ԱՄՆ Պետքարտուղարությունը հուլիսի 27-ին վիզային սահմանափակումներ է մտցրել ավելի քան 60 ռուս չինովնիկների հանդեպ, ովքեր ուղղակի կամ անուղղակի կերպով կապված են Սերգեյ Մագնիտսկիի աղմկոտ գործի հետ։ Այդ մասին հաղորդում է news.am-ը:
Սերգեյ Մագնիտսկին ռուս հայտնի փաստաբան է, ով կալանավայրում մահացել էր 2009 թվականի աշնանը: Նա կալանավորվել էր Hermitage Capital հիմնադրամին հարկեր վճարելուց խուսափելու կասկածանքով։ Lenta.ru-ն ներկայացնում է փաստաբանի ընկերների եւ բարեկամների կարծիքներն այն մասին, որ նրան կալանքի տակ պահել են այն բանի համար, որ Մագնիտսկին բացահայտել էր Hermitage-ի դուստր ձեռնարկությունների խարդախությունները։
Մագնիտսկիի գործով հետաքննությունը չի ավարտվել, 2011 թվականի հուլիսին Մագնիտսկիի մահվան գործով քրեական գործեր են հարուցվել «Բուտիրկա» կալանավայրի երկու աշխատակիցների նկատմամբ։
Միաժամանակ, ամերիկացի որոշ սենատորներ եւ կոնգրեսականներ կարծում են, որ ռուսաստանյան իշխանությունները ոչ բավարար մանրամասնությամբ են հետաքննում փաստաբանի մահվան գործը։ Այդ հիմնավորմամբ էլ առաջարկ է հնչեցվել արգելել ռուս որոշ չինովնիկների մուտքն ԱՄՆ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Այս հողի վրա Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները սկսել են լարվել։ Հուլիսի 28-ին պարզ է դարձել, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ԱԳՆ-ին հանձնարարել է պատասխան քայլեր ձեռնարկել. մասնավորապես՝ կազմել ԱՄՆ այն քաղաքացիների ցուցակը, որոնց մուտքը Ռուսաստան՝ արգելված կլինի։