Եթե ՀԱԿ-ական չես, ուրեմն քաղբանտարկյալ չես
Այսօր, հուլիսի 30-ին, Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում տեղի է ունենալու «Քաղբանտարկյալներ» նորաստեղծ հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովը: Epress.am-ի մատուցմամբ, ՀԱԿ ներկայացուցիչ, ՀԺ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ասել է, թե կազմակերպության հիմնական խնդիրներից մեկը լինելու է քաղբանտարկյալների արդարացման հարցը, եւ նրա գործունեությունը պետք է ուղղված լինի Եվրոպական դատարանում հաղթելուն (թե դա ինչպես են պատկերացնում կազմակերպությունում՝ դժվար է միանշանակ ասել-Ն. Մ.), ինչպես նաեւ նոր հանգամանքների բերումով ՀՀ դատարաններում նոր դատավարություններ սկսելուն: Ենթադրվում է, որ նոր կազմակերպությանն անդամակցելու են «Մարտի 1»-ի գործով բոլոր նախկին քաղբանտարկյալները: Համենայնդեպս, նման կարծիք է հայտնել «Հայաստանի քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» համանախագահ, «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
«Առավոտը» փորձեց ճշտել, թե ո՞ւմ նախաձեռնությունն է սա, եւ արդյոք այս նոր կազմակերպությունը փոխարինելո՞ւ, թե՞ համագործակցելու է քաղբանտարկյալների ու հալածյալների՝ արդեն գոյություն ունեցող Կոմիտեի հետ, որն անցած երեք տարիներին քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ առավել քան ակտիվ գործունեություն էր ծավալում:
Առաջինը, ինչ պարզեցինք, այն էր, որ քաղբանտարկյալների մի մասն ընդհանրապես տեղյակ չէր այս նախաձեռնությունից, մի մասն էլ պատկերացում չուներ, թե ով է դրա հեղինակը: Բայց ամեն ինչ՝ հերթով:
«Նախաձեռնությունը քաղբանտարկյալներինն է, եւ, կարծում եմ, շատ նորմալ նախաձեռնություն է, բայց կազմակերպության անելիքների մասին ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է Վարդան Հարությունյանը՝ հավելելով, որ ինքը «Մարտի 1»-ի գործով քաղբանտարկյալ չի եղել ու կազմակերպությանը չի անդամակցի: «Առավոտի» հետ զրույցում նա ասաց, որ եթե այդ հ/կ-ն ստեղծվի՝ ինքը մեծ ուրախությամբ իր համակարգած Կոմիտեն լուծարված կամ նորի իրավահաջորդ կհայտարարի, որովհետեւ այն այլեւս անելիք չի ունենա, եւ նրա ունեցած ռեսուրսները կփոխանցի այդ նոր կազմակերպությանը:
Մենք զրուցեցինք նաեւ նախկին քաղբանտարկյալներ, արցախյան ազատամարտի մասնակից, «Արաբկիր» ջոկատի հրամանատար Հովհաննես Հարությունյանի եւ Վարդգես Գասպարիի հետ: Վերջիններս կոնկրետ նախաձեռնողի մասին տեղյակ չէին, միայն ասացին, թե իրենց դրա մասին տեղեկացրել է ՀԱԿ իրավական հարցերի հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը: Վ. Գասպարիից հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով, ի՞նչ է անելու այս նոր կազմակերպությունը, որը չէր կարող անել արդեն գոյություն ունեցող Կոմիտեն, որի անդամն է նաեւ ինքը: Վերջինս անկեղծորեն ասաց, թե իր համար անհասկանալի է՝ այդ Կոմիտեն գոյություն ունի՞, թե՞ չունի. «Ես առաջարկել էի այսօր (հուլիսի 29-ին) Կոմիտեի նիստ հրավիրել՝ որոշակի հարցեր քննարկելու համար, բայց հանդիպումը չկայացավ, որովհետեւ ներկաներ չկային, թեեւ բոլորին տեղյակ էի պահել»: Վ. Գասպարիի ասելով, իրեն նոր կազմակերպության ստեղծումը բացատրվել է պետական գրանցում՝ կնիք եւ այլ ատրիբուտներ, ունենալու անհրաժեշտությամբ եւ այդպիսով նաեւ՝ կազմակերպության գործունեության թափանցիկությամբ, ինչին ինքը, իհարկե, կողմ է:
Մենք, թերեւս, սահմանափակվեինք միայն այս նոր կազմակերպության ստեղծման փաստն արձանագրելով, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս նոր կազմակերպությունը գուցե թե շատ ազնիվ նպատակներ է հետապնդում, բայց ՀԱԿ-ում այս դեպքում էլ են որոշակիորեն անազնիվ ու անարդար: Այսպես, պարզվեց, որ հակառակ հնչեցված կարծիքների, «Մարտի 1»-ի գործով ոչ բոլոր քաղբանտարկյալներն են, որ կանդամակցեն այս կազմակերպությանը: Այդպես որոշել են Կոնգրեսում: Բանն այն է, որ քաղբանտարկյալների մի մասը տեղյակ չէր ոչ միայն այսօր կայանալիք հիմնադիր ժողովի, այլեւ ընդհանրապես կազմակերպություն ստեղծելու նախաձեռնությանը: Խոսքը տվյալ դեպքում ՀԱԿ-ից ու ՀՀՇ-ից հեռացած, բայց մարտիմեկյան գործերով նախկին քաղկալանավորների ու քաղբանտարկյալների մասին է, այդ թվում՝ Դավիթ Առաքելյանի, Հովհաննես Ղազարյանի, Մասիս Այվազյանի, «Յոթի» գործով՝ Ալեքսանդր Արզումանյանի ու Սուրեն Սիրունյանի: Ի դեպ, վերջինս նման հ/կ ստեղծելու մասին իմացավ միայն մեզնից ու նկատեց. «Եթե էս մարդիկ տեղյակ չեն ու չեն հրավիրվել այդ կազմակերպության ժողովին, եւ եթե մենք քաղբանտարկյալներ չենք, նշանակում է՝ «Մարտի 1»-ի իսկական կազմակերպիչն ու հանցագործները մենք ենք, էլ թող ուրիշ տեղ հանցագործներ չփնտրեն»: Հիշեցնենք, որ վերջերս ՀԱԿ-ը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, Գառնիում քաղբանտարկյալների հետ հավաք-խնջույք էր կազմակերպել, որին հիշյալ մարդիկ եւս չէին հրավիրվել: