Համատեղ օգտագործման տարածքը դարձել է կռվախնձոր
Տիգրան Մեծի 11 շենքի տակ գտնվող 2 խանութների միջանցքն ու զուգարանը համատեղ օգտագործման են, սակայն Կադաստրի պետական կոմիտեն 2 սեփականատերերին էլ տարածքների հատակագծերը տրամադրելիս համատեղ միջանցքի եւ զուգարանի հատակագիծը «շտրիխել» է, ինչը նշանակում է, որ այդ տարածքը ցանկության դեպքում կարող են սեփականաշնորհել: Սեփականատերերից ոչ ոք դեռ չի դիմել տարածքը սեփականացնելու համար, բայց դա չի խանգարում, որպեսզի համատեղ օգտագործվող տարածքը վեճի առարկա դառնա: Հագուստի խանութի տարածքի վարձակալ Սոֆա Բաղդասարյանն ըստ էության զավթել է հարեւանի հետ համատեղ օգտագործման միջանցքն ու զուգարանը, իսկ հարեւանին՝ Անահիտ Ատոմյանին տրամադրել միայն բանալին, այն դեպքում, երբ զուգարանը ջրի խողովակներով եւ շինարարական նյութով սարքել է Ա. Ատոմյանը՝ իր սեփական տարածքից ջրի խողովակները հասցնելով համատեղ օգտագործման տարածք: Այն, որ այդ աշխատանքները կարող էր իսկապես տիկին Անահիտը արած լիներ՝ վկայում է ջրի բաժանորդային գրքույկում նշված նրա անունը: Մինչդեռ տիկին Բաղդասարյանը պնդում էր, որ զուգարանն իր միջոցներով է կառուցել, ջուրն ինքն է անցկացրել ու բոլոր վճարներն էլ պարտաճանաչ մուծում է, իսկ հարեւանին էլ չի խոչընդոտում զուգարանից օգտվել: Վիճելի տարածքում նա անգամ առանց հարեւանին զգուշացնելու կամ նրա հետ այդ հարցը քննարկելու տեղադրել է ցուցափեղկեր եւ վրան ապրանքներ շարել: Մի քանի ամիս առաջ էլ նա մետաղական ճաղավանդակով դուռ է տեղադրել համատեղ օգտագործման տարածքի մուտքի դռան վրա, սակայն քաղաքապետարանի կողմից 2 անգամ էլ ապօրինի տեղադրված դուռն ապամոնտաժվել է: Բացի այդ, արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային տեսչությունն է եկել եւ ուսումնասիրել վիճելի տարածքի ծանրաբեռնվածությունը եւ եզրակացրել, որ այդ տարածքում չի կարելի վառվող նյութից պատրաստված ցուցափեղկեր տեղադրել, իսկ համատեղ օգտագործման տարածքի դռներն էլ հակառակ ուղղությամբ պետք է բացվեն:
«Այսքանից հետո էլի նա իր ապրանքները չի հանում այնտեղից, ես ուզում եմ ինձ հասանելիք հատվածն առանձնացնել: Նախկինում, երբ այդտեղ բնակարաններ էին եւ մենք հարեւանի հետ ոչ մի խնդիր չունեինք, տարածքը շատ համերաշխ կիսում էինք, բայց 1992-ին դատական վճռով հարեւանիս վտարեցին իր տարածքից, եւ որպեսզի դատարանի վճիռը չխախտեն՝ այդ բնակարանի համար մեկ այլ հասցե են հանել՝ Տիգրան Մեծի 9/11-ի 2-րդ բնակարան: Հին բնակարանի տերը այն վարձակալությամբ հատկացրել է Սոֆա Բաղդասարյանին»,- մեզ հետ զրույցում ասաց Անահիտ Ատոմյանը:
Ս. Բաղդասարյանի ներկայացմամբ, ինքը երբեւէ տիկին Անահիտին չի տեսել, որպեսզի նրա հետ քննարկի տարածքի հարցը. «Ինչ վերաբերում է ճաղավանդակով դռանը, ապա մենք այն տեղադրել էինք, քանի որ գողություն էր կատարվել, իսկ բանալին հարեւանը չուզեց: Դժգոհեց, եկան հանեցին: Եթե ուզում է՝ կարող է նա էլ մեր համատեղ օգտագործման տարածքում իր ապրանքները շարել»: