Ձեռագիրը վերծանում է զգացմունքները, բնավորության գծերը, կարողությունները եւ այլն
Գրաֆոլոգիան՝ ձեռագրաբանությունը, բժշկական եւ հոգեբանական բնույթ ունի: Այն էմպիրիկ գիտություն է, որը ուսումնասիրում է էմոցիոնալ եւ ֆիզիկական գործոնների համադրությունը՝ մարդու էությունն ավելի լավ հասկանալու նպատակով: Ձեռագիրը անգիտակցական սովորություն է (ռեֆլեքսոր աղեղ)՝ «ավտոմատացված ծրագիր», որը կազմավորվում է 6-8 տարեկանում: Անգիտակցական գործողություն, որի ժամանակ միտքն անմիջապես նուրբ էլեկտրական իմպուլսներ է ուղարկում դեպի ձեռքերը եւ մատները՝ հաղորդելով այն, ինչ մտածում ենք: Իսկ հասուն տարիքում չենք մտածում, թե ինչպես ենք գրում, այլ միայն ինքնաբերաբար եւ անգիտակցաբար գրում ենք: Ձեռագրաբանության օգնությամբ կարելի է վերծանել բնավորության գծերը, զգացմունքները, բանական կարողությունները, մտավոր գործընթացները, ֆիզիկական եւ հոգեւոր էներգիան եւ այլն: Լավ ձեռագրաբանը միայն առաջին հայացքից կարող է բացահայտել մոտավորապես 100 անհատականության գծեր: Ըստ «The Wall Street Journal»-ի տարածած հայտարարության՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Հոլանդիայում եւ Իսրայելում 500 լավագույն ընկերությունների մոտավորապես 80%-ը մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում օգտագործում էր ձեռագրաբանության վերլուծությունը՝ որպես մարդու ներաշխարհի բացահայտման մեթոդ: Գրաֆոլոգիան՝ որպես ճշգրիտ գիտություն ի հայտ է եկել Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում: Այս գիտության տեխնիկան այդքան բարդ չէ: Դրա միջոցով ձեռագիրը կարելի է վերլուծության ենթարկել 15 րոպեում, իսկ փորձառու մասնագետ-ձեռագրաբանը կես ժամվա ընթացքում կարող է վերծանել 100-ից ավելի բնավորության գծեր: Իսկ ձեռագրի վերլուծության համար նախ եւ առաջ պետք է թեթեւ գրել՝ առանց որեւէ ջանք գործադրելու: Ձեռագրաբանության ամենակարեւոր չափանիշներն են՝ գրվածքի տառատեսակի չափսը, հիմնական գծի ոճը, գծերի եւ բառերի միջեւ եղած տարածությունը, տառերի ձեւը, գրվածքի մեծությունն ու անկյունը: Այսպես, օրինակ, շատ մանր գրելաոճը բացահայտում է արտիստիկ՝ գեղարվեստական անհատականության: Անհատ, որը խորասուզվում է մանրուքների մեջ ամեն տեսակի հարցում: Ընդհանրապես այսպիսի ձեռագիր ունեցողները մասնագիտանում են մեկ բնագավառում, ունեն կյանքի մեկ նպատակ եւ իրենց ժամանակը կամ էներգիան չեն ծախսում այլ գործողություններում: Մանր ձեռագիր ունեցողները բանական եւ կիրթ անհատականություններ են: Նրանք մեթոդիկ են, բծախնդիր, ունեն նկատելու սուր զգացում եւ կարողանում են գլուխ հանել կյանքի տարբեր պահերին: Միջին չափսի ձեռագիր ունեցողները հավասարակշռված են, մեթոդիկ եւ ունեն առողջ բանականություն: Ստեղծված են ավելի շատ բիզնեսի, քան ծառայություններ մատուցելու համար: Խոշոր ձեռագիր ունեցողները ակտիվ մտքի տեր մարդիկ են: Այսօրինակ մարդիկ սիրալիր են, վստահելի եւ կարող են ազդել շրջապատի վրա: Դառնում են շատախոս այն ժամանակ, երբ կենտրոնանում են սեփական գործողությունների վրա: Շատ խոշոր ձեռագիր ունեցողները համարվում են կարեւոր մարդիկ կյանքի տարբեր ոլորտներում եւ խուսափում են քննադատվելուց: Հաստատուն գրելաոճը (նույն չափսի տառերը) մեթոդիկ մտքի ցուցանիշ է: Նվազող տառատեսակը հնարամտության, ճարպկության եւ նույնիսկ խորամանկության ցուցանիշներ են: Այսպիսի մարդիկ ընկերասեր են, նրբանկատ եւ ազնիվ: Իսկ աճող տառատեսակը բացահայտում է ազնիվ, սահմանափակ վարվելակերպ ունեցող անհատին, որը սիրում է արտահայտվել եւ աշխատել ազնիվ ճանապարհով: Դեպի աջ թեքված տառերը բացահայտում են շփվող, ընկալունակ, սիրալիր, սակայն ազդեցության տակ ընկնող մարդկանց: Ուղղահայաց գրելաոճը ցույց է տալիս անկախ եւ ազատ լինելու ցանկությունը: Ձախ թեքվածություն ունեցող տառերը մատնանշում են զսպված եւ զգացմունքային անձնավորությանը, որը ինքն իր հանդեպ մշտապես ազնիվ լինելու կարիք ունի: Իսկ շահագործելու պարագայում՝ դառնում են դժգոհ եւ դժբախտ:
Տառերի բարձրությունը պետք է բաժանել երեք՝ վերին, միջին եւ ստորին տարածքի, իսկ յուրաքանչյուր տառի կատարյալ չափսը պետք է լինի մոտ 3 մմ: Ուստի սովորական տառի չափսը պետք է լինի 9 մմ, որը ցույց է տալիս, որ անհատը էքստրավերտ է, պարծենկոտ, թեեւ այլոց ներկայությամբ բավականին զսպված: 9 մմ-ից փոքր տառերի չափսը բացահայտում է բանական անհատին: Այսպիսի տառատեսակը բնորոշ է մտածողներին, ակադեմիկոսներին: Եթե տառերը փոքր են եւ նուրբ գրված, ուրեմն մարդը անծանոթների հետ շփման մեջ դժվարությունների է հանդիպում՝ չկարողանալով հեշտությամբ փոխել սեփական սոցիալական դիրքը, անգամ, եթե առկա է այն իրականացնելու մեծ ցանկություն: Ընդհատված՝ անջատ-անջատ գրելաոճը բացահայտում է երազներում ապրող եւ չափազանց ակտիվ մարդկանց: Այդպիսի մարդիկ սիրում են արվեստն ու բնությունը: Փոքր եւ սեղմված ձեռագիրը մերկացնում է չափազանց արտահայտվող, փողային հարցերում զգույշ, կասկածամիտ եւ բիզնեսում հաջողակ անձանց: Եթե տառերի հեռավորությունը մեծ է՝ գործ ունենք ազատ եւ անկախ լինելու ցանկությամբ մարդկանց հետ: Եթե տառերը չափազանց հեռու են միմյանցից, տվյալ մարդիկ արտահայտվող, ցուցադրող, ակտիվ, ինքնահավան, մեծամիտ, կյանքի հաճույքները սիրող, անկայուն եւ շռայլող մարդիկ են: Ուստի պետք է ուշադիր լինեն փողային գործերում: Եթե տառերի միջեւ հեռավորությունը փոքր է, ուրեմն խոսքը շփվող, բռնկվող եւ ակտիվ անձանց մասին է: Իսկ եթե այն շատ փոքր է՝ անձը բարդ է եւ սիրում է այլոց կյանքով ապրել: Եթե միեւնույն անձը միաժամանակ գրում է եւ մոտիկ, եւ հեռու, ուրեմն գործ ունենք զգացմունքային եւ անկայուն անհատի հետ: Ընդհանրապես, դեպի ներքեւ իջնող՝ նվազող տողերը խոսում են դեպրեսիայի եւ վատատեսության մասին: Եթե տառերին հաջորդում է ուռուցիկ գիծ, ուրեմն տվյալ անձը յուրաքանչյուր գործ սկսում է մեծ ոգեւորությամբ, սակայն հետագայում, կորցնելով հետաքրքրությունը՝ հրաժարվում է տվյալ գործից: Իսկ առանց ձեւավորումների՝ ուղիղ ձեռագրի հասցեատերերը բծախնդիր են, աշխատասեր եւ գործնական: Նրանք առհասարակ զբաղված են եւ զսպված: Սրածայր տառերը խոսում են եռանդուն, ագրեսիվ, կառավարելու եւ նպատակին արագ հասնելու ցանկությամբ անձանց մասին: Այսօրինակ մարդիկ չեն սիրում ոչ մի տեսակի քննադատություն: Հավասար տառերը խոսում են չափազանց հոգատար եւ պատասխանատու անձանց մասին: Նրանք սիրում են սկսած գործը ավարտին հասցնել եւ մանրուքների սիրահար են: Անհավասար տառերը մերկացնում են վստահելի եւ անվճռական մարդկանց: Այսպիսի անձինք նախընտրում են հեշտ ճանապարհներով հասնել հաջողության: Սեղմված գրելաոճը հատուկ է ներշնչվող եւ լուրջ անհատին: