Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղում աշխատատեղ չկա

Հուլիս 29,2011 00:00

\"\"Վայոց ձորի Մալիշկա գյուղի բնակիչ Մուշեղ Գասպարյանի համար Կապան քաղաքը որոշ չափով արդեն հարազատ է դարձել: Արդեն քանի տարի է՝ Մուշեղն ամառվա մի մասն այստեղ է անցկացնում, երբեմն՝ կնոջ հետ: Սակայն ոչ թե հանգստանալու՝ այլ իր հետ բերած բանջարեղենը վաճառելու ու գումար ստեղծելու համար: Չի դժգոհում, իր մշտական հաճախորդներն արդեն ունի, շատերը ճանաչում ու իրենից են բանջարեղեն գնում: Միայն թե չարչարանքն է շատ՝ ստեղծած գումարի դիմաց: Ամեն անգամ 700 կմ ճանապարհ է կտրում շոգ եղանակին, Մալիշկայից հասնում է Էջմիածնի գյուղեր՝ լոլիկ, վարունգ, կարտոֆիլ եւ այլ բանջարեղեն բարձում ու ճանապարհվում Կապան: «Առնում ենք, մի քանի դրամ էլ մենք ավելացնում, որ գոնե կարողանանք մի պարկ ալյուրի գումար աշխատել: 200-ով առնում ենք՝ 250 դրամով ծախում: Կեսը ծախվում է, մի մասը չի ծախվում: Ամեն անգամ մի արկղ լոլիկ է փչանում, մի կես պարկ վարունգ ու աշխատանքներիս դիմաց բան չի մնում: Երեք օր աշխատում ենք՝ հազիվ 10 հազար գումար է դուրս գալիս: Մինչեւ աշուն մի քիչ գումար ենք ստեղծում, որ կարողանանք ձմեռը մի կերպ դուրս բերենք: Էնքան ենք չարչարվում, որ էլ չենք կարողանում հավեսով ուտել վաստակածներս: 3-4 օր ճանապարհներին ենք մնում, հոգնած տեղ հասնում: Մարդ պիտի մշտական գործ ունենա, առավոտյան գնա գործի, երեկոյան գա ու ամսվա վերջ աշխատավարձ ստանա, ոչ թե մեզ նման, տանջվում ենք, որ մի կերպ յոլա գնանք», – ասում է զրուցակիցս:
Մուշեղ Գասպարյանը Մալիշկա գյուղում հող ունի, բայց հողամասից բերք չի ստանում, էլ չի էլ փորձելու. փորձը ցույց է տվել, որ բերքն ավելի հաճախ կարկուտի ու ցրտահարության բաժին է դառնում, քան՝ հող ու ջրի հետ կռիվ տվող այգետիրոջ: Իր մեծությամբ Հայաստանում հայտնի Մալիշկա գյուղում աշխատատեղեր չկան գյուղաբնակների համար, Մուշեղի` բանակից վերադարձած որդին էլ անգործ է մնացել, շատերի պես մտածում է գումար հայթայթելու տարբերակների մասին, չի բացառում Հայաստանից հեռանալը:
Անկախ այս ամենից՝ Մալիշկան աշխույժ գյուղ է, ի տարբերություն Սյունիքի դատարկվող շատ գյուղերի, որտեղ դպրոցներում հաշված երեխաներ են ու երկկոմպլեկտ դասարաններ, Մալիշկայում գործում է 2 մանկապարտեզ եւ երկու դպրոց՝ երեխաները շատ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել