Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎԱՆԻ ԽՈՐԵՈԳՐԱՖԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է

Հուլիս 28,2011 00:00

Եվ  վերջին հույսն էլ ՀՀ նախագահն է

\"\"

ՌԴ ժողովրդական արտիստ, անվանի բալետմայստեր, խորեոգրաֆ Մաքսիմ Մարտիրոսյանի մասին խոսելիս  ճանաչված բալետի արտիստուհի, Վրաստանի ազգային բալետային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլին ժամանակին «Առավոտի» հետ զրույցում նախ հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է զգում իրեն Մաքսիմ Սահակիչը, հետո էլ «հորդորեց»՝ լավ պահել մեր լեգենդին: Հիշեց նաեւ, որ Մոսկվայում սովորել է Մարտիրոսյանի ղեկավարությամբ եւ հանդես եկել նրա խորեոգրաֆիայով բեմադրված Ռոջեր Վիլյամսի «Երիտասարդություն» ներկայացման մեջ:
Տեւական ժամանակահատված է, ինչ Մ. Մարտիրոսյանը չի կարողանում հանդիպել ՀՀ մշակույթի նախարարին՝ լուծելու իր լիբրետոյի հիման վրա ստեղծված՝ կոմպոզիտոր Էդ. Սադոյանի «Նարեկացի, ձայն առ Աստված» բալետի բեմադրության հարցը: Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական խորհրդի՝ 30.01.2010թ. նիստի արձանագրությամբ որոշվել էր  այս տարի իրականացնել բեմադրություն, այն նվիրելով Մ. Մարտիրոսյանի ծննդյան 80 եւ ստեղծագործական գործունեության 60-ամյակներին: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Մ. Մարտիրոսյանն ասաց, թե հիասթափված է, բայց ոչ հուսահատված. «Վերջին հույսս ՀՀ նախագահն է…»:  Պարոն Մարտիրոսյանի հավաստիացմամբ, Օպերային թատրոնի գեղարվեստական խորհրդի նախագահ մշակույթի նախարարը այդպես էլ չի կարողանում ընդունել ու լսել բալետմայստերին, մինչդեռ խորհրդային տարիներին ԽՍՀՄ կուլտուրայի մինիստր Եկատերինա Ֆուրցեւան անձամբ էր գնում Մոսկվայի պարարվեստի ակադեմիա՝ գեղարվեստական ղեկավար (17 տարի անընդմեջ) Մ. Մարտիրոսյանի հետ քննարկելու ստեղծագործական հարցեր: Այժմ բոլորից մեկուսացած արվեստագետը Երեւանի պարարվեստի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է:  Մոտ 7-8 ամիս է, որ նրանից ծածուկ՝ մշակույթի նախարարությունը եւս մեկ գեղարվեստական ղեկավար  է նշանակել՝ Վահան Բադալյանին, եւ միջնորդություն ներկայացրել կառավարություն՝ թատրոնը վերակազմավորելու փոքր դրամատիկականի: Ի պատասխան այս նախաձեռնության, վարչապետ Սարգսյանը մերժել է նախագիծը եւ ասել՝ քանի դեռ կա Մաքսիմ Մարտիրոսյանը, այդ թատրոնը պիտի ապրի: 1997թ. իր հիմնած թատրոնում խորեոգրաֆն իրականացրել է մի շարք բեմադրություններ: «Գերադասում եմ  օրիգինալ բեմադրություններ իրականացնել, տուրք տալով ազգայինին: Ճիշտ է, ստեղծագործական առումով ժամանակավոր պասիվ շրջան եմ ապրում, սակայն հուսով եմ՝ ձեռնամուխ կլինեմ 12 կոմպոզիտորների դիվերտիսմենտներից բաղկացած յուրահատուկ մի ներկայացման»,- ասաց մեր զրուցակիցը: Հիշեց, որ խորհրդային տարիներին, երբ ղեկավարում էր 110 արտիստից բաղկացած Ազգային օպերային թատրոնի բալետային խումբը, պետական քաղաքականություն կար՝ տարեկան 2-ական օպերա եւ բալետ բեմադրել, մեկը՝ ազգային, մյուսը՝ եվրոպական: Անդրադառնալով «Նարեկացի, ձայն առ Աստված»-ին, հայտնեց, որ սկսած 2003թ., ծավալուն աշխատանք է արված, թատրոնի նվագախմբի կատարմամբ ձայնագրվել է երաժշտությունը (դիրիժոր՝ Կ. Դուրգարյան) եւ հնչել համերգային կատարմամբ (դիրիժոր՝ Կ. Լավչյան), իսկ նկարիչ-բեմադրիչն է Ռոբերտ Էլիբեկյանը: Հիշեց, որ Կարեն Դեմիրճյանի հրավերով 1987թ. Մոսկվայից Երեւան վերադառնալուն պես առաջին հիասթափությունն է ապրել, տեղեկանալով, որ օպերային թատրոնի երկացանկից հանվել է 1969թ. իր բեմադրած Էդ. Հովհաննիսյանի «Անտունի» բալետը: «Երբ ժամանակին Իգոր Մոիսեեւը իր խմբով գտնվում էր Երեւանում, ցանկություն հայտնեց դիտել «Անտունին», նույնը խնդրել է նաեւ Բորիս Էֆմանը: Ի դեպ, վերջինիս ղեկավարած բալետային խմբի համար Սանկտ Պետերբուրգի կառավարության որոշմամբ կառուցվում է «Պարի պալատ»,- ասաց Մ. Մարտիրոսյանը: Խնդրեցինք կարծիք հայտնել Ազգային օպերային թատրոնի բալետային խմբի եւ Պարարվեստի պետական քոլեջի մասին: Մ. Մարտիրոսյանը նշեց, թե թատրոնը ինչքան մեծանուն խորեոգրաֆներ հրավիրի, այնքան ավելի լավ, բարձր արվեստի համար պետք չէ խնայել ոչ մի կոպեկ… Հայկական բալետի համար ոսկե շրջան համարեց 1950-70-ականները, երբ Երեւանում աշխատել են Վլադիմիր Վարկավիտսկին եւ Եվգենի Չանգան, թատրոնի խաղացանկում եղել է շուրջ 30 ներկայացում, այդ թվում՝ հայ հեղինակների: Հետո էլ ասաց. «Հիանալի պարողներ կան թատրոնում, սակայն բալետի վիճակի մասին խոսել չեմ ուզում… Ռուդիկը (Ռուդոլֆ Խառատյանը) հիանալի արտիստ է, բայց ո՛չ որպես գեղարվեստական ղեկավար: Այդ պաշտոնը ստանձնած անձը պետք է լինի կազմակերպիչ ու լավ «թափ» ունենա: Ինչ վերաբերում է պարարվեստի քոլեջին, հիացած եմ տնօրենի եւ ողջ մանկավարժական կազմի աշխատանքով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել