Հայաստանի կառավարությունը Կենտրոնական բանկի սահմանած սղաճի ընդունելի չափի եւ իր իսկ ներկայացրած բյուջեի ձեռքը կրակն է ընկել: Իրենց գործողություններով կառավարությունը եւ Կենտրոնական բանկը, օգտագործելով բոլոր հնարավոր եւ անհնարին հարկաբյուջետային եւ դրամավարկային միջոցները, փորձում են կատարել բյուջեն եւ զսպել սղաճը՝ ճանապարհին կաթվածահար անելով Հայաստանի տնտեսությունը:
Բյուջեի կատարման համար առավել բեռը ընկնում է տնտեսության ողնաշարը հանդիսացող փոքր եւ միջին բիզնեսի վրա՝ խաթարելով դրա հետագա զարգացումը: Սղաճի զսպումն իրականացվում է դրամի արժեքը արհեստականորեն բարձր պահելով, բարձրացնելով վարկային տոկոսադրույքները եւ կիրառելով զսպողական դրամավարկային քաղաքականություն: Հակառակ այս բոլոր միջոցառումներին եւ ի հաշիվ Հայաստանի տնտեսության հնարավոր աճի՝ կառավարությանը չի հաջողվում ոչ բյուջեն կատարել ամբողջությամբ, ոչ էլ զսպել սղաճը:
Հայաստանի կառավարության հիմնական նպատակը պետք է առաջին հերթին լինի տնտեսական բարձր աճի ապահովումը: Առանց լուրջ տնտեսական աճի հնարավոր չէ լուծել մեր առջեւ ծառացած մյուս խնդիրները: Ես կոչ չեմ անում արհամարհել բյուջեն, սղաճը կամ առկա մյուս խնդիրները, այդուհանդերձ, տնտեսական աճի ապահովումը պետք է լինի կառավարության առաջնային մտահոգությունը: Մեր տնտեսության աճի ներկայիս տեմպերը ահավոր ցածր են. նույնիսկ չորս տոկոս աճը՝ հաշվի առնելով 2009թ. 15 տոկոս անկումը, չափազանց ցածր ցուցանիշ է: Ի դեպ, Հայաստանի տնտեսության վերաբերյալ «Ֆորբսի» գնահատականը կառուցված էր հենց այս մեկ փաստի հիմքով, ինչի կապակցությամբ մեր կառավարությունը, չգիտես ինչու, նման բողոքով արձագանքեց:
Փաստ է, որ այսօր մեր կառավարությունում գերիշխում է Կենտրոնական բանկի տրամաբանությունը: Հասկանալի է, թե ինչու: Կենտրոնական բանկից կառավարություն տեղափոխվածները պետք է կարողանան նաեւ մտովի տեղափոխվել: Թեկուզ եւ ուշացումով, բայց պետք է փոխել այդ մտածողությունը, տնտեսական փիլիսոփայությունը ու նաեւ՝ աշխատաոճը: Թիրախը պետք է լինի տնտեսական աճը, եւ ամեն ինչ պետք է ուղղել դրա իրականացմանը: Այլ կերպ ասած՝ պետք է անել այսօր ճիշտ հակառակը այն ամենի, ինչ անում է կառավարությունը:
Առաջին. պետք է բյուջեն կատարել ի հաշիվ ստվերային տնտեսության, այլ ոչ թե՝ ի հաշիվ փոքր եւ միջին բիզնեսի: Ստվերը բերելով օրինական հարկային դաշտ՝ հնարավոր կլինի նույնիսկ թեթեւացնել փոքր եւ միջին հարկատուների բեռը:
Այսօր Հայաստանում առկա է ստվերային տնտեսության երեք տեսակ. ստվեր, որի մասին տեղյակ չէ նույնիսկ կառավարությունը: Երկրորդ՝ ստվեր, որի մասին տեղյակ է կառավարությունը, սակայն հարկային գերատեսչության ցուցակներում դրանք գոյություն չունեն, եւ երրորդ՝ պաշտոնապես գործող, հարկային ցուցակներում առկա այն բիզնեսները, Հայաստանի խոշորագույն բիզնեսները ներառյալ, որոնք իրենց շահույթի մի մասը թողնում են ստվերում:
Հայաստանում հարկային հավաքագրումը ՀՆԱ-ի համեմատությամբ ամենացածրերից է աշխարհում: Մեզ նման երկրների համար նախատեսված է, որ հարկային մուտքեր-ՀՆԱ հարաբերակցությունը լինի առնվազն 25 տոկոս: Հայաստանում այդ թիվը, լավագույն դեպքում, կազմում է 17 տոկոս: Ուստի, եթե կառավարությունը ջանքեր գործադրի եւ կարողանա ստվերի առնվազն կեսը տեղափոխել օրինական հարկային դաշտ, ապա մենք ոչ միայն կկարողանանք հասնել 25 տոկոս հարաբերակցությանը, այլեւ կկարողանանք առավել նպաստավոր հարկային պայմաններ ստեղծել փոքր եւ միջին բիզնեսի համար:
Երկրորդ. ճգնաժամային պայմաններում պետք է իրականացնել առավել ընդլայնված դրամավարկային քաղաքականություն, հնարավորինս իջեցնել պետության կողմից նախանշվող վարկային տոկոսադրույքները:
Երրորդ. պետք է թույլ տալ, որ դրամը գտնի իր բնական փոխարժեքը, ինչը նշանակում է, որ, ինչպես պնդում է Արժույթի միջազգային հիմնադրամը, դրամը արժեզրկվի առնվազն 15-20 տոկոսով: Նման արժեզրկումը կարող է բազմակի դրական ազդեցություն ունենալ մեր տնտեսության վրա:
Նախ, դրսից եկող դրամական փոխանցումները՝ տրանսֆերտները, կունենան դրամային առավել մեծ արժեք, ինչը կբարձրացնի երկրի բնակչության գնողունակությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի պահանջարկի բարձրացմանը՝ խթանելով տնտեսական աճը: Բացի այդ, դրամի արժեզրկումը կնպաստի ազգային արտադրանքի մրցունակությանը միջազգային շուկայում: Եվ վերջապես, դրսի ներդրողների համար առավել բարենպաստ պայմաններ կառաջանան աշխատատեղեր ստեղծելու եւ տնտեսական զարգացմանը նպաստելու առումով:
Իրավամբ, Հայաստանի առաջ այսօր ծառացած խնդիրը տնտեսության անկումն է, աղքատության մեծացումը, որի հետեւանքով նաեւ՝ արտագաղթի տեմպերի աճը: 2008թ. Հայաստանի բյուջեն երեք միլիարդ դոլարից ավելի էր, իսկ տարեկան ՀՆԱ-ն մոտենում էր 10 միլիարդի: Չորս տարի անց Հայաստանի բյուջեն գրեթե նույնն է, իսկ ՀՆԱ-ն՝ ավելի նվազ, քան երեք տարի առաջ: Այս նույն ժամանակահատվածում մեր հարեւանները, անցնելով միջազգային նույն ճգնաժամի միջով, շարունակել են տնտեսական աճ ապահովել: Այսօր մենք ոչ միայն հետ ենք մնում մեր հարեւաններից, այլեւ մենք՝ մեզանից: