Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿՈՒՄ ՄԱՀՎԱՆ ՈՐԵՎԷ ԴԵՊՔ «ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» Է

Հուլիս 29,2011 00:00

\"\"Այդ դեպքում հարց է ծագում՝ մեր բանակում առո՞ղջ, թե՞ հոգեկան խնդիրներ ունեցող սպաներ ու շարքայիններ են ծառայում:

«Առավոտը» երեկ անդրադարձել էր մեկ տարի առաջ Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում Արտակ Նազարյանի մահվան փաստի առիթով հարուցված քրգործի շրջանակներում ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանի նախաձեռնած՝ գործով տուժողի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբանների եւ գործը քննած քննիչների, դրա օրինականությունը վերահսկող դատախազի մասնակցությամբ հանդիպմանը: Հիշեցնենք, որ հանդիպմանը, որի ռեպորտաժը հեռարձակվել էր «Հայլուրով», մասնակցել էր նաեւ իրավապաշտպան ու լրագրող Ժաննա Ալեքսանյանը: Նա նախ՝ ասաց, թե աննախադեպ ու ընդունելի էր նման հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունն ու այդ ձեւաչափը: Այն նպատակ ուներ գործի նախաքննության ավարտին դրանում ներգրավված կողմերի մասնակցությամբ գործի վերաբերյալ առկա հարցերը բարձրացնելու, համաձայնություններն ու անհամաձայնությունները քննարկելու: «Ես այդ հանդիպման մասին PR բառը չէի օգտագործի, բայց, այո, զինդատախազությունն ու քննիչները, նաեւ ՊՆ-ն այս գործով հասարակական կարծիքը փոխելու խնդիր ունեին, եւ այդ հանդիպումը նման փորձ էր: Մենք ստեղծել ենք հասարակական կարծիք, որ դա ինքնասպանություն չէ, նրանք էլ փորձում են հակառակ տեսակետը ձեւավորել՝ հասարակությանը համոզել, որ դա ոչ թե սպանություն, այլ ինքնասպանության դրդելու փաստ է, ներկայացնել պաշտոնական այդ կարծիքն ու հիմնավորումները: Ես դա նորմալ եմ համարում»,- նկատեց Ժ. Ալեքսանյանը:
Մեր հարցին՝ հանդիպման ավարտին ինքը, որ բազմաթիվ հրապարակումներով անդրադարձել է այս դեպքին, այդ գործի վերաբերյալ վերջնական եւ հստակ պատկերացում կազմե՞ց, թե՞ անպատասխան հարցադրումներ մնացին՝ լրագրողը, որ հակված է սպանության վարկածին, ասաց, թե փորձաքննությունների եզրակացություններին քաջատեղյակ չէ, դեռ պետք է մասնագետների կարծիք լսի. «Ես չեմ ուզում հակադրվել կամ համաձայնել որեւէ վարկածի, ձեռնպահ եմ մնում որեւէ կարծիք հայտնելուց, առավել եւս, որ պաշտպանական եւ մեղադրող կողմերի կարծիքները լիարժեք չեմ համարում: Նախ, փաստաբաններից մեկը՝ Մուշեղ Շուշանյանը, հանդիպմանը ներկա չէր: Նա ամբողջ նախաքննության ընթացքում ապարդյուն պահանջում էր իրեն տրամադրել դատաձգաբանական, ձեռագրաբանական փորձաքննությունների արդյունքները, մերժումները բողոքարկում էր դատական ատյաններում, որպեսզի հնարավորություն ունենար այլ փորձագետների ներկայացնելու ու ձեռքի տակ համեմատական կարծիք ունենալու: Նրա բացակայությունը նաեւ նրա կարծիքի եւ դիրքորոշման բացակայությունն էր, ու հենց այդ իմաստով համարժեք չէին գործի հանգամանքների վերաբերյալ փաստաբանների ներկայացրած հակափաստարկները: Կարծում եմ, որ հանդիպման ժամանակ արված հարցադրումների պատասխանները փաստաբանների կողմից դեռ կլինեն, ես ինքս էլ կաշխատեմ այդ ուղղությամբ ու նաեւ մասնագետների կարծիքներ կհրապարակեմ»:
Ավելին, Ալեքսանյանը նկատի ունենալով անցած տարվա մեծ թվով մահվան դեպքերը (մեկ տասնյակից ավելի), ինքնասպանություն որակելու ՊՆ-ի գործելաոճը՝ նկատեց. «Ենթադրում եմ, որ դրանով ՊՆ-ն փորձում է խույս տալ պատասխանատվությունից՝ կոնկրետ դեպքում էլ մեղքը բարդելով ընտանիքի վրա: Իսկ գրությունները, որոնք ներկայացվում են իբրեւ Ա. Նազարյանի ինքնասպանությունը հաստատող հիմնական փաստարկ, որոնք հայտնվում են գործի մեջ՝ չգիտես ինչու, հայտնաբերվել են ու նախաքննական մարմնին են փոխանցվել դեպքից 13 օր հետո, կարելի է նույնիսկ անթույլատրելի ապացույց համարել: Բայց ակնհայտ է, որ ՊՆ-ին ձեռնտու է ինքնասպանության վարկածն ամրապնդելը»:
Լրագրողը կարծիք հայտնեց, թե ՊՆ-ն նման հապճեպ ու միանշանակ որակումներ է տալիս, որովհետեւ լուրջ չի վերաբերվում հասարակական կարծիքին, եւ դա բխում է անպատժելիության, արտոնյալ ու օրենքից դուրս լինելու նրա կարգավիճակից: «Բայց ամբողջ հարցն այն է, որ Արտակ Նազարյանի գործը, ի ցավ ՊՆ-ի, հայտնվել է միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում: ԱՄՆ Պետդեպը կոնկրետ այս գործը օրինակ բերելով է անդրադարձել բանակի խնդիրներին: Վերջին մեկ տարվա մեջ սա առաջին անգամն է, որ բանակի թեման միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում հայտնվեց: ԵԽԽՎ ՄԻ հանձնակատար Թոմաս Համմարբերգն էլ Երեւանում խոսեց բանակում մահվան դեպքերի մասին ու ասաց, թե կոնկրետ առաջարկներ է արել բանակի ղեկավարությանը՝ հույս հայտնելով, որ ՊՆ ղեկավարությունը դրանցով կառաջնորդվի: Այդ ուշադրությունն էր նաեւ պատճառը, որ ՊՆ-ն, քննչական մարմինն ու զինվորական իրավապահները փորձեցին ձեւավորված հանրային կարծիքը, որը մերժում է Արտակ Նազարյանի ինքնասպանության վարկածը, նախ՝ հակակշռել Էլդա Գրինի ասուլիսով: Հիշում եք՝ նա որպես գործում ներգրավված ու ՊՆ կողմից գործուղված փորձագետ Ա. Նազարյանի որոշ գրառումներից եզրակացրել էր, թե սպան ինքնասպան է եղել:
Ի դեպ, զինդատախազի հետ հանդիպման ժամանակ վերջինս ասաց, թե քննիչն իրավունք ունի իր հայեցողությամբ թույլ տալ որոշ փաստաթղթեր հրապարակել, բայց բանն էլ հենց այն է, որ դեռ Գրինի ասուլիսի օրն էր հայտնի դարձել՝ գործի վարույթն իրականացնող քննիչը տեղյակ չի էլ եղել, որ Գրինը ինքնասպանության այդ վարկածի շուրջ ասուլիս է հրավիրել: Ստացվում է, որ Մուշեղ Շուշանյանին մերժում էին փորձաքննության համար փաստաթղթեր տրամադրել՝ ասելով, թե նախաքննական գաղտնիք է, իսկ Գրինի դեպքում նման արգելք չկար. թույլ էին տալիս այդ գաղտնիք համարվող փաստաթուղթը հրապարակել ու նաեւ կարծիք հայտնել՝ հայտնվելով արտոնյալ կարգավիճակում: Պարզ է, որ նրանք ուզում են հասարակական կարծիքը ջարդել այսօրինակ ասուլիսներով եւ հանդիպումներով:
Նաեւ միջազգային հանրության եւ մեր հասարակության այդ ուշադրությունն է պատճառը, որ հիմա ՊՆ-ն, զինդատախազը փորձում են Ա. Նազարյանի գործով իրենց դիրքորոշումն ու փաստարկները հանրայնացնել՝ նաեւ «Հայլուրի» միջոցով: Դա արդեն իրենց խնդիրն է, թող անեն»,- հայտարարեց Ժ. Ալեքսանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել