Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն օտարի, բայց ե՞րբ կկառուցեն

Հուլիս 28,2011 00:00

\"\"ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության առաջարկով այսօր ՀՀ կառավարությունը կորոշի ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 17-ի նիստի թիվ 23 արձանագրության 44-րդ կետը, որով նախատեսվում էր Վայոց ձորի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչել եւ որոշակի հողեր օտարել ճանապարհ կառուցելու համար: Հիշեցնենք, որ Արփա գետի վտակ Եղեգիսի վարար ջրերի ու հեղեղումների պատճառով մայիսի 31-ին Վայոց ձորի մարզի Շատին-Գողթանիկ ավտոճանապարհի 0,9 կմ հատվածում տեղի էր ունեցել փլուզում, գետի ափով անցնող ճանապարհի մոտ 50 մետր երկարությամբ եւ 6 մետր լայնությամբ մի հատված մոտ 30 մետր ներքեւ է իջել՝ դեպի գետը: Արդյունքում դադարել է երթեւեկությունը դեպի Արտաբույնք, Հորբատեղ, Եղեգիս, Հերմոն, Գողթանիկ, Վարդահովիտ գյուղեր: Այն ժամանակ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը «Առավոտին» ասել էր, որ չի բացառվում, որ հանրային գերակա շահ ճանաչելու միջոցով հարցը լուծվի («Առավոտ», 03.06.2011՝ «Վեց գյուղերի ճանապարհը»):
2011 թվականի հունիսի 17-ին այս ճանապարհի վերականգնման աշխատանքները ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի «Հրատապ հիմնանորոգում պահանջող ճանապարհահատվածների եւ տրանսպորտային օբյեկտների վերանորոգման գնման գործընթացը կազմակերպելու մասին» թիվ 765-Ա որոշմամբ հաստատված ցանկում ու Վայոց ձորի մարզի որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշման ընդունման անհրաժեշտությունը վերացել է:
Բայց մնացել է ճանապարհ կառուցելու անհրաժեշտությունը, քանի որ Արտաբույնք, Հորբատեղ, Եղեգիս, Հերմոն, Գողթանիկ, Վարդահովիտ գյուղերը, որ հիմնական ճանապարհով մարզկենտրոն Եղեգնաձոր են հասնում՝ անցնելով մոտ 15 կմ, ապա Կարմրաշեն գյուղով անցնող շրջանցիկ ճանապարհով Եղեգնաձոր կհասնեն՝ կտրելով 60 կմ ճանապարհ: «Հրատապ հիմնանորոգում պահանջող ճանապարհահատվածների եւ տրանսպորտային օբյեկտների վերանորոգման գնման գործընթացը կազմակերպելու մասին» թիվ 765-Ա որոշմամբ հաստատված ցանկում կա 25 ճանապարհահատված, որոնք հնարավոր է նորոգվեն այս տարվա կամ 2012-2014 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել