Լրահոս
Օրվա լրահոսը

Գրքի մայրաքաղաք՝ առանց գրախանութների

Հուլիս 29,2011 00:00

\"\"Երեւանի քաղաքապետարանն ու «Էդիտ Պրինտը» ուզում են աշխուժացնել ընթերցանությունը

«Երեւան 2012՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառման շրջանակներում Երեւանի քաղաքապետարանը կազմակերպել է լայնածավալ եւ բազմաբովանդակ միջոցառումների շղթա: Լրագրողների հետ հանդիպմանը երեկ այդ մասին ասաց քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Միջոցառումներից մեկն էլ «Էդիտ Պրինտ» հրատարակչության եւ քաղաքապետարանի հայտարարած «Ժամանակ մի՛ կորցրու, կարդա» նշանաբանով ընթերցանության հանրապետական 1-ին մրցույթն է, որը տեղի կունենա 2011թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2012թ. փետրվարի 19-ը: «Այս ամսաթվերը խորհրդանշական են՝ սեպտեմբերի 1-ը Գիտելիքների օրն է, փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան եւ գիրք նվիրելու օրը: Մրցույթի հիմնական նպատակը մանկապատանեկան ընթերցանության զարգացման խթանումը, ընթերցանության վերականգնումը, ինչպես նաեւ դպրոցականին դեպի գիրք վերադարձնելն է»,- ասում է տիկին Սողոմոնյանը: «Էդիտ Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանն էլ ներկայացրեց մրցույթի պայմանները: Ըստ նրա՝ մրցույթն անցկացվելու է տարիքային 2 խմբի՝ 2-4-րդ եւ 5-7-րդ դասարանների աշակերտների միջեւ: Ունենալու է երկու ուղղվածություն՝ պոեզիա եւ արձակ, ընթանալու է 3 փուլով՝ ընտրական, կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ: Մրցույթին մասնակցող երեխաները պետք է կարդան հրատարակչության առաջարկած գրքերը, հետո դրանցից մեկի վերաբերյալ անեն իրենց նկատառումները եւ մինչեւ սեպտեմբերի 20-ը փոստային ծառայությունների միջոցով ուղարկեն մրցույթի հանձնախմբին, որն էլ կորոշի հաջորդ փուլ անցածներին: Պարոն Մկրտչյանը, ով նաեւ Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահն է, ներկայացրեց, որ արդեն 2 տարի միջոցառումներ են անցկացվում տարբեր մարզերում, նաեւ դրսում՝ Պեկին, Մոսկվա, Ֆրանկֆուրտ: «Եկող տարի մենք շատ միջոցառումներ ունենք»,- ասաց նա:
«Առավոտը» Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին հարցրեց՝ ի՞նչ է մտածում այն մասին, որ գրքի մայրաքաղաք հայտարարված Երեւանը չունի գրախանութներ: «Ձեր տված հարցը մտահոգում է քաղաքապետարանին: Քաղաքապետը հանձնարարական է տվել, արդեն երկու ամիս այդ խնդրի շուրջ քննարկումներ են գնում, դեռեւս որոշումներ չկան, բայց որ կուրախանաք՝ տեսնելով այդ հարցի լուծման եզրերը, ես ձեզ հավատացնում եմ»,- ասաց տիկին Սողոմոնյանը, իսկ Մկրտիչ Կարապետյանն էլ իր կողմից ավելացրեց. «Այս տեսակ միջոցառումների իմաստը հենց այն է, որ ավելանան գրախանութները»:
Լրագրողները նաեւ իրենց անհանգստությունը հայտնեցին, որ գրքերը թանկ են եւ ամեն ոք չի կարող իրեն թույլ տալ դրանք գնել: «Այս հարցի լուծման համար պետք է գրադարանները համալրվեն: Դրա համար պետությունը պետք է նաեւ քայլեր անի, որ գրքերը էժանանան: Եթե պետությունը թեթեւացնի հարկերը, գրքերի գները կիջնեն: Այս մրցույթի շրջանակներում շատ երեխաներ գրքեր կգնեն: Իսկ որքան շատ առնեն, այնքան տպաքանակը կմեծանա, որի շնորհիվ էլ գինը կիջնի»,- հավատացրեց Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել