ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրը, Մարդու իրավունքների քաղաքականության միջազգային խորհրդի (ՄԻՔՄԽ) հետ համատեղ, հրատարակել է «Մարդու իրավունքների ինտեգրումը հակակոռուպցիոն օրակարգ. մարտահրավերներ, կարողություններ եւ հնարավորություններ» զեկույցի հայերեն տարբերակը: ՄԻՔՄԽ-ի հետազոտական խմբի անդամ տկն. Քեյթ Դոնալդը հուլիսի 26-27-ը ժամանել է Երեւան՝ զեկույցը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմին ներկայացնելու եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ քննարկումներ անցկացնելու նպատակով:
«Զեկույցը ելնում է այն հիմնադրույթից, որ կոռուպցիայի դեմ պայքարը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է լրացնեն միմյանց, քանի որ համատեղ ջանքերի դեպքում է հնարավոր հասնել նշանակալի արդյունքների,- զեկույցի առաջաբանում նշել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:- Զեկույցում հետազոտվել է, թե ինչպես մարդու իրավունքների պաշտպանությունը կարող է հզորացնել հակակոռուպցիոն ռազմավարությունները՝ առանձնահատուկ ազդեցություն ունենալով հակակոռուպցիոն օրակարգի վրա»:
ՄԻՔՄԽ-ի զեկույցն ընդգծում է մարդու իրավունքների եւ կոռուպցիայի դեմ պայքարի միջեւ կապերը, ինչպես նաեւ մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների դերը կոռուպցիայի նվազեցման գործում: Քանի որ հակակոռուպցիոն շարժումն ունի իր պատմությունը, չափորոշիչներն ու փորձը՝ սույն զեկույցը մարդու իրավունքների պաշտպանության եւ կոռուպցիայի դեմ պայքարի դերակատարների համար ծառայում է որպես հակակոռուպցիոն գործողությունների իրականացման գործնական ուղեցույց: Զեկույցում բերված են կոնկրետ դեպքերի ուսումնասիրություններ, քաղաքականության առաջարկություններ եւ մարտահրավերներ, որ կարող են առաջ գալ մարդու իրավունքները հակակոռուպցիոն ծրագրերում ինտեգրելիս: