Ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Արա Ավետիսյանը լուծումներ է փնտրում
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, ԿԳ նախկին փոխնախարար Արա Ավետիսյանը այս օրերին ակտիվ հանդիպումների մեջ է բուհի տարբեր օղակների հետ: «Առավոտի» հետ զրույցում նա ասաց, որ բարձրացված հարցերն ու մտահոգություններն իր համար անակնկալ չէին:
Ռեկտորի պաշտոնակատարից հետաքրքրվեցինք՝ քանի որ այս տարի շրջանավարտներ չկային, բուհերը կանգնելու են լուրջ խնդրի առաջ, ինչպե՞ս են դիմակայելու դրան Ճարտարագիտական համալսարանում: Ա. Ավետիսյանը շեշտեց, որ Ճարտարագիտական համալսարանի վարչական անձնակազմը դեռեւս չի ձեւակերպել իր արձակուրդները՝ հենց այս սրտացավությամբ. «Կազմակերպված նոր ուսումնական տարի ենք ունենալու: Դժվարությունը, որ վերաբերում է բոլոր բուհերին, շատ ավելի ծանր է տեխնիկական բուհերի համար: Շուրջ 2500 դիմորդ է եղել, հիմնականում՝ նախորդ տարիների շրջանավարտներ, եւ հատկապես անհաջող են հանձնվել մաթեմատիկայի, ֆիզիկայի քննությունները (ֆիզիկայից այս տարի «կտրվել» է դիմորդների 80%-ը, մաթեմատիկայից՝ 67%-ը- Գ. Հ.): Այսինքն՝ ակնհայտ է դառնում, որ ընդունելության «մասով» մենք վատ վիճակում ենք, այնպես որ՝ համալսարանը պետք է կազմակերպական հնարքներով կարողանա ունենալ մինիմում կորուստներ, կադրային լավ համակազմ եւ շարունակական կրթությունը ապահովող բոլոր օղակները»: Ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ Ճարտարագիտական համալսարանում ի վիճակի են ինչպես ֆինանսատնտեսական միջոցների վերադասավորումով, այնպես էլ ժամերի բաշխման, մասնագիտական ունակությունների առումով լուծումներ գտնել: Օրինակ, հասարակագիտական եւ լեզվական ամբիոնների օգգ-ն են բարձրացնելու ու ճիշտ կազմակերպելու առաջին կուրսերը սպասարկող ամբիոնների աշխատանքը, շեշտադրելու են լեզվաիմացության, համակարգչային գիտելիքների մակարդակի բարձրացումը: Նրա խոսքով, լեզուները կադրին հնարավորություն կտան լավագույնս տիրապետել ուսուցման նյութի բազաներին եւ աշխատաշուկայում իր համար տեղ ապահովել: Ա. Ավետիսյանի ասելով, իրենց բուհի լեզուների ամբիոնները զուտ լեզվաուսուցման խնդիր չեն իրականացնելու, հիմնովին վերակազմակերպվելու է նրանց աշխատանքը, որպեսզի մասնագետները ունենան իրենց վճարովի աշխատանքը, եւ դա օգտակար լինի համալսարանին, ուսանողական եւ պրոֆեսորադասախոսական համակազմին: Մասնագիտական կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապերի մասին էլ մեր զրուցակիցը նշեց, որ Ճարտարագիտական համալսարանը համագործակցության ինչ-ինչ ծավալներ ունի, ուղղակի խնդիր է դրված մեծացնել ծավալներն ու բովանդակության բազմազանությունը՝ հաշվի առնելով գործատուների մոտեցումները: «Նաեւ ավելի շատ գիտնական-ճարտարագետը, տեխնոլոգ-ճարտարագետը պետք է նախաձեռնող լինեն համագործակցության ծրագրի առումով: Իմ կարծիքով, ծրագրերի ներկայացման ձեւի մշակույթի ձեւավորման խնդիր եւս ունենք: Մեր համալսարանը լուրջ ռեզերվներ ունի, ու կարճ ժամանակում կներկայանա իր ծրագրերով, որը սպեկտրի ամբողջականություն կապահովի»,-նշում է պարոն Ավետիսյանը: Նա ասում է, որ կրթության համակարգը պահպանողական է, ուստի հեղափոխական, հեղաշրջումային քայլերը բուհում անընդունելի են: Որոշել են օգտագործել Ճարտարագիտական համալսարանի երկարամյա կադրերի փորձառությունն ու կարողությունները՝ դրանք համադրելով ժամանակակից պահանջների, հմտությունների հետ:
Կլինե՞ն կադրային փոփոխություններ Ճարտարագիտականում:
«Ոչ մի չհիմնավորված քայլ չի լինելու»,- հավաստիացնում է զրուցակիցս, հավելելով, որ բնականոն ճանապարհով կհեռանան նրանք, ովքեր աշխատանքի բուն փուլում տեմպին, ընկալմանը, բովանդակությանը չեն հասցնի ամբողջովին տիրապետել: Ա. Ավետիսյանը համամիտ չէ տարածված այն կարծիքին, թե բուհերի ուսանողական խորհուրդները կարիերիստական նկրտումներ ունեցող երիտասարդների համախմբող կառույցներ են: Ասում է. «Ճարտարագիտական համալսարանում ուսանողական եւ ուսանողական- գիտական խորհուրդները կարեւոր հատված են, ու նրանց հետ համագործակցությունը լինելու է գործընկերային հիմունքներով, աշխատանքն էլ կազմակերպվելու է ի շահ կրթության որակի բարձրացման: Ուսխորհուրդները պետք է լինեն ոչ միայն խնդիրներ հարուցող եւ այդ խնդիրների լուծումները վայելող, այլեւ այդ խնդիրների լուծումների ակտիվ մասնակիցներ»:
Իսկ ո՞րն է եղել Ա. Ավետիսյանի թիվ 1 հրամանը բուհում: Պարզվում է՝ կադրերից մեկի աշխատանքից ազատվելուն է վերաբերել: Նա դիմում էր գրել, խնդրելով չեղյալ հայտարարել արձակուրդի հրամանը՝ այլ, ավելի բարձր վարձատրվող աշխատանքի անցնելու կապակցությամբ: «Միգուցե առաջին հրամանը մի քիչ ընդունելի չէր թեմատիկ իմաստով, կարեւորը առաջին ընկալումս համալսարանից այն է, որ աշխատողները եւ նախկին ռեկտորը անընդհատ այն զգացումի են բերում, թե պատրաստ են անել ամեն ինչ, որպեսզի օր առաջ համալսարանի ֆինանսատնտեսական, կարողային ունակությունները մեծանան»,- ասում է նա:
ԿԳ նախարարությունից կլինե՞ն մարդիկ, ովքեր իր թիմից էին, ուստի կտեղափոխվե՞ն Ճարտարագիտական համալսարան: Ռեկտորի պաշտոնակատարը (փորձը ցույց է տալիս, որ պաշտոնակատարները հիմնականում ռեկտոր էլ ընտրվում են) դա չի բացառում, նաեւ հավելում է, որ առաջիկայում որոշ վարչական պաշտոնների կանցնեն մրցութային կարգով, հստակ հրապարակելով տվյալ պաշտոնի՝ անձնագրով պահանջվող հմտություններն ու կարողությունները. «Դա աշխատանքի արդյունավետության բարձրացման համար է եւ քմահաճույքների ենթարկվել՝ կնշանակի ուղղակի վտանգել աշխատանքդ եւ հեղինակությունդ»: