Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավորություննե՞ր երկու կողմերին

Հուլիս 29,2011 00:00

\"\"Ըստ կոալիցիայի անդամների՝ երկխոսությունը կողմերին հնարավորություն է տալիս ներկայացնել եւ քննարկել իրենց տեսակետները:

ՀԱԿ-ի հետ երկխոսող կոալիցիայի աշխատանքային խմբի երկու անդամներ՝ Գագիկ Մինասյանը եւ Մհեր Շահգելդյանը, երեկ մեկ ժամվա տարբերությամբ երկու տարբեր տեղերում մամուլի ասուլիսներ էին հրավիրել: Հավանաբար, հենց սա է այն թեժ ամառ ասվածը, որի «անունը մինչ այժմ կար, ամանումը չկար»՝ ինչպես ասում է ժողովուրդը: Իսկ հիմա կոալիցիայի եւ Կոնգրեսի թեթեւ ձեռքով ամառն այնքան թեժ է, որ փոխանակ մարդիկ հանգստանալու մասին մտածեն, էս շոգ-կրակին՝ փողկապներով եւ կոստյումներով, դեմքերի լրջմիտ արտահայտությամբ, նստում են երկխոսելու: Դե, այս իրավիճակում լրատվամիջոցներն այլընտրանք չունեն, պետք է լուսաբանեն այդ ամենը:
Ինչը եւ անում ենք ստորեւ:
Ուրեմն, երեկ մամուլի ասուլիսում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը հայտարարեց, որ արտահերթ ընտրություններին վերաբերող ՀԱԿ օրակարգային հարցը իրենք առանց քննարկման ընդգրկել են օրակարգում. «Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է, որ մենք ստեղծել ենք առավել մեծ հնարավորություն երկու կողմերի համար իրենց տեսակետները դարձնելու քննարկման առարկա»:
Ըստ Գագիկ Մինասյանի՝ սա դեռ գործընթացի սկիզբն է, եւ քննարկումները կարող են բերել «բավականին հետաքրքիր հանգուցալուծման, այդ թվում նաեւ ՀԱԿ-ի համար»:
Արդեն բավականին ծամծմված վարքականոնի մասին առաջարկին վերաբերող հարցին պատասխանելով՝ պարոն Մինասյանն ասաց. «Մենք ակնկալում ենք, որ սա իր դրական ազդեցությունը կունենա քաղաքական գործընթացների ավելի քաղաքակիրթ ընթացքի վրա, ինչը կբերի հասարակության համար ավելի հանդարտ պայմաններ նախընտրական շրջանում, ավելի կանխատեսելի զարգացումներ, եւ հասարակության համար շատ ավելի ակնհայտ կդառնա, թե որ քաղաքական ուժն է, որ դողում է իր ստորագրության համար, որ քաղաքական ուժն է, որ ուղղակի խոսում է այդ ստորագրությունը այդ փաստաթղթի տակ դնելուց, կամ՝ որ քաղաքական ուժն է, որ դնում է, հետո՝ դրժում: Սրանք, իհարկե, իրավական ուժ չունեն, սակայն շատ երկրներում այդ փաստաթղթի առկայությունը հատուկ զսպաշապիկ է կուսակցությունների համար, որպեսզի նրանք նախընտրական, ընտրական եւ հատկապես հետընտրական շրջանում վարվեն ճիշտ այդ վարքականոնների համաձայն»:
«Առավոտը» հարցրեց՝ պատգամավորը չի՞ կարծում, որ այս իրավիճակում ՀԱԿ-ն ավելի շահեկան վիճակում է, քանի որ, օրինակ, օգոստոսի 4-ի հանդիպումը տեղի կունենա ՀԱԿ-ի օգոստոսի 2-ի հանրահավաքից հետո, եւ երկխոսության կլոր սեղանի շուրջ ՀԱԿ-ը կներկայացնի այլ առաջարկներ, պնդելով, թե դրանք հասարակության, հանրահավաքի մասնակիցների առաջարկներն են: Սրա դեմ ի՞նչ է դնելու կոալիցիան, ինքը ում անունից է խոսելու: Գագիկ Մինասյանը հայտարարեց նաեւ, թե իրենք հանդես են գալիս այն ուժի անունից, որը իրենց լիազորել է՝ «Դա կոալիցիան է, եւ ես ենթադրում եմ, որ մեր գործընկերները եւս հանդես են գալիս այն ուժի անունից, որը իրենց լիազորել է, դա ՀԱԿ-ն է»:
ՕԵԿ ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը իր հերթին մեկ այլ տեղում էր մամուլի ասուլիսով հանդես եկել, որից հետո «Առավոտը» հարց ուղղեց պարոն Շահգելդյանին, թե՝ երկխոսության մեջ ո՞րն է կոալիցիայի դերակատարությունը: Ի պատասխան՝ պարոն Շահգելդյանն ասաց. «Այսօր մենք կարեւորում ենք ընդհանրապես երկխոսության փաստը Հայաստանում եւ այն դիտարկում ենք որպես քաղաքական ավանդույթի եւ որպես երկխոսության քաղաքական ինստիտուտի ձեւավորում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել