Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՍՈՎՈՅԻ ԵՎ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԱՐՎԵԼ ԵՆ

Հուլիս 28,2011 00:00

Կոսովոն կրկին հայտնվել է միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Կոսովոյի կառավարության փոխանցմամբ, հուլիսի 25-ի երեկոյան ոստիկանությունը փորձել է իր վերահսկողության տակ վերցնել Սերբիայի հետ սահմանին՝ Հյուսիսային Միտրովիցայում գտնվող երկու անցակետերը, ինչը նոր լարման պատճառ է դարձել: Աշխարհում արդեն սկսել են խոսել, որ Կոսովոյի եւ Սերբիայի հարաբերությունների «ջերմացման» փուլն ավարտվեց:
News.am-ի փոխանցմամբ, տեղի սերբերը փակել են ճանապարհը եւ զինված դիմադրություն ցույց տվել Կոսովոյի ոստիկաններին, որի արդյունքում մեկ ոստիկան մահացել է: Պաշտոնական վարկածի համաձայն, ոստիկանների ջոկատն ընկել է շրջափակման մեջ: Կոսովոյի ալբանցիների պատասխանը չի ուշացել. «Մենք չենք կարող դիտորդի դերում մնալ եւ մշտապես հանդուրժել, որ մեր տարածքի մի մասը սեւ անցք դառնա ոչ միայն Կոսովոյի, այլեւ ողջ Եվրոպայի համար: Մենք չենք կարող հանդուրժել մեր սուվերենության խախտման փաստերը»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին: Նա նաեւ նշել է, որ Բելգրադը «պատերազմ չի սկսի» Կոսովոյի իրավապահների կողմից այդ երկու անցակետերը գրավելու պատճառով եւ կփորձի խնդիրը կարգավորել դիվանագիտական ճանապարհով:
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը կոչ է արել Բելգրադին եւ Պրիշտինային՝ շտապ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ, նաեւ հայտարարել է. «ԱՄՆ-ն ափսոսում է, որ նախորդ գիշերը Կոսովոյի կառավարության գործողությունները համաձայնեցված չեն եղել միջազգային հանրության հետ»:
Բրյուսելում նույնպես արձագանքել են տեղի ունեցածին. «Մենք համարում ենք, որ Կոսովոյի իշխանությունների գործողությունները գործին օգուտ չեն տվել: Մենք այն հավանության չենք արժանացնում»,- հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել