Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՐՁՐԵՔ ԻՄ ԿՂԶԻՆ

Հուլիս 29,2011 00:00

Ամեն մարդ ունի իր անապատը, իր կղզին ու իր քարանձավը, որի տեղը միայն ինքը գիտի՝ որպես փախուստ ապաստանի խորախորհուրդ վայր: Տարիներ առաջ հետեւելով իմ տրտմությանը՝ ես փախա իմ կղզին, որտեղ տասնհինգ հազար տարվա հնության ֆալոսների արձաններ կային եւ Մեծ Մոր քարե մերկանդամ արձանը: Այնտեղ ես առանձնացա, որպես ճգնավոր՝ ուզում էի մտածել, ուզում էի ապաշխարությամբ լվանալ իմ մեղքերը, որ դեռ չէի գործել, ուզում էի գտնել իմաստնության քարը՝ հուսալով, որ անսկիզբ Հայրը կլսի ու կների ինձ: Ես շրջում էի ձորերով՝ խուսափելով մարդկանցից, անցնելով քարանձավից քարանձավ՝ հովվի կերպարանք առած: Ու մտածում էի, որ մի անցավոր պանդուխտ եմ այս մեղսածուփ կյանքում: Փորձում էի աներեւույթ գաղտնիքներ քննել, թափանցել իրերի կարծր բնույթից այն կողմ եւ ուզում էի մեր Հոր բարձունքների որդեգիրը դառնալ՝ մոռանալ մարմինս ու ձուլվել լույսին:
Որտեղ էլ որ լինեի, արթնանում էի լուսաբացից առաջ եւ երկար լսում էի, թե ինչպես են բազմաերգ թռչունները, ամեն մեկն իր ձայնով, փառաբանում ծագող արեւը: Եվ երբ արեւի պռունկը երեւում էր սարերի գլխին, բոլոր երգող թռչունները միանգամից պապանձվում էին: Եվ եղավ մի օր, երբ ես նկատեցի, որ ես էլ թռչունների պես եմ դիմավորում ծագող արեւին, քանզի ամեն առավոտ բարձրաձայն աղոթում էի: Ես էլ մեկն էի նրանցից:
Ու երբ զովանում էր աշխարհն աստվածային ցողով, ես դուրս էի գալիս իմ քարանձավից ու իջնում գետակի ափ՝ լվացվելու առավոտի սրբազան ջրով: Եվ հետո միայն մտնում էի մարդեղության աստվածային բնակարանը, ուր ես ճգնավոր ծառա էի եւ մարդ միաժամանակ, ով փնտրում էր:
Հաճախ իմ հողեղեն սիրտը աղաղակում էր արդար արեգակի դեմ՝ մեր նախնիների Աստծո դեմ: Ով ամեն օր այցելու է մեզ՝ ցուցադրելու երեւացող աշխարհը, բայց անվերջ մեր՝ մահկանացուներիս աչքերից թաքցնելով ծածուկ մի խորհուրդ, որ իր հեռանալուց հետո գիշերները չքնենք: Որոնենք, քննենք ու չհասկանանք թաքուն խորհրդի իմաստը ու սպասենք մինչեւ հաջորդ լուսաբաց՝ հույսով, որ իր ճառագած լույսի տակ կգտնենք՝ ինչ փնտրում ենք:
Այդպես անցան օրեր, ամիսներ անցան, մինչեւ որ հոգնած-հալածական մի ձիավոր գտավ ինձ՝ վաղորդյան ցրտից սպիտակած դեմքով, եւ ասաց, որ Մեծ Մոր դուստրը կանչում է ինձ, եւ հանձնեց անձրեւներից գունաթափ նրա նամակը…
Ես բացեցի սպասումներից առավել անակնկալ այդ նամակը եւ անմիջապես էլ զգացի, որ կորցնում եմ իմ անապատը, իմ քարանձավը ու իմ կղզին, որը մինչեւ այսօր էլ փնտրում եմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել