Հինգշաբթի օրը Հարավային Կորեայում սողանքների զոհ դարձածների թիվը հասել է 47-ի, եւս 24 մարդ վնասվածքներ է ստացել: Այդ մասին հաղորդում է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ին: Փլուզումների վերացումն ու անհետ կորածների որոնումները դժվարացել են, քանի որ ցեխահոսքում, որը գալիս է Սեուլին մոտ գտնվող լեռներից, հայտնաբերվում են հակահետեւակային ականներ:
Առաջին սողանքների պատճառ էին դարձել չորեքշաբթի գիշերը Սեուլից 100 կմ հեռավորությամբ գտնվող Չխունչխոն քաղաքում տեղացած հորդառատ անձրեւները: Միայն այս քաղաքում զոհվել է 13 մարդ՝ մեծմասամբ ուսանողներ, որոնք ամառային արձակուրդներին աշխատանքի են անցած եղել քաղաքի առողջարանում:
Կորեական իշխանություններին ավելի շատ անհանգստացնում է Վիմյոն սարից հոսող սողանքը, որի արդյունքում 16 մարդ զոհվել է եւ 4-ը՝ անհետ կորել:
Չնայած վտանգավորության բարձր աստիճանին՝ սողանքի շրջանում կենտրոնացվել է 5 հազար փրկարար, զինծառայող եւ ոստիկան, որոնք փորձում են գտնել անհետ կորածներին եւ բնակավայրերում փլատակները հավաքելու եւ կեղտը մաքրելու աշխատանքներ են իրականացնում:
Չորեքշաբթի օրը Սեուլում տեղումների մակարդակը հասել է 440 մմ-ի, մայրաքաղաքի փողոցներով կեղտաջրեր են հոսել: Հաղորդվում է մետրոյի որոշ կայարանների ջրասույզ լինելու մասին:
Հիդրոտեխնիկների տվյալներով, Սեուլից արեւելք գտնվող ջրամբարից ջրի արտահոսք է տեղի ունենում, որի արագությունը հասնում է վայրկյանում մոտ 16,5 տոննայի: Օդերեւութաբանները զգուշացնում են, որ մինչեւ ուրբաթ երկրի հյուսիսում, որտեղ գտնվում է մայրաքաղաք Սեուլը, պետք է սպասել առնվազն 250 մմ տեղումներ: