Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2011թ. փետրվարի 22-ի դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել, եւ ավազակային հարձակում կատարած հանցավոր խումբը դատապարտվել է ազատազրկման:
Դատարանը հավաստի է համարել քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներն առ այն, որ Հմայակ Սահակյանը, լինելով «Սեւան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, կալանավայրից կազմակերպել եւ իրագործել է մի շարք ավազակային հարձակումներ: Մասնավորապես «Առավոտը» տեղեկացրել էր 2009թ. օգոստոսին Սպիտակի բնակիչ Գ. Կարոյանի խանութից ոսկյա զարդերի եւ այլ ապրանքների գողության մասին, Գ. Ավդալյանի բնակարանից զենքի գործադրմամբ ավազակության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության մասին:
Ըստ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի, բացահայտվել եւ դատապարտվել են խմբի 11 անդամները: Կազմակերպիչ Հ. Սահակյանը ազատազրկվել է 13 տարի 6 ամիս ժամկետով, գույքի բռնագրավմամբ, հանցագործությամբ պատճառված վնասի չափով: