Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՛ բավարարվեք ռուսական մշակույթի ավանդներով

Հուլիս 28,2011 00:00

Ֆրանսահայ դերասան Ժիրայր Փափազյանը հայաստանցիներին կոչ է անում այլ  մշակույթների էլ հաղորդակից լինել

«Ոսկե ծիրանը» կարողացա վայելել վերջին օր՝ անձրեւներու տակ՝ ճուտիկների պես դեղին հագնված»,- երեկ լրագրողների  հետ հանդիպմանը կատակեց  ֆրանսահայ դերասան Ժիրայր Փափազյանը: Նա Հայաստանում է նշված փառատոնի շրջանակներում: Նրա դերակատարմամբ ֆիլմը՝ Լեւոն Մինասյանի «Դաշնամուրը», ցուցադրվեց «Ոսկե ծիրանին»:  Դերասանը պատմում է՝ ինքը ֆիլմում գյումրեցի է, պարիկով, շատ ծիծաղաշարժ: «Բոլորն ինձ ընդունեցին՝ բացի գյումրեցիներից»,- ասում է նա: «Դաշնամուրը» ֆրանսիական արտադրության է, նկարահանվել է «Շարմ» ընկերության հետ համատեղ: Ցուցադրվել է եվրոպական  մի շարք երկրներում եւ արժանացել մրցանակների: Դերասանը հույս հայտնեց, որ հայաստանյան հեռուստաընկերություններով էլ այն մի օր եթեր կբարձրանա:  Իսկ թե ինչո՞ւ են հենց իրեն հրավիրել գյումրեցու դերը խաղալու, մի՞թե գյումրեցի դերասան չկար հարցին՝ հումորով պատասխանում է. «Ինքս ինձ տալիս եմ այդ հարցը, թե ինչո՞ւ ինձ կանչեցին Փարիզից: Ուրիշ բացատրություն չունեմ՝ շատ լավ դերասան եմ»:
Դերասանը պատմում է, որ վերջին տարիներին բուռն ստեղծագործական կյանքով է ապրել, ներկայացումներով հանդես  եկել Մարսելում,  Մադրիդում, Մոնրեալում եւ այլուր: Այս տարի Մարսելի «Օդեոն» թատրոնում ֆրանսերեն ներկայացրել է Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերան եւ արժանացել ֆրանսիացի հանդիսատեսի գովասանքին: «Ասում էի՝ ամոթ է այսքան երկրներում խաղալուց հետո Հայաստան չգամ»,- նշում է նա՝ ափսոսալով, որ չկարողացավ ընդունել Հարություն Խաչատրյանի առաջարկը՝ այս տարի լինել «Ոսկե ծիրանի» հանդիսավարը. զբաղված էր Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» ներկայացման հյուրախաղերով: «Երեւի մյուս տարի կլինեմ»,- հուսով է նա:
Լրագրողներին հետաքրքրեց, թե որքանո՞վ է ֆրանսահայ համայնքը մասնակցում հայկական մշակույթի զարգացմանը եւ օգնում հենց դերասանին: 5%-ով աջակցում են մշակույթի  զարգացմանը, 1 %-ով՝ օգնում  իրեն: Այսպիսին էր Ժիրայր Փափազյանի գնահատականը: «Համայնքից հույս չկա: Սփյուռքում մշակույթ չկա, չի մնացել: Կորել ենք, օտարացել,- ասում է նա՝ ավելացնելով,- ես միշտ կարծում էի, որ մենք՝ հայերս, Լոնդոնում կամ Փարիզում մի քիչ ապրելով կզարգանանք, մինչդեռ մնում ենք մեր տրադիցիոնների մեջ, դա հայապահպանում ենք մենք անվանում եւ չենք փոխվում»:
 Նա զարմանում է՝  Փարիզում ֆրանսերեն «Կարինե»  ներկայացման ժամանակ 800 հոգուց 4-ը հազիվ հայ լիներ: Կարծում է, որ եթե անգամ օպերան հայերեն լիներ՝ հայերի թիվը մեծ չէր լինի: Ըստ նրա, Ֆրանսիայում հայերին միայն «գենոցիդն» է հետաքրքրում:
«Երբ ինձ հարցնում են՝ Ֆրանսիայում ի՞նչ տարեկան մշակութային գործունեություն կա, ասում եմ՝ 4 անգամ գենոցիդի մասին կոնֆերանս  կա,- նշում է  Ժ. Փափազյանը եւ դժգոհում սփյուռքի բարեգործական միություններից եւ մեծահարուստներից:- Երբ նրանց ինչ-որ հարցով դիմում ես, ասում են՝ ես Հայաստանում շենք, եկեղեցի եմ կառուցում, ջուր եմ անցկացնում: Ասում եմ՝ լավ, հասկըցանք, ճիշտ եք անում, լավ եք անում, բայց հինգ տոկոս տվեք մշակույթի համար, մնացածն ուղարկեք Հայաստան»: Ֆրանսահայ արվեստագետը մտածում է, որ այսպես շարունակելու դեպքում՝ առանց մշակույթի՝ սփյուռքը կուծանա:
«Առավոտին» հետաքրքրեց՝ ֆրանսահայ դերասանը հետեւո՞ւմ է Հայաստանի մշակութային կյանքին եւ ի՞նչ կարծիք ունի: Ասում է՝ «լավ չհասցրի ուսումնասիրել»: Պատմում է՝ Հայաստանում մշակութային կյանքին վերջին անգամ 70-ական թվականներին  է մասնակցել.  «Մի քանի բաներ, որ տեսա, մտածեցի՝ լավ էր, բայց ոնց որ թե հիմա էլ այդ 70-ական թվականներից այս կողմ չեն եկել»:
Մեզ հետաքրքրեց, ըստ բանախոսի, ի՞նչ պետք է արվի Հայաստանում մշակույթը զարգացնելու համար: Նրա կարծիքով, պետք է շատացնել հայաստանցիների շփումը այլ երկրների մշակութային գործիչների հետ, մշակութային գործերը մատչելի դարձնել բոլորի համար, կազմակերպել ցուցադրություններ եւ չբավարարվել տարիներ շարունակ հայկական մշակույթը կերակրող ռուսական մշակույթի ավանդներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել