Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈԹԸ՝ ՄԵԿՈՒՄ

Հուլիս 29,2011 00:00

\"\"Ասֆալտից էժան, ամուր, դիմացկուն եւ սիրուն, էկոլոգիապես մաքուր, հօգուտ մարդկանց եւ դաշտերի

\"\"Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի ճանապարհները, Հայաստանի մնացած 900 գյուղերի ճանապարհների նման, մեղմ ասած, լավ վիճակում չեն: Արագածավանում, սակայն՝ 2009 թվականին գտել են ճանապարհները տեսքի բերելու էժան եւ բազմաթիվ առավելություններով ձեւ, որը սկսել է կյանքի կոչվել միայն երկու տարի անց՝ այս տարվա մայիսից:
Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց եւ հարեւան գյուղերում եւ ընդհանրապես «քարերի երկիր Հայաստանի» գյուղերում հնուց ի վեր դաշտերը քարերից մաքրել, մշակել են, ու գյուղացին շատ հաճախ դաշտից հավաքած քարերով առվամերձ հատվածում ջրից բարձր ու չոր որոշակի տարածք է ապահովել, թեկուզ նստել-հանգստանալու համար: «Մտածեցի, որ կարելի է այս քարերը կտրել-շարել ու հարթ, գեղեցիկ ճանապարհ ունենալ գյուղում: Գյուղացին էլ սիրով իր դաշտը կմաքրի ու կազատվի քարերից ու կստացվի, որ անվճար շինանյութ կունենանք»,- ասաց գյուղապետը:
2009 թվականին գյուղի սեփական միջոցներով քարհատ սղոց է պատրաստվել, գյուղի ոչ կենտրոնական մի հատվածում 300 քմ քարաշեն ճանապարհ կառուցվել: «Երկու տարի է անցել: Այս 300 քմ-ն դեռ կա, վրայով հսկայական, ծանր բեռնատարներ են անցնում: Ոչ մի բան չի եղել»,- ասաց գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը:
Այս հաջող փորձից հետո Արագածավանում որոշել են գյուղի կենտրոնական ճանապարհներից մեկը՝ դպրոցի ճամփան քարապատել եւ հովանավորներ են փնտրել:
Ծրագիրը գրավել է Հայաստանի մանուկների հիմնադրամին (COAF): Հիմնադրամի եւ գյուղապետարանի համատեղ 20 հազար դոլար ֆինանսավորմամբ (12 000՝ COAF, 8000 գյուղապետարան) սկսվել է 1200 քմ ճանապարհի կառուցումը: Արագածավանի դաշտերից հավաքված քարերը կտրվում են, հնարավորինս մոտ-մոտ շարվում, իսկ մնացած ճեղքերում բետոն է լցվում: Գյուղապետն ասաց, որ փորձել են լիցք անել հողով, ավազով: Ամենահաջողը բետոնով տարբերակն է եղել: 10 մետր լայնությամբ ճանապարհը 20 սմ թեքություն ունի, ցածր մասում առու եւ տակը խողովակներ՝ ջրահեռացման համար:
«Քարաշեն ճանապարհը ամուր է, ասֆալտից էժան, նավթ ու ձյութ չկա, էկոլոգիապես մաքուր է, դիմացկուն, զուգահեռ՝ դաշտերը ազատվում են քարերից, գյուղում աշխատատեղեր են բացվում: Այս պահին մեր գյուղի ճանապարհի վրա աշխատում է 18 մարդ: Եթե ֆինանսավորումը շարունակվի՝ պատրաստ ենք ամբողջ գյուղի ճանապարհները այսպես կառուցել: Սա ոչ միայն ասֆալտից էժան է, այլ առավելություն էլ ունի: Ասֆալտը նորոգելու համար կարկատում են, բայց կարերից ջուր է անցնում տակը եւ քանդում ճանապարհը: Քարաշեն ճանապարհի դեպքում նման բան չի լինի: Եթե անգամ մեկ քար տեղաշարժվի, տեղը նոր քար կդնենք եւ վերջ: Բայց, ինչպես ասացի, 2009-ին կառուցված 300 քմ ճանապարհի ոչ մի քար չի տեղահանվել»,- ասաց Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել