Գերմանիայի առաջնորդը Կիպրոս այցելության ընթացքում նախ հիշեցրել էր, որ կղզու հյուսիսը բռնազավթված է Թուրքիայի կողմից, ապա նաեւ զգուշացրել, որ խնդրի կարգավորման հարցում Անկարան բավարար քայլեր չի ձեռնարկում: Ի պատասխան՝ Էրդողանը ոչ միայն ներողություն է պահանջել ֆրաու Մերկելից, այլեւ հորդորել է վերանայել իր պատմական գիտելիքները: Բնականաբար, այս ընթացքում տիկին Մերկելը ոչ միայն ներողություն չի խնդրել, այլեւ այցելություն է կատարել Թուրքիա, որտեղ բարձրաձայն խոսել է այդ երկրի խնդիրների մասին՝ նաեւ դժգոհություն արտահայտելով Եվրամիության հետ Թուրքիայի բանակցությունների ընթացքից ու բավարար քայլեր ձեռնարկելու Անկարայի անկարողությունից: Կիպրոսի ու ընդհանրապես պատմության հարցերում տեսակետը փոխելու մասին Գերմանիայի առաջնորդը որեւէ բան չի հայտարարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել