Երեկ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Բաբկեն Պիպոյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որոշ պարզաբանումներ է տվել նույն ծառայության նախկին 70 աշխատակցի՝ ամիսներ առաջ աշխատանքից ազատվելու վերաբերյալ: News.am-ի հետ զրույցում Բ. Պիպոյանը հայտնել է, որ ազատված աշխատակիցներին արդեն վճարվել է նախկին 2 ամսվա աշխատավարձերը: Բացի այդ, պարոն Պիպոյանը նաեւ հայտնել է, որ այդ աշխատակիցների մի մասն արդեն վերադարձել է աշխատանքի եւ հնարավոր է՝ մյուսներն էլ վերադառնան, եթե հաղթահարեն մրցույթը: Բաբկեն Պիպոյանի խոսքերով՝ նոր ծառայությունում աշխատատեղերի կրճատում չի եղել, ավելին՝ նախկին աշխատակիցները կարող են աշխատանքի անցնել նաեւ տեսչության նոր բացվող 40-50 աշխատատեղերում, որոնք կլինեն ադմինիստրատիվ ոլորտում:
Անդրադառնալով Գումի շուկայի հարեւանությամբ գործող մսի վաճառքի կետերին, Բաբկեն Պիպոյանը նշել է, որ ստուգումների ժամանակ վերցված 31 փորձանմուշներից 30-ի մոտ հայտնաբերվել է միկրոբային աղտոտվածություն: Այդուհանդերձ, ըստ ծառայության պատասխանատուի, իրենց ստուգումներից հետո վաճառակետերում նկատելի փոփոխություններ կան:
Պարոն Պիպոյանը նաեւ հայտնել է, որ շատ դժվար է ապահովել ամենօրյա ստուգումներ՝ ծառայության ընդամենը 192 աշխատակիցների ուժերով: Բացի այդ, ծառայությունն իրավունք ունի ստուգելու տարեկան մինչեւ 70 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողներին: Ինչը, թերեւս, նպաստում է, որպեսզի այդքան շրջանառությունից ցածր տնտեսվարողները առիթից օգտվեն եւ սպառողների առողջությանը վնասող մի շարք խախտումներ թույլ տան իրենց: