Հմայակ Հովհաննիսյանը՝ երկխոսության եւ Դավիթ Շահնազարյանի «լիրիկական զեղումների» մասին
«Մի կողմի մեկնաբանությամբ՝ աշխատանքային խմբերի, մյուս կողմի մեկնաբանությամբ՝ բանակցող կողմերի միջեւ տեղի ունեցող այս պրոցեսում եթե ընդդիմության ակնկալիքները հետաձգված են, օգուտները պետք է լինեն կամ չլինեն առաջիկայում, ապա իշխանությունների օգուտներն արդեն իսկ ակնհայտ եւ շոշափելի են»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում վերլուծելով իշխանություն-ՀԱԿ հանդիպումների երկու ռաունդները՝ օգոստոսի 2-ին կայանալիք ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքից առաջ ասաց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը: Հարցին՝ ո՞րն էր իշխանության «շոշափելի օգուտը», որն այսքան արագ եղավ, Հմայակ Հովհաննիսյանն ասաց. «Իշխանությունները կարողացան ՀԱԿ-ի օգնությամբ լիցքաթափել իրավիճակը, բաց թողնել գոլորշին մի պարագայում, երբ կարծես թե սոցիալական հողի վրա ընդվզումը թվում էր անխուսափելի»: Սա, մեր զրուցակցի կարծիքով, սակայն, սոցիալական այն խավերին, որոնք պատրաստ էին ամենայն ակտիվությամբ աջակցել Կոնգրեսին, եթե ՀԱԿ-ն իրենց առջեւ խնդիր դներ, օրինակ՝ անցնելու շարունակական քաղաքական ցույցերի, ակցիաների, նստացույցերի, առաջացրել է հուսահատություն եւ հուսախաբություն. «Այդ հատվածին Կոնգրեսը կարծես թե կորցրեց, եւ քանի երկարում է այս պրոցեսը՝ ձեւաչափի, հետո՝ օրակարգի ճշգրտում եւ այլն, այնքան մեծանում եւ խորանում է հիասթափությունն ակտիվ հատվածի մոտ, որոնք պատրաստ էին զրկանքների գնով աջակցել Կոնգրեսին: Եվ քանի այդ մասսան նվազում է, այս բանակցությունների ընթացքում Կոնգրեսի դիրքերը թուլանում են իշխանությունների մոտ: Ճիշտ է, Դավիթ Շահնազարյանը, որպես փորձառու դիվանագետ, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք հատուկ հանձնարարություններով դեսպան՝ կարող է համոզել, որ դա սովորական երեւույթ է, պատմությունից օրինակներ են հայտնի, որ ձեւաչափի ճշտման համար ծախսվել է բանակցային գործընթացի 80 տոկոսը եւ այլն, բայց դրանք երեւի լիրիկական զեղումներ են, որովհետեւ գործնականում Կոնգրեսի կորուստներն ակնհայտ են»:
Դիտարկմանը, որ ՀԱԿ-ը շոշափելի արդյունքների համար սահմանած ժամանակ ունի, եւ Կոնգրեսի ներկայացուցիչներն էլ ամեն օր հիշեցնում են դրա մասին, այլապես՝ սպառնալով կտրուկ քայլերի գնալ, քաղաքագետը հակադարձեց. «Այդ «եթե»-ներով Կոնգրեսի ղեկավարներին «հաջողվեց» վիժեցնել քաղաքական գարունը: Քաղաքական գարունն այդպես էլ չեկավ: «Եթե»-ներով հետաձգվեց ամառ, հիմա՝ աշուն, եւ որեւէ մեկը չի կարող երաշխիք տալ, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ աշնանն էլ նշվելու է անկախության 20-ամյակը, լինելու են այդ տարեդարձին նվիրված միջոցառումներ, համերգներ,… եւ որքան խորն է ճգնաժամը, որքան ծանր է սոցիալական լուծը ժողովրդի համար, այնքան վարչակազմերի մոտ կարեւորվում է առանձնահատուկ շուքով նման միջոցառումների անցկացման հնարավորությունը, որպեսզի շեղեն ժողովրդի ուշադրությունը»:
Նկատի ունենալով ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում առկա ժողովրդի քանակը՝ Հմայակ Հովհաննիսյանն ասում է, որ, ի վերջո, բոլորն էլ հասկանում են, որ դա չէր կարող բերել ակնկալիքների իրականացման, 1988-ի ալիքն է պետք. «Այսօր կա խորը սոցիալ-տնտեսական ճգնաժամ, բայց ասել, որ մարդիկ լուրջ հավատում են, որ եթե լինեն արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, դրանցով հնարավոր կլինի արմատապես փոխել երկրում իրավիճակը՝ չի կարելի: Մանավանդ, եթե աչքի առաջ ունենանք մեր նորագույն շրջանի պատմությունը: Մեզանում եղել են արտահերթ ընտրություններ, բայց դրանց արտահերթ լինելն այդ ընտրությունները չդարձրեցին ավելի համապատասխանող միջազգային չափանիշներին, ավելի ազատ եւ արդար, քան նախորդներն էին կամ եղան հաջորդները, հերթականները: Չի կարելի քաղաքացիներին մոլորության մեջ գցել՝ ասելով, որ եթե մեզ հաջողվի հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը, ապա դա երաշխիք է, որ իշխանափոխություն տեղի կունենա: Օրինակ, հարեւան Վրաստանում Միխայիլ Սահակաշվիլին անցկացրեց արտահերթ նախագահական ընտրություններ, եւ դրանց արդյունքում վերարտադրվեց իր վարչակազմը, նորից ամրապնդվեց իշխանության ղեկին: Սա խոսուն օրինակ է, որը վկայում է այն մասին, որ արտահերթ ընտրությունները կարող են իշխանափոխության երաշխիք դառնալ միայն այն դեպքում, եթե դրանց նախորդի գործող վարչակազմի հեռացումն իշխանությունից»: Դրանից հետո միայն, ըստ մեր զրուցակցի, եթե նոր, չեզոք, թեկուզ անկուսակցական գործիչներ կազմակերպեն նոր ընտրությունները, այլ ոչ թե այն վարչակազմը, որն ընտրությունից ընտրություն հմտացել է ընտրակեղծիքների մեջ, հնարավորություն կստեղծվի ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության եւ արմատական փոփոխությունների: Հմայակ Հովհաննիսյանը հեռու է այն մտքից, որ Կոնգրեսի ղեկավարները գիտակցաբար են գնում այս քայլերին. «Նրանք երեւի ավելի վարդագույն են պատկերացնում իրավիճակը, փորձում են իրենք իրենց համոզել, որ այդպես հնարավոր է: Կամ՝ երկրորդ տարբերակը կարող է լինել. նրանք միջազգային ատյաններից երաշխիքներ են ստացել, որ եթե լինեն արտահերթ ընտրություններ, ապա միջազգային ատյանները կապահովեն դրանց միջազգային նորմերին համապատասխանող ընթացակարգը»: Ամեն դեպքում, եթե անգամ նման երաշխիքներ կան, քաղաքագետը գտնում է, որ լուրջ վերլուծաբանների եւ մեր բանիմաց քաղաքացիների համար դաս պետք է լինի, որ այդ երաշխիքները որեւէ արժեք չունեն, քանի դեռ այս վարչակազմը մի քանի անգամ կարողացել է ընտրություններում իր համար ցանկալի արդյունք ապահովել եւ վերարտադրվել՝ միջազգային ատյաններից կորզելով այն նույն գնահատականը, որ տրաֆարետ է դարձել՝ ընտրություններն անցել են լուրջ թերություններով, բայց մի քայլ առաջ են: Իսկ թե այդ քայլ առաջն ինչո՞վ է առարկայանում, այդպես էլ ընտրությունից ընտրություն մնում է գաղտնիք: