Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուջեի վիճակը՝ կիսամյակի կտրվածքով

Հուլիս 29,2011 00:00

Օրերս ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակեց 2011թ. առաջին կիսամյակի պետբյուջեի ցուցանիշները: Ըստ այդմ՝ 2011թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 399,3 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 405,8 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 99,3%-ով եւ 88,5%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշների կատարումը: Պետբյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով՝ 47,3%-ով, ծախսերի գծով՝ 43,1%-ով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9%-ով կամ 32,9 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի ու տուրքերի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների եւ պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 94,1%-ը ձեւավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5,2%-ը՝ այլ եկամուտների, 0,7%-ը՝ պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետական բյուջեում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները կազմել են շուրջ 8,7 մլրդ դրամ կամ ծրագրված մուտքերի 87,9%-ը: 2011թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 314,8 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր՝ 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 10%-ով: Հարկերի եւ տուրքերի 48%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, 5.6%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին, 18%-ը՝ շահութահարկի հաշվին, 11,9%-ը՝ եկամտահարկի հաշվին, եւս 5,6%-ը՝ մաքսատուրքի գծով մուտքերն են, պետական տուրքերն ապահովել են հարկերի եւ տուրքերի 3,08%-ը, հաստատագրված վճարները՝ 3,2%-ը, 1,8%-ը՝ բնօգտագործման եւ բնապահպանական վճարները, եւ եւս 2,8%-ը կազմել են այլ հարկերը:
Ինչ վերաբերում է ՀՀ պետբյուջեի ծախսերին, ապա 2011 թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 405,8 մլրդ դրամի ծախսեր՝ կազմելով ծրագրի 88,5% ը: 371,2 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 34,6 մլրդ դրամ՝ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Ընթացիկ ծախսերից 34,4 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 2,4 մլրդ դրամ՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարներին: Ծառայությունների եւ ապրանքների ձեռք բերման նպատակով պետբյուջեից օգտագործվել է 73,4 մլրդ դրամ: 17,6 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը, որից 10,4 մլրդ դրամը՝ ներքին, 7,2 մլրդ դրամը՝ արտաքին պարտքի սպասարկմանը: Անցած ժամանակահատվածում ՀՀ պետբյուջեից տրամադրվել են 8,9 մլրդ դրամի սուբսիդիաներ: 44,5 մլրդ դրամ են կազմել պետբյուջեից տրամադրված դրամաշնորհները, որից 43.6 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 750,3 մլն դրամը՝ միջազգային կազմակերպություններին եւ 179 մլն դրամը՝ օտարերկրյա պետություններին: 2011թ. հունվար-հունիս ամիսների պետական բյուջեի ծախսերի 31,3%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին եւ կենսաթոշակներին: 62,8 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին: 2011թ. առաջին կիսամյակում շուրջ 19,1 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին: Վրաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների գծով կատարվել է 120,9 մլն դրամի վճարում՝ առաջին կիսամյակում ծրագրված 124.9 մլն դրամի դիմաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել