Լրահոս
Օրվա լրահոսը

Օրակարգում ուսանողական սպորտն է

Հուլիս 28,2011 00:00

\"\"Օգոստոսի 12-23-ը Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվելու են ուսանողական մարզական համաշխարհային 26-րդ խաղերը, որոնց Հայաստանը, որպես անկախ պետություն, մասնակցում է 1993 թվականից, երբ հիմնադրվեց Հանրապետական ուսանողական մարզական ֆեդերացիան եւ անդամագրվեց միջազգային ֆեդերացիային:

Նախորդ ինը խաղերում մեր ուսանող մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճել են 14 մեդալ, որոնց մեջ առայժմ ոսկի չկա: Ի՞նչ ակնկալիքներով ենք այս տարի մեկնում Չինաստան: «Առավոտի» զրուցակիցը Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանն է:
– Մարզական ցուցանիշների առումով այս ունիվերսիադան մեզ համար նախորդներից տարբերվելո՞ւ է:
– Սա մեր ուսանող մարզիկների տասներորդ մասնակցությունն է լինելու եւ մարզիկներն ավելի լուրջ նպատակներով են մեկնում Շենժեն: Առաջին անգամ Խաղերի ծրագրում ընդգրկվել են ծանրամարտն ու շախմատը (թիմային-անհատական), իսկ այս մարզաձեւերում մենք պարբերաբար մարզական լավ արդյունքներ ենք արձանագրում: Բայց սա չի նշանակում, թե մեր մյուս մասնակիցները, ասենք, թեքվանդոն կամ ձյուդոն, չեն կարող պայքարել մեդալների համար: Բայց դրանց կողքին կան անհատական մարզաձեւեր, որոնցում մենք այնտեղ անելիք չունենք: Օրինակ՝ լողը: Այս մարզաձեւում մենք Հայաստանում անելիքներ շատ ունենք, առաջին հերթին՝ մասսայականացնելու, հետագայում՝ վարպետության աճի հարցերում:
– Քանի՞ մարզաձեւից ենք մասնակցելու եւ ովքե՞ր են ներկայացնելու մեր երկիրը:
– Շախմատ՝ գրոսմայստերներ Զավեն Անդրիասյան, Ավետիք Գրիգորյան, Հրանտ Մելքումյան եւ միջազգային վարպետ Աննա Հայրապետյան: Ծանրամարտ՝ Աղասի Աղասյան՝ 77 կգ, Արամ Անդրիկյան՝ 85, Նորայր Վարդանյան եւ Վարդան Դավթյան (երկուսն էլ՝ 94 կգ), Հայկ Հակոբյան՝ +105 կգ: Ձյուդո՝ Գրիգոր Իվանյան՝ 60 կգ, Փայլակ Վարդազարյան՝ 66, Դավիթ Դավթյան՝ 73: Թեքվանդո՝ Հայկազ Սամվելյան՝ 58 կգ, Լեւոն Փաշաբեզյան՝ 68, Արման Երեմյան՝ 80: Թենիս. Սերգեյ Ոսկանյան:
– Ինչպես միշտ, քիչ մարզիկներով ենք մեկնում ու էլի առանց խաղային մարզաձեւերի ներկայացուցիչների:
– Դա իր հիմնավոր պատճառներն ունի: Նախ, ճիշտը նրանց վստահելն է, որոնք կարող են արժանապատիվ պայքարել կամ առնվազն մեզ համար հեռանկարային մարզիկներ են: Երկրորդ, հեռավորությունն է շատ մեծ եւ դրա հետ կապված՝ ծախսերն են շատ, ինչի հնարավորություններն առայժմ սուղ են: Իսկ ինչ վերաբերում է թիմային մարզաձեւերին, ցանկության եւ նյութական հնարավորությունների դեպքում էլ չենք կարող մասնակցել, քանի որ ունիվերսիադայի կանոնակարգով դրա իրավունք տրվում է այն թիմերին, որոնք այդ մարզաձեւերում մտնում են աշխարհի 16 ուժեղագույնների մեջ:
– Մարզական առումով ունիվերսիադան, կարծես, այնքան էլ մեծ հեղինակություն չի վայելում աշխարհում:
– Ես հակառակը կասեի: Գուցե մեզ մոտ այդպես մտածում են նրանք, ովքեր թյուր պատկերացում ունեն դրանց մասին: Պայքարի լարվածությամբ ուսանողական խաղերը զիջում են, թերեւս, միայն օլիմպիական խաղերին ու տվյալ մարզաձեւերի աշխարհի մեծահասակների առաջնություններին, որովհետեւ բոլոր երկրների ազգային հավաքականները 90-ից ավելի տոկոսով համալրված են լինում հենց ուսանողական տարիքի մարզիկներով: Այնպես որ, այստեղ էլ պայքարում են իրենց երկրների առաջատար մարզիկները: Իսկ ուսանողական խաղերի հաղթողները հետագայում, որպես կանոն, դառնում են օլիմպիական եւ աշխարհի չեմպիոններ ու մրցանակակիրներ:
– Լավ մասնակցելու համար լիարժեք նախապատրաստություն պետք է անցնել: Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան այդ խնդրով զբաղվե՞լ է:
– Մեր ֆեդերացիան ուսանող մարզիկների համար ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու անհրաժեշտություն չի ունեցել, որովհետեւ նրանք բոլորն էլ, լինելով մեր ազգային հավաքականների թեկնածուներ, մշտապես գտնվել են իրենց ֆեդերացիաների պլանային հավաքներում, մասնակցել մարզումների եւ մրցումների: Այնպես որ, մեր ուսանողները Շենժեն մեկնում են լավ մարզավիճակում: Հուսանք, որ մինչեւ խաղերի մեկնարկը վնասվածքներ կամ խանգարող այլ հանգամանքներ չեն լինի:
– Հանրապետությունում ուսանողական մարզական խաղեր ամեն տարի անցկացվում են: Դրանք ազդո՞ւմ են մարզիկների ցույց տրվող արդյունքների աճի վրա:
– Անշուշտ: Եթե 90-ականներին մարզաձեւեր կային, օրինակ, վոլեյբոլը, որտեղ այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե խաղադաշտում գտնվողները երբեք գնդակին չէին դիպել, հիմա պատկերը միանգամայն այլ է եւ արդեն բավականին հետաքրքիր պայքար է ծավալվում:
– Բուհերի մեծամասնությունը նախկինում կենտրոնացված էր մայրաքաղաքում: Հիմա մարզերում էլ նմանատիպ հաստատություններ են գործում: Նրանք ակտի՞վ են:
– Պատկերացրեք՝ բավականին: Ու սրանից հետո ավելի ակտիվանալու հեռանկար է բացվում:
– Ի՞նչը նկատի ունեք:
– Հավանաբար տեղյակ եք, որ գոյություն ունի նաեւ Եվրոպայի ուսանողական մարզական ասոցիացիա, որին Հայաստանը չէր հասցրել անդամագրվել: Մոտ երկու ամիս առաջ եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչները Հայաստանում էին: Նրանց հետ հանդիպման ժամանակ մեր ուսանողական ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պայմանավորվեց, որ կարճ ժամանակում մենք համապատասխան հայտը կներկայացնենք:
– Ու դա ի՞նչ կտա մեր ուսանողական սպորտի զարգացմանը:
– Եվրոպական ասոցիացիան անցկացնում է իր ուսանողական խաղերը: Սակայն լրիվ այլ սկզբունքով, ինչը շատ նման է ակումբային մրցումներին: Այնտեղ հանդես են գալիս ոչ թե այս կամ այն մարզաձեւի տվյալ երկրի ուսանողական ազգային հավաքականները, այլ ներքին մրցումներում հաղթած բուհերի, բուհական ակումբների թիմերը: Օրինակ, եթե մեր ֆեդերացիան անդամագրվի այդ ասոցիացիային եւ դրանից հետո Հայաստանի ուսանողական խաղերում, ասենք, թենիսի հաղթող դառնա այսինչ բուհը, ուրեմն հենց նա էլ իր ներկայացուցիչներին եվրոպական խաղերին գործուղելու իրավունք կստանա: Սա կասկածից վեր է, կխթանի բուհերում սպորտն ավելի ամուր ու կայուն հիմքերի վրա դնելուն եւ հանրապետական խաղերին լավագույն ձեւով նախապատրաստվելուն եւ մասնակցելուն: Բացի դա, հիմա մենք մտածում ենք հանրապետության ներսում նաեւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 2012 թվականից ֆիզկուլտուրան եւ սպորտը ակտիվացնելու մասին: Այդ նպատակով նրանց միջեւ առանձին մարզական խաղեր կազմակերպելու ծրագիր արդեն մշակել ենք, կանոնադրությունը՝ գրել, որը կներկայացնենք ՀՀ ԿԳ նախարարություն՝ հաստատելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել