Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավորի» եւ նրա «օգնականի» դատը

Հուլիս 29,2011 00:00

Նախորդ օրը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կիսադատարկ նիստերի դահլիճում շարունակվեց փաստաբան Հովհաննես Հովհաննիսյանի (ՀՀ քրօրի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով) եւ Արմեն Նաջարյանի (ՀՀ քրօրի 178 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով) նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Հիշեցնենք, որ, ըստ նախաքննության մարմնի, Կամո Գասպարյանը, որը նախկինում դատապարտվել էր 7, 5 տարվա ազատազրկման եւ պատիժը կրել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, պատժի կրումից վաղակետ ազատվելու համար, իրավաբանական օգնություն ստանալու նպատակով, 2009թ. ձմռանը դիմել է իր ընկեր, գործով վկա Ռազմիկ Ավետիսյանին: Վերջինս 2009թ. դեկտեմբերի վերջերին հանդիպել է իր ծանոթ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Հովհաննես Հովհաննիսյանին: Փաստաբանը, ծանոթանալով Կ. Գասպարյանի խնդրին՝ այդ մասին հայտնել է Արմեն Նաջարյանին: Ըստ քրեական գործի նյութերի, Հ. Հովհաննիսյանը Ռ. Ավետիսյանին հայտնել է, որ կարող է օգնել Կ. Գասպարյանին պատժի կրումից ազատելու հարցում ու պահանջել է 5000 ԱՄՆ դոլար գումար: Ռ. Ավետիսյանն այդ մասին հայտնել է Կ. Գասպարյանի կնոջը՝ Աիդա Միրիբյանին, որը համաձայնել է առաջարկին:
2009թ. նոյեմբերին դատապարտյալ Կ. Գասպարյանին ծանր հիվանդության պատճառով պատժի կրումից վաղակետ ազատելու հարցով զբաղվելու համար Հովիկ Հովհաննիսյանը հանդիպել է Ա. Նաջարյանին ու նրա առաջարկով միասին գնացել են Մաշտոցի պողոտայի Ստ. Շահումյանի անվան դպրոցի անմիջապես հարեւանությամբ գտնվող բնակելի շենքի կիսանկուղային հարկում գտնվող համակարգչային ծառայությունների սրահ, որտեղ աշխատակիցը, Ա. Նաջարյանի թելադրանքով, տպագրել է դատավորի որոշումը:
Դատավորի որոշմամբ էլ դատապարտյալը պետք է ազատվեր պատժի կրումից:
Դատարանում լրացուցիչ ցուցմունք տալու ցանկություն հայտնած Արմեն Նաջարյանն ասաց, որ ինքը Հովհաննես Հովհաննիսյանին հանդիպել է ոչ այն ժամանակահատվածում, ինչը նշել է նախաքննության մարմինը, ինչը նշանակում է, որ այդպիսով իրենք չէին կարող «նախնական համաձայնության» գալ միմյանց հետ: Նա այդ կապակցությամբ դատարանին ներկայացրեց հեռախոսային վերծանումներ, որով պիտի ապացուցվեր իր եւ փաստաբանի կապը:
Ա. Նաջարյանը նաեւ ասաց, որ համակարգչային կենտրոնը, որտեղ «արարվել» է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի X-դատավորի որոշումը, գտնվել է Գ. Նժդեհի անվան հրապարակում, որի պատասխանատուն հայտնել է, որ իր մոտ է տպագրվել դատավորի որոշումը: Սակայն դատախազ Աբրահամյանն առարկեց, մեջ բերելով նշված համակարգչային կենտրոնի պատասխանատուի հայտնածը, թե՝ «հնարավոր է, որ իրենց մոտ տպագրված լիներ այդ որոշումը»: Այն, ըստ դատախազի, անորոշ է եւ չի կարող ապացույցների հիմքում դրվել:
Դատական նիստն ավարտվեց, եւ դատարանը հայտարարեց դատական վիճաբանությունների փուլի մասին:
Մեղադրողը մեղադրական ճառի համար ժամանակ խնդրեց: Իսկ ամբաստանյալ, փաստաբան Հովիկ Հովհաննիսյանն ասաց, թե ինքը պատրաստ է իր պաշտպանական ճառին: Անհասկանալի էր այս դեպքում, թե ինչպե՞ս կարող է պատրաստ լինել ճառին, երբ մեղադրողն իր դիրքորոշումը չի արտահայտել եւ հայտնի չէ հնարավոր պատժի չափը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել