Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԾԱԹ ԵՎ ՊԱՏՎՈԳՐԵՐ՝ ԱՄՍՏԵՐԴԱՄԻՑ

Հուլիս 29,2011 00:00

Հայաստանցի աշակերտները՝ միջազգային օլիմպիադայի մասին

\"\"
Օլիմպիադայի մասնակիցները՝ Արշակ Մինասյանը (ձախից),
Մհեր Մնացականյանը, Կիրակոս Գասպարյանը, Արտյոմ Քոսյանը, Արմեն Վարդանյանը եւ Դանիիլ Հայրապետյանը:

«Առավոտը» տեղեկացրել է հուլիսի 16-24-ը Ամստերդամում կայացած մաթեմատիկայի 52-րդ միջազգային օլիմպիադայի՝ IMO-2011 (International Mathematical Olympiad) մասին։ Նշել էինք, որ Հայաստանից Արմեն Վարդանյանն արժանացել է արծաթե մեդալի, այս օրերին նա Թաիլանդում մասնակցում է ինֆորմատիկայի օլիմպիադայի: Հայաստանյան թիմի մյուս անդամներից պատվոգրեր են ստացել Մհեր Մնացականյանը, Արտյոմ Քոսյանը եւ Արշակ Մինասյանը։ Նշենք, որ այս օլիմպիադան խոշորագույններից է, այս տարի մասնակցում էր շուրջ 600 երիտասարդ, որոնք մինչեւ 20 տարեկան էին: Օլիմպիադայի պայմաններից մեկն այն էր, որ մասնակիցները չլինեն որեւէ բուհի ուսանող:
Օլիմպիադայից վերադառնալուն պես տղաները հյուրընկալվեցին «Առավոտում» եւ որոշ մանրամասներ պատմեցին: Պարզվեց՝ նրանցից մեկը չի կարողացել մեկնել Ամստերդամ: Խոսքը Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Նարեկ Հովսեփյանի մասին է, ում մերժել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը, եւ զարմանալի է, որ ԿԳ նախարարությունը չի միջամտել:
Օլիմպիական պատվոգրի արժանացածներից Արշակ Մինասյանը սովորում է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանում: Ասում է՝ առաջին անգամ էր մասնակցում նման օլիմպիադայի. «Խնդիրները հեշտ չէին, սա եղած օլիմպիադաներից ամենադժվարն է աշխարհում: Մասնակցությունն անգամ կարեւոր է, որովհետեւ պետք է ծանոթանաս, որպեսզի իմանաս, թե հաջորդ անգամ ինչպես աշխատես»: Ինչպես նա, այնպես էլ մյուս մասնակիցները հայտնեցին, որ օլիմպիադայից առաջ իրենց պատրաստել են Նաիրի Սեդրակյանը, Տիգրան Մարգարյանն ու Կիրակոս Գասպարյանը:
Տղաները պատմեցին, որ օլիմպիադայից դուրս հաճույքով շփվել են արտերկրի իրենց հասակակիցների հետ, ուժերը փորձել ինտելեկտուալ խաղերում: Քոսյան Արտյոմը եւս Ֆիզմաթ դպրոցի սան է: Ասում է՝ գիտության գծով խորանալը լավ է, կարող ես նպաստել քո երկրի զարգացմանը՝ գիտությամբ: Այսօր աշխարհում կարեւորվում է գիտությունը: Ցանկացած մարդու էլ կրթությունը պետք է: Արտյոմը ցանկանում է սովորել Մասաչուսեթսի համալսարանում:
Դանիիլ Հայրապետյանը թիվ 29 ավագ դպրոցի 11-րդ դասարանի սան է, նա մասնակցել է օլիմպիադային, բայց պատվոգիր չի բերել, հույս ունի ավելի լավ հանդես գալ հաջորդ տարի: Ցանկանում է ընդունվել ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, ասում է՝ սովորելը սահմաններ չի ճանաչում, կարելի է Հայաստանում ապրել, բայց մեկ ուրիշ համալսարանում հեռավար կրթություն ստանալ:
Մհեր Մնացականյանը եւս Ա. Շահինյանի անվան դպրոցում է սովորում, մասնակցել է բազմաթիվ օլիմպիադաների, երազում է ընդունվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ: Նրա կարծիքով՝ «դրսում» մթնոլորտն այնպիսին է, որ քեզ մղում է սովորելու, իսկ Հայաստանում այնքան էլ այդպես չէ. «Օրինակ՝ Ամստերդամում այնպես չի, որ գնաս համալսարան ու տեսնես, որ մարդիկ պատի տակ ծխում են ու հենց սկզբից քեզ թասիբի գցում, որ չսովորես»: Արտյոմ Քոսյանն էլ նշում է, որ արտերկրում փոքր տարիքից տաղանդավոր երեխաները համընդհանուր ուշադրության կենտրոնում են: Ինչ վերաբերվում է Արշակ Մինասյանին, նա իր ընկերների նման, մի քանի այլ օլիմպիադաների է մասնակցել: Տղաները երազում են Բալկանյան երկրների օլիմպիադաներից էլ պատվով վերադառնալու մասին:
Դառնալով ամստերդամյան օլիմպիադային, նրանք ասացին, որ թիմային հաշվով առաջատարը Չինաստանն է եղել, իսկ իբրեւ անձ՝ ոսկե մեդալ է ստացել Գերմանիան ներկայացնող աշակերտուհին: Նա 5 տարի է՝ մասնակցում է IMO -ին, այս տարին ներառյալ 4 ոսկե եւ 1 արծաթե մեդալ է շահել ու ճանաչվել ռեկորդակիր: Ի դեպ, Ադրբեջանն էլ արծաթե մեդալներով է վերադարձել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել