Երկօրյա ճգնաժամը, որի համար պատճառ էր դարձել Կոսովոյի ոստիկանության «Ռոսա» հատուկ ջոկատի փորձը՝ գրավել Սերբիայի կենտրոնական հատվածի հետ շփման վարչական գծում տեղակայված պարեկապահակային անցակետը, վերածվել է բռնությունների ու բախումների: Ավելի քան 10 մարդ՝ դիմակներով եւ արեւային ակնոցներով, որոնք ենթադրաբար ազգությամբ սերբեր են եղել, «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել Յարինիե բնակավայրի ՊՊԱ-ի վրա, որն ավելի վաղ իրենց վերահսկողության տակ էին առել ալբանացի ոստիկանները:
Դյուրավառ հեղուկով շշեր էին նետվել նաեւ Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի մոտակա հենակետի տարածք: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի փոխանցմամբ, Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը հինգշաբթի օրը դատապարտել է Կոսովոյի հյուսիսում կրքերը բորբոքելու փորձերը եւ բոլոր կողմերին կոչ է արել՝ ձեռնպահ մնալ բռնություններ գործադրելուց: Նա մասնավորապես կոչ է արել բոլոր սերբերին, որոնք ապրում են Կոսովոյի ինքնավար մարզում եւ Մետոխիայում, «զսպվածություն, պատասխանատվություն դրսեւորել եւ խաղաղություն պահպանել»:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին մարզի տարածքում հարձակման էր ենթարկվել սերբական ՏԱՆՅուԳ գործակալության միկրոավտոբուսը: Խորվաթիայի պաշտպանության նախարարության տվյալներով, արդեն հինգշաբթի օրը գնդակոծվել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի կազմում իր ռազմաօդային ուժերի ուղղաթիռը:
Սերբիան խնդրել է Կոսովոյում եւ Մետոխիայում ստեղծված իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել: Առաջարկն ընդունվել է, թեեւ ավելի վաղ Գերմանիան, որը նախագահում է ԱԽ-ում, հայտարարել է այս հարցով «փակ խորհրդակցություններ» անցկացնելու մասին:
Ընդսմին, Կոսովոյի վարչապետ Խաշիմ Տաչին անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրել է «Կոսովոյում զուգահեռ գործող սերբական կառույցներին եւ պաշտոնական Բելգրադին»: