Այդ դեպքում «Ա1+»-ի հենքի վրա աշնանից կգործի ժողովրդական ալիքը
«Ա1+»-ին աջակցող «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը դեռ այս տարվա մարտի 12-ին էր հայտարարության մեջ նշել. «Մենք ծրագրում ենք մոտ ժամանակներս ներկայացնել հայաստանյան հեռուստաեթերի ռազմավարական եւ բովանդակային քաղաքականությունը, ինչպես նաեւ հեռարձակման տեխնոլոգիական լուծումներն ամփոփող հայեցակարգ՝ բոլորիս համար օրախնդիր այս հարցում ակնկալելով ոչ միայն մասնագիտական շրջանների, այլ նաեւ ամբողջ հասարակայնության լայն աջակցությունն ու մասնակցությունը»: Սակայն մինչ այժմ ներկայացված չէ այդ հայեցակարգը: Ըստ էության՝ առայժմ կատարված չէ նաեւ այն նպատակը, որի համար ստեղծվել էր այս հիմնադրամը՝ այն է, որ սա լինելու է յուրահատուկ վերահսկող մարմին եւ պատվիրատու, որը «ժողովրդի ծրագրային պատվերը կհասցնի եւ եւ դրա կատարումը կպահանջի «Ա1+»-ից»:
Ինչո՞ւ են դանդաղում, ե՞րբ ականատես կլինենք, որ հիմնադրամն իրականացնում է այն խնդիրներն ու նպատակները, որոնց համար ստեղծվել էր՝ այս հարցերի պատասխանը փորձեցինք պարզել հիմնադրամի մի քանի հոգաբարձուներից, որոնք երեկ մասնակցում էին խորհրդի նիստին: Նշենք, որ այս նիստում փորձում էին հստակեցնել «Ժողովրդական հեռուստատեսության» եւ «Ա1+»-ի կառուցվածքային հարաբերությունները, նաեւ որոշել խորհրդի համակարգողի թեկնածությունը եւ այլն:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեր հարցին, թե ինչն է հիմնական խոչընդոտը, որ մինչ այժմ «Ա1+»-ի եթերում չկան հիմնադրամի պատվերով նկարված հաղորդումներ՝ պատասխանեց. «Կարծում եմ, կարելի է ինքնաքննադատորեն ընդունել, որ շատ դանդաղ է ընթանում գործընթացը, չնայած կան պատկերացումներ, թե ինչպես պետք է դա լինի: Պատկերացումները հետեւյալն են, թե այն գումարը, որը հավաքվել է առաջին փուլում՝ նախքան 2010 թ. մրցույթները, պետք է օգտագործվի մի հետաքրքիր ու նոր հաղորդաշարի համար, որը կտարբերվի «Ա1+»-ի հիմնական հաղորդումներից: Եվ այն կարվի հանրության հավաքած գումարով՝ որպես առաջին արտադրանք: Դրանք կարող են լինել նաեւ մի քանի հաղորդումներ, որից հետո՝ արդեն հեռավոր ապագայում, բայց քայլ առ քայլ գնալով այդ ուղղությամբ՝ պետք է «Ա1+»-ը հասնի արբանյակային հեռարձակման: Եվ այդ ժամանակ պետք է ունենա շատ լավ, որակյալ հաղորդումների մեծ պաշար, գումարներ գան ոչ թե ակցիաների ժամանակ, այլ մշտապես՝ մարդիկ ուզենան վճարել այդպիսի հեռուստատեսություն ունենալու համար: Պետք է գործել՝ ունենալու այն աշխատակազմը, որն առաջ կտանի այս գործընթացը: Առաջին հերթին՝ հոգաբարձուների խորհրդին մի շարժիչ ուժ է պետք՝ համակարգող, որը կիրագործի այն բոլոր գաղափարները, որոնք ծնվում են քննարկումների ժամանակ, կակտիվացնի խորհրդի գործունեությունը: Ես համոզված եմ, թե այս պատճառով է, որ առայժմ չեն իրականացվել հոգաբարձուների խորհրդի առաջարկներն ու մշակած ծրագրերը: Խորհրդի բոլոր անդամները շատ զբաղված մարդիկ են՝ նրանք ժամանակ չեն խնայում հավաքվելու, առաջարկներ անելու եւ քննարկելու համար, բայց իրագործելու համար չի բավարարում ժամանակը: Ուստի դա պետք է լինի մեկը, որն իր հիմնական աշխատանքը կհամարի հենց ծրագրերի իրագործումը»:
Հոգաբարձուների խորհրդի անդամ Կարինե Խոդիկյանը մեր հարցին, թե ժամկետների առումով ե՞րբ է հնարավոր համարում, որ իրականացվեն այն խնդիրները, որոնք լուծելու համար ստեղծվել է այս հիմնադրամը՝ պատասխանեց. «Մի կողմ թողնենք մեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ փնտրտուքները՝ սկսած համակարգողից, վերջացրած աշխատանքային, գործնական խնդիրներով: Եթե որոշողը ես լինեի՝ լավագույն շրջանը տեսնում եմ եթե ոչ սեպտեմբերը (դա թերեւս իրատեսական չէ), ապա գոնե հոկտեմբերի 1-ից պետք է գործի ժողովրդական ալիքը»:
«Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանն այլ ժամկետ նշեց մեր հարցին ի պատասխան, թե իր կարծիքով՝ ե՞րբ «Ա1+»-ի եթերում կտեսնենք «Ժողովրդական հեռուստատեսության» պատվերով արված հաղորդումներ. «Եթե հոգաբարձուների խորհուրդը եւ «Ա1+»-ի կազմն այս նույն ինտենսիվությամբ աշխատեն այդ ուղղությամբ՝ ենթադրում եմ, որ նոյեմբերին կունենանք անդրանիկ հաղորդումը»: Մեսրոպ Մովսեսյանը հայտնեց նաեւ, որ մինչեւ 2011 թվականի հունվարը «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի միջոցով «Ա1+»-ին իրենց քվեն էին տվել մոտ 30450 հոգի, իսկ անցած ամիսներին մուծումներ են արել եւս 700-ը. «Մայիսին ընդամենը 20-ն էին: Իսկ դրանից հետո ամեն ամիս ավելանում է քվեարկողների քանակը»: Մինչ այժմ հավաքված միջոցները դեռ որեւէ կերպ ծախսված չեն: