Հայ գործարարը վստահեցնում է, որ տարածաշրջանում բիզնեսի համար ավելի լավ տեղ չեք գտնի
Վրաստանի հարկային դաշտը՝ իր բարենպաստ օրենսդրական միջավայրով, մի շարք հայ գործարարների է հրապուրել: Որքան էլ ՀՀ իշխանությունները փորձում են թաքցնել հայկական բիզնեսի արտահոսքը, այնուամենայնիվ, այսօր տասնյակ հայ գործարարներ Վրաստանում են ներդրումներ կատարել եւ գործ «դրել»: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ջավախքցի գործարարները կոչ են անում հայերին իրենց բիզնեսը ոչ թե Թբիլիսիում, այլ հենց Ջավախքում սկսել, քանի որ նույն հարկային պայմաններն են, դեռ մի բան էլ ավելի լավ: Բացի դրանից, այդկերպ կաջակցեն, որպեսզի Ջավախքը չդատարկվի, եւ հայերը չմեկնեն արտագնա աշխատանքի:
«Առավոտի» զրուցակից ջավախահայ գործարար Արամ Սանոսյանն արդեն 3-րդ տարին է՝ Ջավախքում խոշոր բիզնես է սկսել եւ վստահեցնում է, որ տարածաշրջանում Ջավախքն ամենահարմար վայրն է, նախ՝ աշխատուժ կա, որը չի կիրառվում, հայ բիզնեսմենների համար նոր հնարավորություններ է բացում ադրբեջանական մոտ 10 միլիոնանոց շուկա դուրս գալու համար: Որպես ապացույց՝ Ա. Սանոսյանը սեփական բիզնեսը օրինակ բերեց: Նա Նինոծմինդա քաղաքում բացել է կարի խոշոր ֆաբրիկա, եւ բացի այն, որ ապրանքը Վրաստանում եւ Հայաստանում է վաճառում, նաեւ ադրբեջանական գործարարներից պատվերներ է ընդունում: Մեր այն հարցին՝ արդյոք նրա հայ լինելն ու հայկական անվանումով ապրանքանիշը (Արամ-Անի) չի՞ խոչընդոտում Ադրբեջանում արտադրանքն իրացնելուն, պարոն Սանոսյանն ասաց. «Հայանուն ապրանքանիշով արտադրանքը Վրաստանում ու Հայաստանում լավ սպառվում է, իսկ ահա ադրբեջանցի պատվիրատուներն իրենց լոգոներն են ուղարկում, եւ իրենց ուզածով ենք արտադրում: Պարզապես նշվում է, որ արտադրված է Վրաստանում»: Հայ գործարարը մոտ 3.5 միլիոն դոլարի ներդրում է կատարել ֆաբրիկայի համար եւ մի քանի հարյուր աշխատատեղեր բացել. «Սա շատ կարեւոր է տեղացիների համար, քանի որ ռուս-վրացական «ընդհարումից» հետո վրացական գրանցումով անձանց համար աշխատանքային վիզաներ չեն տրվում, եւ ջավախահայերը չեն կարողանում արտագնա աշխատանքի մեկնել։ Իսկ սա նշանակում է սոված ընտանիքներ: Մյուս կողմից էլ՝ երկքաղաքացիություն ընդունած ջավախահայերը հայկական անձնագրով են մեկնում Ռուսաստան, եւ կրկին խնդիր կա Ջավախքի դատարկվելու առումով: Բայց երբ խոշոր բիզնես ենք դնում, դա մարդկանց հույս է տալիս, եւ գերադասում են մնալ իրենց երկրում»: Սակայն հայրենասիրական մղումները միակ հանգամանքը չէ, որով Ա. Սանոսյանը հայ գործարարներին փորձում է «գայթակղել»: Գործարարի խոսքերով՝ հարկային դաշտն ազատականացված է եւ այնպիսի հավասար պայմաններ են, որ ոչ ոք չի ցանկանում ստվերային շրջանառություն ունենալ:
Արամ Սանոսյանի «Սատախա» հոլդինգը, որի մեջ մտնում են մի քանի բիզնեսներ, նաեւ գազային նորաստեղծ ընկերություն է իր մեջ ներառում: Եվ պետական մրցույթում, իր իսկ խոսքերով ասած՝ մրցելով մի շարք գիգանտ գազային ֆիրմաների հետ, շահեց հենց հայ գործարարը եւ ստացավ գազիֆիկացնելու եւ մատակարարելու իրավունքը. «Վրացական, ադրբեջանական եւ թուրքական ընկերությունների միջեւ մրցույթ էր Նինոծմինդայի եւ Ախալքալաքի տարածաշրջանները գազիֆիկացնելու իրավունքը ստանալու համար։ Այդ մրցույթին մենք էլ մասնակցեցինք եւ շահեցինք: Իհարկե, վրաց իշխանությունները մի շարք հանգամանքներ հաշվի առան. մենք լավ գիտենք տեղանքը, ամեն գյուղն ու տունը, եւ իրենք հասկացան, որ մենք գազիֆիկացման աշխատանքներն ավելի լավ ու սրտացավ կանենք»: Նինոծմինդան մոտ 80%-ով գազիֆիկացված է, իսկ Ախալքալաք քաղաքում չկա տուն, որ գազ չունենա: Մինչեւ 2013 թվականը շրջակա գյուղերը եւս գազ կունենան: Գազ «քաշելն» էլ նոր գործարարներ ներգրավելու համար գրավիչ նախապայման է: Օրինակ՝ հենց գազիֆիկացումից հետո Գյումրիի «Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարանի սեփականատերերը նոր, հսկայական գործարան են բացել Ախալքալաքում, որը մեկ ամսից կգործարկվի, եւ բացի հայկականից, նաեւ մի քանի վրացական ապրանքանիշեր են գրանցել, ինչը հնարավորություն է տալիս ապրանքը արտահանել նաեւ Ադրբեջան. «Բացի այդ, ավելի հարմար է տեղում արտադրություն ծավալել եւ իրացնել, քան Հայաստանից հասցնել Վրաստան: Շատ հայկական ընկերություններ կան, որ իրենց ապրանքը արտահանում են Վրաստան, նրանց եւս կոչ ենք անում հետեւել գարեջրի գործարանի օրինակին: Չենք ասում Հայաստանում բիզնեսը փակեն՝ գան Ջավախք, պարզապես նմանատիպ բիզնես դնել մեզ մոտ: Կաթնամթերք արտադրող հայկական «Շանթ» ընկերությունն էլ մեզ մոտ մասնաճյուղ է բացել»: Եվ եթե հաշվի առնենք այն, որ Ախալքալաքից Թբիլիսի ճանապարհը մոտ 130 կմ է, այսինքն՝ ապրանքը տեղափոխելու համար կարճ ճանապարհ է, դրան էլ գումարած ադրբեջանական շուկան ու հարկային օրենսդրությունը, որը պարբերաբար փոփոխվում է հօգուտ տնտեսվարողների, ապա հայ գործարարին կրկնակի ձեռնտու է Ջավախքում բիզնես դնել, գրանցել հայկական եւ վրացական բրենդներ, աշխատել լավ եկամուտներով ու հանգիստ նյարդերով: Ջավախքն իր աշխարհագրական դիրքով ոչ միայն արտադրություն ծավալողների համար է շահավետ վայր, այլեւ մեծածախ առեւտրով զբաղվողների: Ջավախահայ գործարարը մոտ 3,5 հեկտար տարածքով շուկա է հիմնել Ախալքալաքում. «Ամբողջությամբ եվրոպական չափանիշներով են՝ թե տաղավարները, թե պահեստները: Շուտով կավարտվի Թուրքիա-Ախալքալաք ճանապարհի նորոգումը, թուրքերը նոյեմբերին կվերջացնեն աշխատանքները, ու առեւտրային աշխուժություն կլինի: Ընդամենը 30 կմ է Ախալքալաքից Թուրքիայի սահմանը: Բացի այդ, այդպես Ջավախքը Ադրբեջան-Վրաստան-Հայաստան-Թուրքիա առեւտրային խաչմերուկն է շուտով դառնալու: Այսինքն՝ այլեւս հարկ չի լինի հասնել Լիլո կամ Ստամբուլ՝ ապրանք գնելու համար: Բացի դրանից, ադրբեջանցիներն էլ են գալու մեր շուկա ու տաղավարներ զբաղեցնեն, անգամ չինացիներ»:
Գործարարի դիտարկմամբ՝ որոշ քաղաքական գործիչներ կամ լրատվամիջոցներ, խոսելով Ջավախքի մասին, այնպես են ներկայացնում՝ կարծես Գազայի կամ Չեչնիայի մասին են խոսում. «Եթե սրտացավ են Ջավախքի համար, պետք է զգույշ լինենլ, եւ իրենց ելույթներով չվախեցնեն ներդրողներին»: