Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ՝ «ԿԻՍԱԲԱՑ ԼՈՒՍԱՄՈՒՏԻՑ»

Հուլիս 28,2011 00:00

ATV հեռուստաընկերությունը ընդունում է, որ սխալվել է, սակայն սխալն ուղղելու փոխարեն վիրավորում է քաղաքացուն

\"\"

ATV հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուի՝ հունիսի 29-ի թողարկման պատճառով խաթարվել է Արմավիր քաղաքի ծննդատան բժշկուհի Ժաննա Սարգսյանի հանգիստը: Իր կամքից անկախ, բժշկուհին հայտնվել էր հաղորդման ընթացքում զարգացող իրադարձությունների կենտրոնում:
Հաղորդման հյուրը ազգությամբ եզդի Նինեն էր, որը, չստացված ամուսնությունից հետո Արմավիրի ծննդատանը աղջնակ էր լույս աշխարհ բերել եւ հաղորդման ժամանակ ի լուր աշխարհի պատմել, որ, իբր, ծննդաբերությունից հետո իրեն է մոտեցել Ժաննա անունով բժշկուհին եւ նորածնին 10 հազար դոլարով վաճառելու առաջարկ արել. ասել է՝ գնորդ կա: Բայց ինքը, որ չնայած պատկերացրել է երեխային միայնակ մեծացնելու դժվարությունը, այդուհանդերձ՝ հրաժարվել է վաճառել փոքրիկին:
Թե իրականում ինչ է տեղի ունեցել Արմավիրի ծննդատանը եւ ում մասնակցությամբ, իրավապահները պետք է պարզեն: Խնդրո առարկան այստեղ՝ եթերում բժշկուհի Ժաննայի անունը տալն ու նրան հանիրավի մեղադրելն է: Ժաննայի ասելով, ATV-ի եթերում մերկապարանոց սուտ է հնչել: «Եթե Արմավիրում Ժաննա անունով մի քանի բժշկուհի լիներ, զայրույթս ու վիրավորանքս այսքան մեծ չէր լինի: Բայց այդ անունով միայն ես եմ, հետեւաբար մեղադրանքի ուղղակի հասցեատերը ես եմ դառնում: Բայց ես ոչ այդ կնոջը ճանաչում եմ, ոչ էլ ազատել եմ նրան: Այդ հաղորդումն էլ չեմ նայել: Միայն հաջորդ օրն եմ իմացել, որ նման բան է եղել: Եկել, գրանցամատյանները նայել, գտել եմ՝ ով է, որ օրը եւ ում մոտ է ծննդաբերել, մանկաբարձուհիներից մեկի հետ գնացել՝ գտել ենք իրեն: Երբ ներկայացա որպես բժշկուհի Ժաննա, ասաց, չէ՝ Ժաննան դու չես: Նույնիսկ վատ զգաց, որ անխոհեմաբար ցավեցրել է ինձ: Պատրաստակամություն հայտնեց դիմել հաղորդաշարին՝ հերքում պահանջելու խնդրանքով»,- «Առավոտին» պատմեց տիկին Ժաննան:
Բժշկուհու անունը հանիրավի հնչեցրած տիկին Նինեն զանգել է «Կիսաբաց լուսամուտների» խմբագրություն. պատասխանող չի եղել: Տիկին Ժաննան ինքն է փորձել ու մնացել զարմացած: «Պատասխանեց Կարինե անունով մեկը եւ շատ չոր ու գռեհիկ տոնով ասաց. ինչ ուզում եք արեք՝ հերքում չենք տա: Իսկ երբ տոնը մեղմելու համար ասացի, որ զրուցակիցդ տարիքով եւ վաստակաշատ բժշկուհի է, պատասխանեց՝ քո տարիքն ինձ չի հետաքրքրում, այս համարն էլ մոռացիր»,- հեռախոսազրույցի մանրամասները ներկայացնելով՝ փոխանցեց տիկին Ժաննան:
Տեղի ունեցածի մեջ բժշկուհին ոչ այնքան եզդի կնոջն է մեղադրում, որքան հաղորդումը վարողին: Վերջինս, երբ Նինեից լսել է նրա դժբախտ կյանքի՝ հաղորդմանը հետաքրքրող մանրամասները, կնոջից պահանջել է չկայացած թրաֆիքինգով զբաղվող բժշկուհու անունը հնչեցնել: «Հաղորդման բարձրացրած աղմուկից հետո գտա դրա ձայնագրությունը եւ նայեցի. հաղորդավարը երեք անգամ հարցնում է՝ ի՞նչ է բժշկուհու անունը: Նինեն էլ, թե՝ ոնց որ Ժաննա: Բա ո՞նց չզայրանամ, ո՞նց հանգիստ մնամ, երբ բանից անտեղյակ, մի քանի դելետանտներ, իրենց շոուն ինտրիգային դարձնելու համար ցեխ են շպրտում պատվիդ ու արժանապատվությանդ վրա: Հրավիրել են միայն «զոհին» ու նրան կարեկցողին եւ գրոհ կազմակերպել մի դարպասի վրա: Բա մինչեւ հաղորդումը պատրաստելը դրա հեղինակները չեն փորձե՞լ էդ պոտենցիալ հանցագործին գտնել, նրան էլ լսել, հրավիրել ստուդիա: Չէ: Որովհետեւ, իրենցը շոու սարքելն էր, արեցին՝ առանց հետեւանքների մասին մտածելու: Վերցրին ու մի քանի րոպեում ցեխ լցրին կաթիլ-կաթիլ կուտակած տարիներիդ վաստակի վրա»,- ասում է բժշկուհի Ժաննան:
Ժաննան 36 տարի ծննդատանն է աշխատում: Լավ անուն ու պատիվ ունի: Անբասիր աշխատանքի համար արժանացել է պատվոգրերի ու ստացել խրախուսական նվերներ: Նաեւ դասավանդում է Արմավիրի պետական բժշկական ուսումնարանում: Ասում է՝ անհարմար եմ զգում ուսանողներիս առաջ, որոնք, ճիշտ է՝ ոչինչ չեն հարցնում, բայց զգում եմ, որ պատասխան են ուզում. «որի՞ն ասեմ, որի՞ն բացատրեմ, որ կատարվածը թյուրիմացություն է՝ անուշադիր կնոջ եւ սուտ ու արհեստական հաղորդման հորինվածք»:
«Կիսաբաց լուսամուտների» ձայնագրությունը դիտելուց հետո, հունիսի 30-ին, իրեն զրպարտելու համար, Ժաննա Սարգսյանը հայց է ներկայացրել Արմավիրի դատախազություն: Իսկ հաղորդմանը որպես «զոհ» ներկայացած Նինեն, պարզվում է՝ խնդիր ունի նախկին ամուսնու հետ եւ փորձել է հաղորդման միջոցով ամուսնու ուշադրությունը հրավիրել նրա կողմից հայրության ճանաչման հարցին: Ալիմենտի ակնկալիքով նա նույնիսկ դատարան է դիմել: «Հասկանալով, որ նախկին ամուսինը ոչ իրեն, ոչ էլ նորածնին չի ընդունելու, ըստ ամենայնի՝ երեխայի վաճառքի պատմությունը հորինել է, մտածելով, գուցե խղճա ու հայրությունը ճանաչի: Հաղորդաշարին էլ թեմա է տվել դրա միջով անցած շենավանցի Լուսինեի օգնությամբ: Բայց հաղորդման հեղինակները ճիշտ չեն կողմնորոշվել. միայն մեկ կողմին լսելով պետք չէր խնդրին հնչեղություն տալ, մանավանդ, երբ խոսքը իրական մարդկանց ու նրանց ճակատագրերին է վերաբերվում: Չի կարելի այդքան նուրբ ու զգայուն թեմային կացնային մոտեցում ցուցաբերել: Եթե խոսքը թրաֆիքինգի մասին է, թեկուզ՝ չկայացած, կարծում եմ՝ հրավիրյալների ընդգրկուն ցուցակ պետք է ունենային, այդ թվում եւ՝ իրավապահներ»,- կարծիք արտահայտեց հաղորդումը դիտած արմավիրցի Կարինե Սիմոնյանը:
ATV հեռուստաընկերության պաշտոնական կայքի համաձայն, «Կիսաբաց լուսամուտների» առանցքը մեր հասարակական կյանքում առկա սոցիալական եւ իրավական ցավոտ հիմնահարցերն են: Նախագիծը նպատակ ունի բացահայտել այդ հիմնախնդիրները եւ օգնել քաղաքացիներին՝ նրանց տրամադրելով հաղորդմանը հրավիրված էքսպերտների մասնագիտական խորհուրդները: Արդիական թեմաներ, սուր հարցադրումներ եւ լրագրողական հետաքննություն» (https://www.
atv.am/am/broadcasting/kisabac_lusamutner): Իսկ թե ինչո՞ւ է հաղորդումը օգնելու փոխարեն ցավ պատճառել կամ հետաքննությունը ինչո՞ւ է հրաժարվել ինֆորմացիայից՝ հեռուստաընկերությունը չի ասում: Ոչ կայքում, ոչ էլ զրպարտված բժշկուհի Ժաննա Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել