Այն, որ «զրո պրոբլեմ հարեւանների հետ» կարգախոսի արդյունքում Թուրքիան ստացավ «զրո լուծված պրոբլեմ հարեւանների հետ» իրողությունը, տեսանելի է բոլոր միջազգայնագետներին: Նրանցից ավելի լուրջերին տեսանելի է նաեւ, որ կարգախոսի խորքում Թուրքիայի երկու իրարամերժ բարդույթներն են. գերլիարժեքության, որովհետեւ Անկարան ուզում է ոտքերը շատ ավելի հեռուն մեկնել, քան սեփական վերմակն է, եւ թերարժեքության, որովհետեւ թուրքերը չեն կարող չիմանալ, որ հարեւանների հետ պրոբլեմները ծագել են, ի վերջո, հենց իրենց մեղքով:
Այս երկու բարդույթների համադրումը տալիս է պայթյունավտանգ մի բան, ասենք՝ փուչիկ, որի վրա կախված է պայթելու պերմանենտ հեռանկարը: Առիթ էլ պետք չի: Առիթն իրենք կարող են նաեւ հնարել:
Ծաղկաձորում նախագահ Սարգսյանի կողմից Արեւմտյան Հայաստանի հետ կապված հարցի պատասխանի ազդեցությունը եւ ռեակցիան Թուրքիայում արտահայտվեց միաժամանակ երկու հարթություններում. առաջին՝ հոգեբանական-ենթագիտակցական, երկրորդ՝ քաղաքական-սիմուլյացիոն:
Ռեակցիան առաջին՝ հոգեբանական շերտում բավական կանխատեսելի է եւ բնական՝ այնպիսի մի պետության համար, որի կռիվը սեփական անցյալի, պատմության մութ էջերի եւ զբաղեցրած տարածքի նկատմամբ հիմնավորման շուրջ՝ թվում է հավերժական: Պատմության մեջ ամենաարյունարբու կայսրության պատմական իրավահաջորդը փորձում է բոլոր հնարավոր միջոցներով ձերբազատվել պատմական իրողություններից: Սակայն միջոցների զինանոցը, որ ընտրել է Թուրքիան, միայն տանում է դեպի ինքնամեկուսացում: Տրանզիշնլ ջաստիսի փոխարեն, որի միջով անցել եւ վերագտել են իրենց, օրինակ՝ ետհիտլերյան Գերմանիան, Թուրքիան ընտրել է հավերժ թաքնվելու եւ քողարկվելու մարտավարությունը: Այն հիստերիկ ռեակցիայով է դիմավորում միջազգային հարթությունում հայկական ցեղասպանության նույնիսկ ամենափոքր արծարծում: Պահպանելով իր իսկ կողմից Եվրոպայում եւ Կովկասում փակված սահմանը՝ առաջարկում է համագործակցության նոր պլատֆորմ տարածաշրջանում: Ամենամեծ՝ քրդական փոքրամասնության քաղաքական եւ տնտեսական իրավունքները պաշտպանելու միջոցով նրանց հասարակության մեջ ինտեգրելու փոխարեն, քրդաբնակ շրջաններում իրականացնում է ռազմական ակտիվ գործողությունների եւ տնտեսական անտեսման միջոցով ծնկի բերելու քաղաքականություն: Սրտի խորքում փափագելով պանիսլամիզմի ու նեոօսմանիզմի փառավոր օրերի վերադարձը՝ թակում է Եվրոպական միության դուռը: Այսպիսին է Թուրքիան, ցեղասպանության հարցում նման է մարդասպանի, ով մեկ պատսպարվում է թաքստոցում, մեկ վերադառնում հանցանքի վայր՝ փորձելով ցույց տալ, որ թաքնվելու բան չունի: Տարածքների հարցում այն նման է մեկին, ով, յուրացնելով ուրիշի իրերը, ձեւափոխում կամ գունավորում է դրանք՝ փորձելով թաքցնել հետքերը: Այդպես, Արեւմտյան Հայաստանը դարձել է Արեւելյան Անատոլիա, իսկ մնացած հայկական հուշարձանների վրայից ջնջվում են հայկական գրերը: Խնդիրն այն է, որ երբ նման հոգեբանական շեղմամբ տառապող մեկին թողնում ես հանգիստ կամ, ավելի ճիշտ՝ ինքնահոսի, ապա դու չես օգնում նրան, այլ ընդհակառակը՝ չբուժելով դու միայն թողնում ես, որ հիվանդությունը թափանցի ներքին շերտերը, թաքնվի, իսկ երբ հանկարծակի «նեղացնում» ես նրան, ապա թաքնված խորքերից խնդրի դուրս ժայթքումը շատ ավելի ցավոտ է, քան՝ երբ այն գտնվում է մակերեսում եւ անընդհատ տեսանելի վիճակում:
Հենց նույն ձեւով ազդեց Թուրքիայի վրա նախագահ Սարգսյանի ելույթը: Երբ մենք ինքներս չենք շոշափում տարածքային հարցերը, նպաստում ենք Թուրքիայում վերոհիշյալ սինդրոմի շերտային խորացմանը, իսկ այժմ, երբ հանկարծակի, նույնիսկ ոչ դիտավորյալ անդրադարձ կամ ակնարկ է լինում այդ հարցի շուրջ, Թուրքիան դա ընկալում է որպես ֆաշիզմ: Թե ինչ է լինում, երբ դու հոգեկան խանգարում ունեցող մարդուն չես բուժում, այլ, փոխարենը, քաջալերում ես իր պարանորմալ վարքագիծը, հայտնի է: Ուրեմն, պետք է ստիպել, որ Թուրքիան դուրս գա «թաքստոցից», առերեսվի իր խնդիրների հետ, գնահատի, թե դրանցից որոնք են իրական վտանգներ, իսկ որոնք՝ ոչ: Չէ՞ որ նախագահ Սարգսյանի ելույթը ոչ թե կոչ էր ազատագրելու Արեւմտյան Հայաստանը, այլ հիմնական գաղափարն այն էր, որ «շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, եւ սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին»: Կարծում եմ՝ մեկնաբանության կարիք չկա:
Երկրորդ հարթությունը՝ քաղաքական-սիմուլյացիոն, այն է, որտեղ պետք չէ փնտրել հոգեբանական բարդույթներ կամ չբուժված սինդրոմներ: Այստեղ ամեն ինչ պրագմատիկ է եւ հաշվարկված: Թուրքիայի բազմաբնույթ խնդիրներին (ցեղասպանության ճանաչում, քրդական խնդիր, կիպրական խնդիր) ավելացավ եւս մեկը. Թուրքիան 21-րդ դարում ձեռք բերեց նոր կերպար՝ միջազգային պարտավորությունները խախտող, պայմանավորվածություններից հետ կանգնող անվստահելի գործընկեր: Սրա պատճառը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացից հետ կանգնելն ու նախապայմանների լեզվին վերադառնալն էր: Իր մեղքի բաժինը ուրիշների հետ կիսելու համար՝ Թուրքիան սկսեց ուղիներ փնտրել արդարացնելու իր գործելակերպը. վկայակոչեց Սահմանադրական դատարանի որոշումը, ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքների շարունակությունը, ԼՂ հարցում առաջընթացի բացակայությունը: Անշուշտ, միջազգային հանրության համար սրանք դատարկ պատճառաբանություններ են, եւ դրա վառ վկայությունը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վերջին հանդիպումներն էին Թուրքիայում եւ ճնշումները վերջինիս վրա՝ կապված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հետ:
Միջազգային հանրությունը շարունակում է համարել, որ գնդակը Թուրքիայի դաշտում է: Եվ ահավասիկ՝ նախագահ Սարգսյանի ելույթը: Ինչպե՛ս կարող էր Թուրքիան բաց թողնել այս առիթը: Եվ այստեղ օգնության են գալիս կեղծ մեղադրանքի, թերի մեկնաբանության եւ սեփական լույսի տակ փաստերը ներկայացնելու հայտնի միջոցները: «Ֆուտբոլային դիվանագիտության» բուն էությունը թուրքերը, ըստ երեւույթին, ճիշտ չէին ընկալել հենց սկզբից, կամ ընկալել էին բառի բուն իմաստով: Որքան էլ մրցավարը, ի դեմս միջազգային հանրության, հիշեցնում եւ պարտադրում է խաղի կանոնները, Թուրքիան փորձում է խաղալ սեփական կանոններով: Այդ կանոններից մեկը ֆուտբոլում հայտնի սիմուլյացիան է, որի միջոցով ֆուտբոլիստը կա՛մ ցանկանում է մոլորված մրցավարին ստիպել պատժել հակառակորդ թիմին, կա՛մ արդարացնել սեփական պարտությունը հակառակորդի կոպիտ խաղով: Տվյալ դեպքում այս տրյուկն իրագործվեց դարձյալ սեփական դաշտում:
Ինչպե՞ս կարող է ֆաշիզմից ու թշնամական քարոզչությունից խոսել մի երկիր, որի նախընտրական քարոզչությունը ոչնչով չէր տարբերվում 30-ի նացիստական Գերմանիայի ընտրարշավից: Նույնիսկ հայ-թուրքական բարեկամության հուշարձանը զոհ գնաց նման ֆաշիզմին: Այլեւս ի՞նչ արդարացում պետք է բերի Էրդողանը միջազգային հանրությանը հայ-թուրքական գործընթացը խաթարելու համար, չէ՞ որ խաղաքարտ դարձած ընտրությունները Թուրքիայում ավարտվեցին, իսկ Էրդողանի կուսակցությունը ստացավ ձայների մեծամասնություն: Հերթը մարազմինն է, եւ նման մարազմի օրինակ էր նրանց արձագանքը նախագահ Սարգսյանի խոսքերին, եւ այդ արձագանքը հնչեց բոլոր օկտավաներից դուրս այնպիսի մի ֆալցետով, որն ընկալելի չէ մարդկային լսողությանը:
Ինչ վերաբերվում է Ալիեւի բեքվոկալին, ապա անմեղսունակներին մեկնաբանելն անշնորհակալ գործ է: Սերունդներին թշնամանքի, ֆաշիզմի մղելու անթույլատրելիության մասին խոսում է մեկը, ով տարիներ շարունակ իր սուլթանատի հպատակների մոտ սերմանել է միջէթնիկ ատելություն, ոսոխային բնազդներ՝ հարեւան երկրի ու բնակչության հանդեպ, իսկ սեփական անձի պաշտամունքը դարձրել հպատակների թիվ մեկ պարտավորությունը: Վկայակոչենք Ալիեւների կլանին, նրան ու իր կնոջը ձոնված վերջին երգը՝ «Ալիեւ, էլ օղլուն», բոլոր հայտնի երգիչների կատարմամբ, որը աստիճանաբար փոխարինում է «ազգային» հիմնին, եթե, իհարկե, «ազգ» եզրույթն այստեղ տեղին է առհասարակ: