Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մենք ու Ռուսաստանը

Հուլիս 28,2011 00:00

\"\"Ի՞նչ են գրում դիմորդները միասնական քննությունների մասին

ՌԴ միասնական պետական քննությունների պաշտոնական կայքի ֆորումում՝ forum.ege.edu.ru-ում, ռուսաստանյան դիմորդները գրում են քննություններից իրենց տպավորությունների մասին: Օրինակ՝ մի դիմորդ նշում է, որ ամբողջ տարին քրտնաջան պարապել եւ ինքնուրույն է հանձնել մաթեմատիկայի քննությունը: kinoman անունով այցելուն էլ ափսոսում է, որ իր ընկերոջ նման ճարպիկ մորաքույր չունի, ով ամեն ինչ անում է ընկերոջ փոխարեն՝ ընդհուպ միասնական քննություններն «առնելը»: meduzzzzza-ն զարմանում է, որ միասնական քննությունների պաշտոնական կայքում որոշ դիմորդներ գրում են, թե քննություններն իր ուժերով չի ստացել ու ոչ ոք, բացի շարքային այցելուներից, չի արձագանքում դրան:
Hippie 2011-ը գրում է, որ քննություններին ազնիվ է աշխատել, բայց եթե մի քիչ պնդերես լիներ կամ կարողանար արտագրել, հաստատ ավելի բարձր միավորներ կհավաքեր: Leisan -ը ֆորումում գրում է, որ իր կրկնուսույցը պնդել է, որպեսզի բջջայինը հետը վերցնի ու չիմացած հարցի վերաբերյալ անպայման հաղորդագրություն ուղարկի, ինչը դիմորդին չի հաջողվել եւ ցածր միավորներ է ստացել: Շկրիպլյան էլ գրում է, որ երկրի կեսը արտագրել է, եւ պետք չէ սուրբ ձեւանալ:
ՌԴ միասնական քննությունների պաշտոնական կայքի ֆորումում քիչ չեն այն դիմորդները, ովքեր հպարտանում են, թե ինքնուրույն են գրել թեստերը, դրա համար էլ ցածր են ստացել, բայց այնուամենայնիվ հպարտ են իրենց գնահատականներով: Pixel անունով այցելուն նրանց մասին ասում է. «Դե բավական է ձեզ մխիթարեք, այ, կտեսնեք, թե ոնց բութ եւ անգրագետ դիմորդները իրենց բարձր միավորներով կընդունվեն, իսկ դուք՝ ոչ: Ախր կյանքը բազմիցս ցույց է տվել, որ այս երկրում արդարն ու ազնիվը տեղ չունեն»:
Ոմանք էլ նշում են, որ իրենց ծանոթները, լինելով «տախտակ», բայց ապահովված ընտանիքներից, ամենաբարձր միավորներին են տիրացել, սակայն իրենք չեն կարող ապացուցել, որ դա կեղծիք է: Danek 2005-ը գլուխ է գովում, որ ոչ մի քննության ժամանակ չի չարչարվել, անընդհատ բջջայինով կապվել է կրկնուսույցների հետ, սրանք էլ իրեն օգնել են: Այդ դիմորդը զայրացրել է կայքի մյուս այցելուներին:
Հայաստանի միասնական քննությունների կազմակերպիչ ԳԹԿ-ն եւս ֆորում ունի, բայց արձագանքները հանրային չեն, հարցերը այստեղ «նստում» են ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանի էլեկտրոնային հասցեին: «Մենք անմիջապես պատասխանում ենք դիմորդի հարցին եւ նույնիսկ շնորհակալություններ ստանում»,- «Առավոտին» փոխանցեց Գ. Մանուկյանը:
Նրա ասելով, իրենց ուղղված հարցերը հիմնականում արտերկրում սովորող երեխաներից են, երբեմն էլ ԳԹԿ-ն ստանում է նամակներ, որոնց հասցեատերը ինքը չէ: Գ. Մանուկյանի հավաստմամբ, դրանք հաճախ վերահասցեագրում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությանը, ում հետ հրաշալի համագործակցում են: ԿԳՆ համապատասխան վարչությունն էլ է նույն կերպ վարվում, երբ հարցերը առնչվում են ԳԹԿ-ին: Պատահե՞լ է, որ ԳԹԿ-ն անպարկեշտ նամակներ ստանա: «Այսքան տարվա ընթացքում ընդամենը մեկ անպարկեշտ ձեւակերպմամբ նամակ ենք ստացել, որի հեղինակը աղջիկ էր: Բնականաբար, չենք պատասխանել, գիտակցելով, որ այն գրված է եղել հուզական վիճակում, հեղինակն էլ բավարար դաստիարակություն ստացած չի եղել»,- պատասխանեց ԳԹԿ մամուլի քարտուղարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել