Մամուլում շրջանառվում էր մի լուր, թե տեւական ժամանակ է՝ լարված են Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հարաբերությունները։ Ըստ նույն աղբյուրի, Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Վրաստանի պատրիարք Իլյա Բ-ի միջեւ Վրաստանում ԶԼՄ-ների համար չնախատեսված զրույցի տեսագրության արտահոսքը կազմակերպել է Նավասարդ արքեպիսկոպոսը՝ շատ լավ իմանալով դրանից հետո հանրության արձագանքը Վեհափառի անձի հանդեպ։ «Առավոտը» այս առիթով մեկնաբանություն խնդրեց Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից, որը եւ փախանցեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետեւյալ արձագանքը. «Ողջախոհ որեւէ մեկին ասելիք չունեմ: Խոսքս վերաբերվում է միայն ծայրաստիճան դյուրահավատներին. դա պարզապես անորակ հեքիաթ է: Եկեղեցում եւ եկեղեցականների մեջ նման երեւույթներ տեղ չունեն: Եկեղեցին մեկ ամբողջություն է իր նվիրապետությամբ՝ ի գլուխ ունենալով Ամենայն հայոց հայրապետին»:
Սրբազանի հետ հարցազրույցը՝ առաջիկայում: