Բժիշկները վստահեցնում են, որ կնոջ կուրծքը չի կարելի կծել, ամուր սեղմել, ցավեցնել
Կրծքի ցավերի դեպքում պետք չէ պանիկայի մեջ ընկնել, բայց պետք էլ չէ այն անտեսել: Այդ ցավերը կարող են զանազան պատճառներ ունենալ եւ ամենեւին էլ լուրջ խնդիրներ չլինել: Կրծքի ցավի ամենատարածված պատճառը հորմոնալ ֆոնի փոփոխությունն է դաշտանային ցիկլի ընթացքում: Մասնագետները վստահեցնում են, եթե դաշտանից առաջ կրծքի ցավեր են լինում եւ դաշտանի հենց սկզբում այն ավարտվում է, ուրեմն ամեն ինչ կարգին է: Մեզ հետ զրույցում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը խորհուրդ է տալիս այդ օրերին օգտագործել հատուկ քսուքներ, ու թեթեւ տանել դաշտանային ֆոնով սկսված կրծքի ցավերը:
Իսկ այ, եթե կանայք անկանոն սեռական կյանք են ունենում կամ, մեղմ ասած՝ սեքսի պակաս, ապա կուրծքը «անհանգիստ է» լինում եւ ցավում է: Խաչանուշ Հակոբյանի խոսքերով՝ «Եթե ասենք՝ սեքսով շատ զբաղվեք եւ խնդիրներ չեն լինի կամ քաղցկեղ ընդհանրապես չի լինի, այնքան էլ ճիշտ չէ: Պարզապես, եթե կին եք ստեղծվել, ապա պարտավոր եք իրականացնել կնոջը տրված ֆունկցիաները. սեռական կյանքով ապրել, երեխա ունենալ, կերակրել: Կարեւոր է, որ ճիշտ ժամանակին դաշտանը սկսի եւ ավարտվի, մի խոսքով, այս բոլոր ֆունկցիաներից մեկն ու մեկի շեղման դեպքում արդեն հնարավոր է լուրջ խնդիրներ առաջանան»: Մասնագետի ներկայացմամբ՝ պետք չէ զսպել սեռական ցանկությունները եւ սեքսից խուսափել, քանի որ սեքսի ժամանակ օրգանիզմում հորմոնները կարգավորվում են, իսկ եթե հորմոնները կարգին են, ապա խնդիրներ էլ շատ հազվադեպ են լինում:
Մասնագետները հորդորում են տղամարդկանց, որքան էլ որ նրանց ցանկությունն ու կիրքը թելադրում է կնոջ կուրծքը կծել, ամուր սեղմել կամ տրորել՝ մի քիչ մեղմ լինել: Խ. Հակոբյանի խոսքերով՝ «Ցանկալի չէ կրծքագեղձերը կոպիտ սեղմել. կուրծքը գեղձերի ամբողջականություն է, եւ պետք է զգույշ վարվել: Կծելը, ցավեցնելով սեղմելը առաջացնում են տրավմաներ, սրանք էլ հանգեցնում են լուրջ հիվանդությունների: Չնայած դա կախված է նաեւ կնոջ օրգանզիմից: Եթե ընդհանուր վերցնենք, ապա մարմնավաճառները պետք է քաղցկեղ ունենան, բայց քանի որ նրանք ակտիվ սեռական կյանք են ունենում, նրանց հորմոնները կարելի է ասել նորմալ են ու խնդիրներ քիչ են ունենում»: Մասնագետի դիտարկմամբ, հակառակ սրան, հնարավոր է նաեւ ամուսնացած կինը, որը սեքսի առումով անտեսված է ամուսնու կողմից, մի քանի անգամ կրծքի հետ կոպիտ վարվեն՝ մոտ ապագայում կրծքագեղձի խնդիրներ ձեռք բերի:
Շատ կարեւոր է ճիշտ կրծկալ ընտրել: Կրծկալը չպետք է շատ սեղմի կուրծքը եւ չպետք է նաեւ շատ թույլ լինի: Մասնագետների վստահեցմամբ, շատ կարեւոր է, խուսափել տրանսպորտում պարբերաբար «թափահարվելուց» եւ շատ թույլ հագուստներ կրելուց: Քիչ կանայք են տեղյակ, որ սխալ ընտրված «անտիպերսպիրանտները» եւս վտանգավոր են կրծքի համար: Խ. Հակոբյանի ներկայացմամբ՝ «անտիպերսպիրանտը», որը հարմար չէ ձեր օրգանիզմին, կարող է խցանել քրտնագեղձերը, իսկ դրանից էլ կրծքագեղձի խնդիր կառաջանա: Այդ քսուքն ընտրելիս պետք է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ մի «անտիպերսպիրանտը» կարող է մեկին վնասել, մյուսին՝ ոչ:
Չնայած կնոջ կուրծքը, փաստորեն, շատ «թշնամիներ» ունի, բայց առաջիններից մեկը գենետիկան է, ապա երկարատեւ ու դաժան սթրեսը, չափից ավելի գիրանալն ու անգամ մաշկի գույնը: Պարզվում է, սեւամորթները կրծքի քաղցկեղով գրեթե չեն հիվանդանում:
Տիկին Հակոբյանի ներկայացմամբ՝ կրծքագեղձի առողջությունը պահպանելու համար առողջ ապրելակերպ է պետք. «Սնունդը պետք է կարգավորված լինի. օրը 4 անգամ, բայց քիչ-քիչ սնվել, շատ միս չօգտագործել, ալկոհոլն ու սուրճը չչարաշահել, շոկոլադ քիչ ուտել եւ ընդհանրապես գրգռիչ սննդից էլ խուսափել՝ շատ բանջարեղեն ուտել եւ չծխել»: Նույնիսկ արեւի ճառագայթները կարող են կրծքի քաղցկեղ առաջացնել: Մասնագետի խոսքերով՝ կրծքի թեթեւ խնդիրների դեպքում արգելված է արեւային լոգանք ընդունել, քանի որ արեւի տակ մնալով՝ այդ թեթեւակի խնդիրները լրջանում են. «Մենք հիվանդ ունեինք, որը կրծքագեղձի թեթեւ խնդիր ուներ, որքան էլ արգելեցինք արեւի տակ մնալը, միեւնույն է՝ նա մեզ չլսեց, գնաց ծով, «զագար» ընդունեց ու մեկ տարի հետո քաղցկեղով հիվանդացավ: Իհարկե, նաեւ մեծ նշանակություն ունի այն, թե կինը հակվածություն ունի՞ նման հիվանդությունների, թե՝ ոչ»: Մասնագետի խոսքերով՝ երբ սկսվում է ձեւավորվել կրծքագեղձը, անհրաժեշտ է պարբերաբար ինքնազննում անել, իսկ ճիշտ ինքնազննման համար մասնագիտական բուկլետներ են բաժանվում կենտրոնի կողմից, որին հետեւելով՝ կարելի է գեղեցիկ եւ առողջ կուրծք ունենալ: Իսկ 35-40 տարեկանից հետո, անկախ նրանից, կուրծքը ցավում է, թե ոչ, տարին մեկ անգամ պետք է բժշկի մոտ հետազոտվել՝ հետագա խնդիրները կանխելու համար: