ՍԴ անդամ, պրոֆեսոր Ֆելիքս Թոխյանը վստահ է, որ որոշ բաներ հարկ է փոխել երկրի գլխավոր օրենքում
– Տարբեր քաղաքական ուժեր այսօր տարբեր առաջարկներով են հանդես գալիս, մասնավորապես՝ ոմանք առաջարկում են փոխել «Ընտրական օրենսգիրքը», ուրիշները հրատապ են համարում Սահմանադրության փոփոխությունները: Դատելով այն իրողությունից, որ նախընտրական տարում ենք գտնվում, եւ լարվածությունը հետզհետե թեժանալու է, Ձեր կարծիքով՝ այսօր ուրիշ դարդուցավ չկա՞ եւ երջանիկ լինելու համար հարկավոր է փոխե՞լ Սահմանադրությունը: Որքանո՞վ են արդիական այս պահանջները:
– Միանգամից ասեմ, որ ես կողմնակից եմ լոկալ սահմանադրական բարեփոխումների. այս գաղափարը դեռ անցած տարի եմ հրապարակավ հայտնել: Մասնագետներից ոմանք եւս կողմնակից են այս գաղափարին, ոմանք վերապահումներ ունեն, հաշվի առնելով, որ սահմանադրական բարեփոխումների փոխարեն կարելի է խնդիրների լուծման որոշակի միջոցներ գտնել Սահմանադրական դատարանի միջոցով, բայց ես վստահ եմ, որ, այո, այսօր կետային սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա: Նաեւ՝ ձեր նշած այսօրվա մեր բոլոր դարդուցավերի հիմքն այն է, որ մենք չունենք շատ հարցերի սահմանադրական արդի լուծումներ կամ էլ ունենք, բայց դրանք, հակառակը՝ խոչընդոտում են մեր զարգացմանը:
– Սահմանադրությունը երկու անգամ է փոփոխվել, Ձեր կարծիքով՝ ո՞ր կետերն են, որ եթե ճիշտ փոփոխվեին, այսօր քիչ հարցեր կառաջանային:
– Նախ պետք է ասեմ, որ, իմ համոզմամբ, ժամանակին ոչ քաղաքական իշխանության եւ ոչ էլ ընդդիմության կողմից այնքան էլ չարժեւորվեցին 2003 թվականի հանրաքվեի հետեւանքները: Ես պատիվ եմ ունեցել մասնակցելու 2003-ի Սահմանադրության նախագծի մշակմանը՝ որպես նախագահին առընթեր սահմանադրական հանձնաժողովի եւ անդամ, եւ փորձագիտական խմբի ղեկավար, այն տարբերակը, որ մշակվել էր 1998-2002-ին, ամենալավն էր, եւ դա ստացավ Վենետիկի հանձնաժողովի ամենաբարձր գնահատականը: Ցավոք, հետագայում, արդեն ԱԺ-ում, այդ տարբերակը որոշ փոփոխությունների ենթարկվեց, նրա, այսպես ասեմ՝ ժողովրդավարական պոտենցիալը նվազեց, բայց, բոլոր դեպքերում, դա շատ ավելի արդիական էր, շատ ավելի բարվոք վիճակում էր գտնվում, քան այն, ինչ ընդունվեց 2005-ին: Ես մի քանի անգամ իմ անձնական կարծիքն եմ հայտնել, որ 2003-ից հետո ինչ-ինչ պատճառներով՝ եւ արտաքին, եւ ներքին, այն ժամանակվա ղեկավարությունը գերադասեց երկրի կառավարելիությունը ժողովրդավարության խորացման խնդրից: Ըստ էության, այդ ժամանակ ժողովրդավարության խորացման խնդիրը ավելի ոչ հրատապ համարվեց, քան երկրի կառավարելիությունը:
Եվ դա բերեց փաստացի սահմանադրական ամրագրումների: Սա վերաբերում է եւ Երեւանի քաղաքապետի ոչ ուղղակի ընտրության խնդրին, եւ մարզպետների նշանակմանը, եւ այսօրվա վարչատարածքային բաժանմանը, եւ ՏԻ, մեղմ ասած, անլիարժեք վիճակին: Եթե ճիշտ խոսենք, մենք տեղական ինքնակառավարման համակարգը դեռ կայացնում ենք, 1996-ից այս կողմ դեռ կայացնում ենք, 15 տարի կայացնում ենք՝ ո՛չ զարգացման մասին կարող ենք խոսել, ո՛չ արդիականացման: Իսկ այսօր երկրի զարգացման տեսակետից երկու խնդիր կա լուծելու. հաշվի առնելով եւ ներքին, եւ արտաքին մարտահրավերները՝ այդ երկու հարցերը պետք է լուծվեն, իսկ առանց սահմանադրական բարեփոխումների թռիչքային, որակական առաջադիմություն չենք կարող ունենալ:
– Այդ ո՞ր հարցերն են, որոնք ըստ Ձեզ՝ խոչընդոտում են մեր որակական առաջընթացին:
– Առաջինը, որ մենք լիարժեք չլուծեցինք, դատական իշխանության անկախության խնդիրն է: Ճիշտ է, մենք շատ բան արեցինք, բայց բազիսային նորմերը, որ նշված էին 1995-ի Սահմանադրության մեջ, այնքան վատն էին, այնքան ոչ ժողովրդավարական սկզբունքներ եւ մոտեցումներ կային, որ դրանից մի քայլ առաջը այնքան էլ էական ազդեցություն չունեցավ: Եվ այսօր բավականին լուրջ է դրված, որ երկրի տնտեսական եւ ընդհանրապես՝ առաջընթացը անմիջականորեն կապված է դատական իշխանության անկախության հետ: Եվ երկրի նախագահն արդեն մի քանի անգամ պատասխանատու անձանց հետ խորհրդակցության ժամանակ բարձրացնում է այս հարցը՝ այո, առաջընթաց կա, այո, բարեփոխումներ կատարվում են, բայց ամենախոշոր հարցը՝ դատարանների նկատմամբ վստահության խնդիրը, մնում է նույն մակարդակի։ Եվ երկրորդը, ես նորից եմ պնդում՝ ՏԻՄ կոնցեպցիայի վերանայումն է: Մեր շարքային քաղաքացին իրեն ապահով եւ պաշտպանված պետք է զգա այնտեղ, որտեղ բնակվում է: Քաղաքացին պետք է իր համայնքում ունենա բարեկեցիկ կյանք, լինի պաշտպանված, իսկ այդ հարցերի լուծումը պետք է առաջին հերթին կապված լինի տվյալ համայնքի իշխանության հետ:
– Դուք կարծում եք՝ այսօր հրատա՞պ են այդ հարցերը:
– Այսօր առաջին անգամ ընթանում է իշխանություն-ընդդիմություն լուրջ երկխոսություն, եւ դա ողջունելի պրոցես է, որը կարող է նպաստել սահմանադրական բարեփոխումների հաջողությանը: Որովհետեւ դուք գիտեք՝ եւ 1995-ի, եւ 2005-ի սահմանադրական փոփոխությունները կատարվել են քաղաքական բացարձակ անհանդուրժողականության պայմաններում, երբ ընդդիմությունը բոյկոտում էր այդ կարեւորագույն քաղաքական գործընթացը: Այսօր, փառք Աստծո, կարելի է ողջունել այս գործընթացը, որը կարող է նաեւ նպաստել, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ կարողանան գալ որոշակի լուծումների, քանի որ դա մեր ժողովրդին կարող է շատ օգտակար լինել: Կարծում եմ՝ կարելի է դա սկսել խորհրդարանական ընտրությունների հետ եւ մի երեք տարում հանգիստ ավարտել: