Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՆԱՍԸ՝ ԳՅՈՒՄՐԻԻՆ

Հուլիս 29,2011 00:00

ՀՀ կառավարությունը որոշել է թույլատրել Գյումրու քաղաքապետարանի միջոցների հաշվին իրականացնել Շիրակի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված եւ պետական սեփականություն հանդիսացող, Գյումրի քաղաքի «Քարմշակմեքենա» ՓԲԸ նախկին ճաշարանի շենքում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարի տեղափոխման աշխատանքները: Որոշման հաջորդ կետով թույլատրվել է «ԱԳ եւ ԱԱ Բաղդասարյաններ» ՍՊԸ միջոցների հաշվին իրականացնել քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ նախկին շենքում գտնվող «Գորգ են գործում» որմնանկարի տեղափոխումը: Վերականգնումից հետո «Հայկական հովվերգությունը» տեղադրվելու է Գյումրու քաղաքապետարանի նորակառույց շենքի նիստերի դահլիճում, «Գորգ են գործում» որմնանկարը՝ Գյումրու Աբովյան փողոցի թիվ 218 հասցեում գտնվող Շիրակի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ ներառված շենքի սրահում: Տեղեկանալով, որ մարզում դեռեւս կա Մինաս Ավետիսյանի հեղինակած չորս որմնանկար, ինչպես նաեւ այլ արվեստագետների կատարած մոտ երկու տասնյակ աշխատանք, վարչապետը երեկվա նիստում նշել է խնդրի նկատմամբ գյումրեցիների ցուցաբերած մեծ ուշադրությունը: «Հասարակական կազմակերպություններին պետք է խնդրենք, որպեսզի այդ որմնանկարները փրկելու նոր առաջարկներ ներկայացնեն, – ասել է Տիգրան Սարգսյանը: – Որմնանկարները ցանկացած գնով պետք է փրկել, եւ եթե այդ հասարակական շարժումն օգնի մեզ գտնել այնպիսի տնտեսվարող սուբյեկտների, որոնք ի վիճակի են ներդրումներ կատարել եւ փրկել որմնանկարները, ապա մենք մնացած չորսի վերաբերյալ նույնպես պատրաստ ենք կայացնել որոշումներ, որպեսզի դրանք մնան Գյումրիում կամ Շիրակի մարզում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել