Չինաստանում ոստիկանությունը՝ իրականացված հատուկ գործողության արդյունքում, փրկել է Վիետնամից ապօրինաբար բերված 89 երեխայի: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Ոստիկանությունը լայնածավալ գործողություն էր իրականացրել Չինաստանի հարավում՝ մարդկանց առեւտրով զբաղվող հանցախմբերին չեզոքացնելու համար: Արդյունքում ապօրինի ճանապարհով մանկահասակ աղջիկներ երկիր բերելու կասկածանքով կալանավորվել է 369 մարդ:
Հաղորդվում է, որ մարդկանց առեւտրով զբաղվողները երեխաներին թմրադեղ են ներարկել ու անցկացրել Վիետնամի եւ Չինաստանի սահմանը:
Փորձագետները ենթադրում են, որ նման դեպքերի կտրուկ աճը դարձել է երկրում իրականացվող «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը, որը Չինաստանի իշխանությունները հետեւողականորեն են իրականացնում՝ երկրի բնակչության աճի տեմպերը զսպելու համար:
Այսօր մարդկանց առեւտրի «սեւ շուկայում» տղա երեխաների գինը հասնում է մինչեւ 6 հազար դոլարի, այն դեպքում, երբ աղջիկները «գնահատվում» են մոտավորապես 500 դոլար:
Ոստիկանության ձեռնարկած գործողությունը, որն ամենայն մանրամասնությամբ ներկայացվել է հանրությանը, իրականացվել էր հուլիսի 20-ին: Ավելի վաղ, հուլիսի 15-ին, Չինաստանի ոստիկանությունը հաջողությամբ իրականացրել էր նաեւ առեւանգված երեխաներին ազատելու հատուկ գործողություն, որի արդյունքում հաջողվել էր փրկել 8 նորածնի կյանք եւ կալանավորել «կենդանի ապրանքի» առեւտրով զբաղվելու մեջ մեղադրվող 39 մարդու:
Աղբյուրի մատուցմամբ, չնայած նման հանցագործության համար սահմանված խստագույն պատժի՝ մահապատժի, հանցագործության այդ տեսակը Չինաստանում ծաղկում է ապրում: