Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկաններն էլի խոչընդոտել են

Հուլիս 29,2011 00:00

Մնում է պարզել՝ նրանց հավասարակշռությունից հանել է ՀԱԿ երիտասարդներին տեսնելո՞ւ, թե՞ հանրահավաքի թռուցիկները փակցնելու փաստը:

Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը, ժ. 3-ի սահմաններում, երբ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստները «Նաիրի» կինոթատրոնի դիմաց Կոնգրեսի՝ օգոստոսի 2-ին կայանալիք հանրահավաքի իրազեկման թռուցիկներ են փակցրել, նրանց են մոտեցել ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակիցներ, նաեւ քաղաքացիական հագուստով անձինք ու առանց ներկայանալու ու օրինական որեւէ պահանջ ներկայացնելու՝ հարձակվել ու քաշքշել, հարվածել են երիտասարդներին, որի արդյունքում ՀԱԿ երիտթեւի ակտիվիստներ Վահագն եւ Արեգ Գեւորգյանները մարմնական վնասվածքներ են ստացել: ՀԱԿ-ը երեկ այս միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել՝ այն որակելով որպես քաղաքացիների օրինական իրավունքների խոչընդոտման հերթական դեպք: Կատարված հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել դատախազություն։ «Կոնգրեսը դատապարտում է ոստիկանության հերթական այս սադրանքը: Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունեցել Կոնգրես-իշխանություն սկիզբ առած երկխոսության ֆոնին: Փաստի մասին տեղյակ է պահվել նաեւ իշխանության պատվիրակության ղեկավարին։
Հայ ազգային կոնգրես-իշխանություն երկխոսության շրջանակներում հուլիսի 26-ի հանդիպման ընթացքում իշխանության պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետամուտ լինել հանրահավաքների իրազեկմանը, քաղաքացիների մասնակցությանը խոչընդոտելու, տրանսպորտի աշխատանքը կազմալուծելու, ոստիկանության եւ պետական այլ ծառայողների կողմից ապօրինությունների բոլոր փաստերին։ Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում իր բոլոր կառույցներին, ակտիվիստներին, հանրահավաքի մասնակիցներին՝ նմանօրինակ փաստերի մասին անմիջապես տեղյակ պահել Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ (հեռ. 52.09.74)՝ հնարավորինս որոշակիացված տվյալներով»,- ասված է ՀԱԿ հայտարարության մեջ։
Միջադեպի առնչությամբ «Առավոտը» փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանից: Վերջինս հավաստիացրեց, թե իրեն այդ միջադեպի մասին ոչինչ չի զեկուցվել, տեղյակ չէ ու չի կարող որեւէ գնահատական տալ: Ասաց նաեւ, թե իր բաժնի որեւէ ոստիկան դեպքի հետ կապված զեկուցագիր չի ներկայացրել, ոչ ոք բաժին բերման չի ենթարկվել, ուստիեւ՝ նյութեր էլ չկան: Ինչ վերաբերում է դատախազությանը հաղորդագրություն ներկայացնելու փաստին, ապա Կենտրոնի բաժնի ոստիկանապետը խնդրո առարկա միջադեպի հանգամանքները պարզելը թողեց դատախազությանը:
Իսկ ահա ի պատասխան «Ազատություն» ռ/կ-ի հարցին՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցել են, թե «ոստիկանության ծառայողները ընդամենը դիտողություն են արել՝ պահանջելով իրազեկման թերթիկները չփակցնել դրանց համար չնախատեսված վայրում»: Մինչդեռ Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Արեգ Գեւորգյանը պնդում է, որ թռուցիկները, ինչպես միշտ, իրենք փակցրել են սյուների վրա, ինչն օրենքով արգելված չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել