Կատվի ընդամենը երկու ամսական ձագուկը լվացքի մեքենայում մեկժամյա ռեժիմով լվացքից հետո կենդանի է մնացել: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Պրինցեսա անունով կատվի տերը՝ շոտլանդական Աբերդին քաղաքի բնակիչ Սյուզան Գորդոնը, սպիտակեղենը լվացքի մեքենայում տեղավորելիս չի նկատել, թե ինչպես է իր կենդանին այնտեղ մտել: Նա ուղղակի փակել է մեքենայի դուռը, լցրել է լվացքի փոշին ու սեղմել մեկժամյա ռեժիմի կոճակը:
Տանտիկինը սարսափահար է եղել, երբ սպիտակեղենի կույտում նկատել է իր թրջված Պրինցեսային: Սյուզան Գորդոնը կենդանուն անմիջապես անասնաբույժի մոտ է տարել: Բարեբախտաբար, բժիշկը կատվի մոտ, բացի քթի արյունահոսումից եւ աչքերի բորբոքումից, այլ լուրջ վնասվածքներ չի հայտնաբերել: Այդուհանդերձ, կատվի ձագը երեք օր անցկացրել է հիվանդանոցում: Ասում են՝ կենդանին հիմա «իրեն լավ է զգում»: