Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԻՆՁ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ՀԵՌԱԿԱ ԿԱՐԳՈՎ»

Հուլիս 28,2011 00:00

Բաց նամակ ՀՀ նախագահին

Մեծարգո նախագահ.
Ինձ համար անսպասելի, 2011թ. գարնանը, զանգվածային լրատվության միջոցները, մասնավորապես՝ հեռուստատեսության «02» հաղորդաշարը, այնուհետեւ «02» շաբաթաթերթը տեղեկություններ են տարածել այն մասին, որ ես՝ Սերգո Ռոբերտի Աբրահամյանս կատարել եմ հանցագործություն եւ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության կողմից ինձ մեղադրանք է առաջադրվել խարդախության համար, որպես խափանման միջոց ընտրվել կալանքը եւ հայտարարվել է հետախուզում:
2010թ. ամռան սկզբներին ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել եւ քննվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասով: Սույն քրեական գործով ես հրավիրվել եմ որպես վկա՝ տվել եմ ցուցմունքներ եւ մասնակցել առերեսումներին: Նպատակ ունենալով ապահովելու քրեական գործի օբյեկտիվ ընթացքը՝ նախաքննության մարմնին ներկայացրել եմ ապացույցներ (ձայնագրման եւ այլ տեսքով), որոնք էապես կարող էին ազդել այդ գործի բացահայտմանը: Սույն գործով պատվերը եւ միտումն այնքան ակնհայտ է, որ իրավապահ մարմինները սկզբում հետախուզում եւ կալանք են առաջադրում եւ նոր միայն սկսում փնտրել, թե իմ ապրած 48 տարիների ընթացքում ես ինչ հանցանք կարող էի կատարած լինել:
Նախաքննության մարմինն անտեսելով իմ կողմից ներկայացված փաստերը եւ ապացույցները, երկար ժամանակ բացարձակապես չի իրականացրել որեւէ քննչական գործողություն, մասնավորապես՝ ես չեմ հրավիրվել հարցաքննության, իմ ներկայությամբ չի կատարվել որեւէ դատավարական գործողություն, որեւէ մեղադրանք ինձ չի ներկայացվել եւ սահմանված կարգով չեմ ծանուցվել ներկայանալու քննությունն իրականացնող մարմնին: Արաբկիրի քննչական բաժնում արդեն իսկ ակնհայտ էր իմ անմեղությունը, քանի որ, ըստ քննչական մարմնի, գործի վարույթը իմ մասով կարճման ենթակա էր, սակայն 5 ամիս անց ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի պատվերով գործն ուղարկվում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ:
ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածի համաձայն, հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նույն Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն, մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից:
Ի խախտումն ՀՀ Սահմանադրության վերը նշված դրույթների, ողջ հանրապետությունով ինձ խայտառակելը եւ իմ արժանապատվությունը զանգվածային լրատվական միջոցներով նսեմացնելը թողնում եմ քննչական մարմինների խղճին, քանի որ ես քննչական գլխավոր վարչության քննիչից ծանուցագիր չեմ ստացել եւ օրենքով սահմանված կարգով հարցաքննության չեմ կանչվել ու ինձ մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով ու ես որպես մեղադրյալ չեմ հարցաքննվել:
Ես նախկինում արատավորված չեմ եղել, ամուսնացած եմ, ունեմ 3 անչափահաս երեխա, կինս չի աշխատում եւ ընտանիքիս միակ կերակրողը ես եմ: Ես վատառողջ եմ, տառապում եմ շաքարախտ հիվանդությամբ եւ կալանքի տակ գտնվելը միայն կվատացնի առողջական վիճակս:
Բանն այն է, որ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում ես տվել եմ կրթության ոլորտին վերաբերող կոռուպցիոն բնույթի մերկացուցիչ ցուցմունքներ, որոնք քննչական մարմինների կողմից ժամանակին ինչ-ինչ պատճառներով մինչեւ վերջ չեն ստուգվել կամ ստուգվել են մակերեսորեն: Խոսքը վերաբերում է նրան, որ ներկայումս կալանքի տակ գտնվող Գագիկ Սաֆարյանը (նախկին «Փյունիկ» ֆուտբոլային թիմի տնօրեն-խմբ.) խոստացել է 21. 000 ԱՄՆ դոլարով «տուժող» ճանաչված ոմն Սամվել Կոստանյանի որդի՝ Հակոբ Կոստանյանին ընդունել Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Սակայն Սաֆարյանը չկարողանալով կատարել խոստումը, կեղծ ատեստատով Հ. Կոստանյանին ընդունել է Երեւանի ագրարային պետական համալսարան (ի դեպ, կեղծ ատեստատով ընդունված անձը մինչ օրս ուսանում է այնտեղ) խոստումով՝ հետագայում տեղափոխել Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Իմ մեղքն այն է, որ իմ «ազգական» Սամվել Կոստանյանի խնդրանքով մեկ այլ երրորդ անձի միջոցով ծանոթացել ենք Գ. Սաֆարյանի հետ եւ բոլոր մնացած գործարքները նրանք կատարել են իրար հետ: Նախաքննության մարմնին ես պատմել եմ ինձ հայտնի բոլոր մանրամասները՝ կեղծ ատեստատի ձեռք բերման աղբյուրի մասին, ներկայացրել եմ ապացույցներ ձայնասկավառակի եւ այլնի տեսքով: Իրականում խարդախություն կատարած անձը՝ Գագիկ Սաֆարյանը, կալանավորված է, տվել է ինքնախոստովանական ցուցմունք, որ արդեն իսկ վերականգնել է պատճառված վնասը: Հենց այստեղ է այս գործի մեխը. եթե, ըստ «տուժողի», ինքը գումար է տվել ինձ, ապա ինչո՞ւ է Գ. Սաֆարյանն իր անձնական նախաձեռնությամբ վերականգնում «տուժողին» պատճառված նյութական վնասը: Պատասխանն ակնհայտ է, պայմանական «տուժող» Սամվել Կոստանյանը եւ Գագիկ Սաֆարյանը ինչ-որ ազդեցիկ անձի ուղղորդմամբ փորձում են ինձնից գումար կորզել եւ անհիմն պատասխանատվության ենթարկել ինձ: Այլ ելք չունենալով, ինքս անձնական նախաձեռնությամբ ձեռնարկել եմ քննչական գործողություններ, ձեռք եմ բերել ապացույցներ, ներկայացրել նախաքննության մարմնին, որը շուռ է տրվել հենց իմ դեմ:
Այն ժամանակ, երբ ողջ հանրապետությունում հայտարարված է խիստ պայքար կոռուպցիայի դեմ եւ ՀՀ նախագահը հստակ պահանջներ է դրել իրավապահ մարմինների աշխատակիցների առջեւ, նրանցից ոմանք իմիջիայլոց են վերաբերվում այդ հարցին եւ փոխանակ՝ մինչեւ վերջ բացահայտեն նշված բնույթի հանցագործությունները եւ պատժեն մեղավորներին, քրեական պատասխանատվության են կանչում կոռուպցիոն բնույթի հայտարարություն կամ ցուցմունք տված անձանց, դրանով իսկ ստիպում հրաժարվել տրված ցուցմունքներից եւ ձախողում պայքարը կոռուպցիայի դեմ: Ես դարձել եմ նման երեւույթի զոհը: Ինձ մեղադրանք առաջադրելով եւ հետախուզում հայտարարելով՝ փորձում են ուրիշների կատարած հանցագործությունները կոծկել եւ բարդել ինձ վրա, սակայն ես դա թույլ չեմ տա, քանի որ ունեմ հիմնավոր փաստեր եւ դրանք հաստատող ձայնագրություններ: Տեսնելով, որ որեւէ բանում ես մեղավոր չեմ, նախաքննության մարմինը զավեշտի վերածելով քննությունը, նոր մեղադրանք է փորձում առաջ քաշել, որ 2005թ. Սիսիան քաղաքում ես գնել եմ հողատարածք:
Մեծարգո պարոն նախագահ.
Մամուլից եւ լրատվական այլ միջոցներից տեղյակ եմ, որ Ձեր հանձնարարությամբ անողոք պայքար է ծավալվել նախաքննության մարմինների կողմից հանցագործությունները թաքցնելու, անմեղ անձանց նկատմամբ հետապնդումներ իրականացնելու եւ չկատարած հանցագործությունների համար անձանց նկատմամբ շինծու քրեական հետապնդումներ իրականացնելու արատավոր երեւույթների դեմ:
Սպառելով բոլոր հնարավոր միջոցները՝ ապացուցելու իմ անմեղությունը եւ պաշտպանելու սահմանադրական իմ իրավունքները՝ դիմում եմ Ձեզ, որպես իմ կուսակցության ղեկավարի եւ երկրի նախագահի, ակնկալելով Ձեր միջամտությունը սույն գործին եւ դրա արդարացի լուծմանը: 
Ես 1997թ. հանդիսանում եմ ՀՀԿ անդամ, իսկ 2009թ.՝ ՀՀԿ Արաբկիրի վարչական շրջանի խորհրդի անդամ, ինչպես նաեւ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի վետերանների միության անդամ:
1990-94թթ. ՄՀՆՋ-ի կազմում 2 եղբայրներով մասնակցություն ենք ունեցել ՀՀ եւ պաշտպանության, եւ ԼՂՀ ազատագրման գործընթացին:
Կրտսեր եղբայրս՝ Սամվել Աբրահամյանը, 1991թ. հերոսաբար զոհվել է պատերազմական գործողությունների ընթացքում, հետմահու պարգեւատրվել է «Արիություն» մեդալով եւ նրա աճյունն այժմ ամփոփված է Եռաբլուրում:
Մատուցած ծառայությունների համար բազմիցս արժանացել եմ կառավարական եւ գերատեսչական պարգեւների, իսկ 01.12.2010թ. ՀՀԿ 20- ամյակի եւ կուսակցական ակտիվ գործունեության համար Ձեր կողմից արժանացել եմ շնորհակալագրի:
Երբ պատերազմի ժամանակ կամավոր մեկնելով մարտի դաշտ՝ պաշտպանում էինք մեր հայրենիքը, «տուժող» Սամվել Կոստանյանի նմանները խոր թիկունքում թաքնված հարստություն էին դիզում, իսկ այսօր կեղծ տուժող ճանաչվելով՝ արատավորում են իմ անցած ուղին եւ խարդախությամբ փորձում են գումար կորզել եւ արատավորել անունս: Ցավոք, մեր պետությունում իրավապահ մարմինները, խորամուխ չլինելով գործի էության մեջ, հավատալով կամ ինչ-որ «շահ» ունենալով շինծու «տուժողից», փորձում են վարկաբեկել ինձ եւ ցավալի է, որ մեր պետությունը այդպես է գնահատում իր նվիրյալներին: Ինձ համար երաշխավորություն են ներկայացրել «Փառապանծ մարտիկներ», «ՄՀՆՋ վետերանների միություն», «Դելտա» հատուկ ջոկատների միություն», «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» եւ այլ հասարակական միություններ՝ խնդրելով նախաքննության մարմնին՝ փոխելու խափանման միջոցը եւ հնարավորություն ընձեռել ինձ ներկայանալու ու տալու պարզաբանումներ, սակայն միջնորդությունը մնացել է անպատասխան: 
Ես այժմ էլ պատրաստ եմ ներկայանալու նախաքննության մարմնին, պնդելու իմ ցուցմունքները, ներկայացնելու նոր ապացույցներ, սակայն ներկայանալու եւ կալանքի տակ առնվելու դեպքում ես չեմ կարող ապացուցել իմ անմեղությունը եւ, բացի այդ, վստահություն չունեմ իմ անվտանգության հարցում, քանի որ ներկայացրածս ապացույցները առնչվում են կոռուպցիոն երեւույթներին եւ նախաքննության մարմինը ինչ-որ ուժերի ճնշման տակ չի համարձակվել հետամուտ լինել դրանց բացահայտմանը:
01.09. 2010թ. բողոք եմ ներկայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազին՝ պարզաբանելով գործի հանգամանքները եւ որպես ապացույց ներկայացրել եմ գործի համար էական նշանակություն ունեցող ձայնագրության սկավառակ, սակայն որեւէ գործողություն այդ կապակցությամբ չի կատարվել եւ բողոքի պատասխան չեմ ստացել: Բողոք-դիմումներ եմ ներկայացրել Ձեզ՝ ՀՀ նախագահին եւ ՀՀ գլխավոր դատախազին, սակայն բոլոր բողոքները նույնությամբ վերադարձվել են այն մարմնին՝ ում վերաբերյալ գրվել են բողոքները:
Մեծարգո պարոն նախագահ.
Խնդրում եմ Ձեր ցուցումը՝ փոխելու իմ նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը եւ սույն քրեական գործն ուղարկելու ՀՀ ԱԱԾ՝ օբյեկտիվ քննություն կատարելու եւ ինձ հնարավորություն տալու ապացուցելու իմ անմեղությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել