Երեկվա համարում տեղեկացրել էինք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մեկնել էր Հրազդան՝ ուսումնասիրելու այդ տարածքում առկա մրցակցային խնդիրները: Ինչպես տեղեկանում ենք ՏՄՊՊՀ հաղորդագրությունից՝ երեկ էլ՝ հուլիսի 27-ին, Հանձնաժողովի աշխատանքային խումբը նույն առաքելությամբ եղել է Արմավիրի մարզում:
Հանձնաժողովի փորձագետները Արմավիր քաղաքի խոշոր առեւտրի կետերում իրականացրեցին ուսումնասիրություն՝ պարզելու, թե որքանով են վաճառվող ապրանքները համապատասխանում օրենքի պահանջներին: Պարզվեց, որ առանց արտադրության տարեթվի, պահպանման ժամկետի, հայերեն մակնշման եւ արտադրողի վերաբերյալ տեղեկատվության խանութներում վաճառվում էին մի շարք պարենային եւ սպառողական ապրանքներ, մասնավորապես՝ սառեցված հավ, նրբերշիկ, թխվածքաբլիթներ, խմորեղեն, մակարոնեղեն եւ այլն: Հանձնաժողովը հսկիչ գնման միջոցով ձեռք բերեց վերոնշյալ բոլոր ապրանքատեսակները: Փաստերի հետ կապված կկատարվեն վերլուծություններ, իսկ արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը: