Տարածքի սեփականատերերն էլ բնության հաշվին հարստանում են, բայց ափսոսում են մի քիչ գումար ծախսել եւ հանգստյան գոտին մաքրել
Ինչ սկսվեց ամառային այս տապը, մարզային բացօթյա հանգստյան գոտիների գործը, կարելի է ասել, բացվեց: Ովքեր հնարավորություն չունեն մեծ գումարներ ծախսել Ծաղկաձորի, Սեւանի, Ջերմուկի թանկարժեք հյուրանոցներից ու հանգստյան տներից օգտվելու համար, մեկնում են մոտակա մարզեր՝ բնության գրկում գոնե մի քանի ժամով օդափոխվելու եւ մայրաքաղաքի կեղտ ու փոշուց ազատվելու:
Հաշվի առնելով հայերի բիզնես ախորժակը, բնականաբար, Աղվերանում, Բուժականում, Բյուրականում, Աշտարակում որեւէ ազատ տարածք չես գտնի՝ ընտանիքով հանգիստդ ուղղակի ծառերի տակ անցկացնելու համար: Այնտեղ օդ շնչելն էլ փող է: Ասենք այսպես. 1 օր բնության գրկում հանգիստն արժե նվազագույնը 10 հազար դրամ: Դրա մեջ մտնում է ծառերից պատրաստված մի տաղավարից ու ահավոր հակահիգիենիկ պայմաններով 1 հասարակական զուգարանից օգտվելը:
Այս լուսանկարներն արվել են Կոտայքի մարզի Աղվերանի Արզական համայնքում՝ «Երեքնուկ» հանգստյան գոտու հարեւանությամբ: Տարածքի տերերը միայն իրենց փողի տերն են, մուծումը կատարում ես՝ էլ քեզ չեն անհանգստացնում, իսկ քանի որ մենք բնությունից քաղաքակիրթ օգտվելու կուլտուրա չունենք, պարզ էր, որ տարածքով անցնող Մարմարիկ գետը պիտի հայտնվեր այս վիճակում: Պոլիէթիլենային տոպրակներ, ձմերուկի, սեխի կեղեւներ, լիմոնադի, հանքային ջրերի դատարկ շշեր. այս ամենը Մարմարիկ գետն այն օրն է գցել, որ մարդ արդեն զզվում է գետին նայել ու վայելել: Ենթադրվում է, որ «բնությունը սեփականաշնորհած» բիզնեսմենները գոնե մի քանի կոպեկ կծախսեն ու հոգ կտանեն հանգստացողների թողած հակասանիտարական պատկերը փոխելու համար, բայց իրականում միայն մաքրում ու ավլում են իրենց տաղավարների տարածքը: Թե մոտակա անտառից ով քանի ծառ ու ճյուղ կկտրի, գետի մեջ ով ինչ կնետի՝ ոչ ոքի չի հետաքրքրում:
Տարածքը միջատներից, որդերից ազատելու համար երբեմն դրանց տերերը ծառերը այնպիսի նյութերով են պատում, որ մարդիկ հանգստյան գոտուց տեղափոխվում են ուղիղ հիվանդանոց: Կոնկրետ Աղվերանի հենց նույն Արզական համայնքում մի քանի տարի առաջ դեպք եղավ, երբ տասնյակ հանգստացողներ մայրաքաղաք վերադարձան ուռած, գլխացավով, քորով, ցանով ու բշտիկներով: Հետո պարզվեց, որ դա ուժեղ թունաքիմիկատների ազդեցություն է: Այդ բոլոր հանգստացողները ստիպված եղան երկար բուժում սկսել ալերգիայի դեմ, ընդունել մեծ քանակությամբ հանգստացնող դեղամիջոցներ: Այդ դեպքից հետո գյուղնախարարությունը պարզաբանել էր, որ հնարավոր է մարդկանց մոտ այդ երեւույթները խոտերի, ծառերի մեջ բնակվող ոսկետուտ միջատից լինի, երբ ձեռք ես տալիս՝ միջատն ինքնապաշտպանվում է եւ թույն արտադրում, ինչն էլ ուժեղ քոր ու ցան է առաջացնում: Սակայն առողջ տրամաբանությունն էլ հուշում է, որ տասնյակ հանգստացողներ դժվար թե ոսկետուտ միջատի ձեռք տված լինեին, որ նա էլ ինքնապաշտպանվեր: