Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԿԱՐՈՂ ՇԱՀԵԼ

Հուլիս 28,2011 00:00

Թե վերջին երկուսուկես տարում ՊԵԿ-ը քանի փոփոխություն կատարեց ՀԴՄ-ի կտրոնների եւ բոնուսային վճարումների հետ կապված՝ գիտեն բոլորը։ Այդ բարեփոխումներից միայն մեկն էր հօգուտ ժողովրդի, դա էլ վերացրին։ Խոսքը հավաքած կտրոնների մեջ 2-3 թվերի համընկնմանն էր վերաբերում։ Այդ տարբերակի շնորհիվ շահառուները կարողացան մի քանի ամիս թեկուզ փոքրիկ գումար ստանալ եւ մոռանալ այն լուտանքները, որ լսում էին վաճառողներից՝ ՀԴՄ կտրոն պահանջելու դեպքում։ Ծերերի եւ հաշմանդամների զայրույթը հաճախ կրկնապատկվում էր, երբ այդ խղճուկ գումարը ստանալու համար օրերով հերթ էին կանգնում նստելատեղեր չունեցող տարբեր փոստային կամ «Արարատբանկի» բաժանմունքներում։ Սակայն վեճերի, վիրավորանքների եւ կոպիտ վերաբերմունքի արժանացած մարդիկ անգամ հիմա ավելի են զայրացել ՊԵԿ-ի վերջին որոշումից։ Ըստ դրա՝ մանր շահումների եւ հավելավճարների փոխարեն մայիսից խաղարկվեց 15 ավտոմեքենա, որի համար կպահանջվի ոչ միայն 8, 7, 6 եւ 5 թվերի համընկնում, այլեւ կատարված եւ նշված մեծ գումարի գնում։ Հարց է ծագում, ինչո՞ւ փոքր գումարով գնում կատարողը չի կարող շահող լինել եւ ավտոմեքենայի կարիք ունենալ։ Ընդունված պրակտիկա է, որ նույն թվերը շահած մարդկանց միջեւ պետք է անցկացվի կրկնակի խաղարկություն, որպեսզի պարզվեն հաղթողները։ Իսկ մեզ մոտ չի անցկացվում նման խաղարկություն, եւ հանձնաժողովն է որոշում մարդկանց կտրոնների բարձր գումար վճարելու հավաստիությունը։ Որպեսզի ավելորդ կասկածանք չառաջանա մարդկանց մեջ, առաջարկում ենք նման խաղարկությանը ներկա դարձնել կտրոններով շահած շահագրգիռ բոլոր անձանց՝ որպես դիտորդ։ Այլապես, 2-3 ամիսը մեկ փոփոխվող ՊԵԿ-ի որոշումները ավելի շատ ձեռնածություն են հիշեցնում եւ խոր հիասթափություն են պատճառում մեր երկրի բնակիչներին։ Մի՞թե հանձնաժողովի անդամներն ի զորու չեղան այդ ընթացքում պարզելու, թե ինչ կապեր կան շահող կտրոն ներկայացնողների եւ այդ կտրոնը տված առեւտրի օբյեկտի տիրոջ միջեւ։ Մի՞թե պետությունը չկարողացավ բռնել զեղծարարների ու հարկեր չվճարողների ձեռքը։ Մի՞թե մարդիկ երբեք չեն համոզվելու, որ ՀԴՄ կտրոնի մտցնելն օգուտ տվեց պետությանը եւ բացահայտեց ստվերային առեւտրի գաղտնիքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել