Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԸ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ԵՆ ՈՒԶՈՒՄ

Հուլիս 28,2011 00:00

Մեղքը գցելով պաշտպանության նախարարության անհայտ պաշտոնյայի վրա

\"\"

Վանաձորի N զորամասի քիմիական գումարտակը վերջերս օպտիմալացրին («Առավոտ», 06.22.2011): Այստեղի 30 աշխատակցից միայն 20-22-ը տեղափոխվեց Էջմիածնի քիմիական գումարտակ, մնացածին միանգամից զորացրեցին եւ ոչ թե ուղարկեցին կարդրերի տրամադրության տակ, ինչպես ընդունված է ռազմական համակարգում:
Առաջինը, որ այս գումարտակի անձնակազմի անդամներից դուրս է մնացել աշխատանքից՝ Վանաձորի քիմիական գումարտակի հրամանատարն էր, հետո 4-5 սպաները, տեխնիկական աշխատողն ու էլեկտրիկը, ինչպես նաեւ ճաշարանը սպասարկող անձնակազմը: Տեխնիկական աշխատողն ինքն է հրաժարվել իրեն առաջարկվող՝ Էջմիածնի քիմական գումարտակի աշխատանքից, քանի որ հիվանդ ամուսին ունի եւ չի կարող նրան էլ տեղափոխել Էջմիածին: Եվս մեկ աշխատող է հրաժարվել նոր աշխատանքից, քանի որ տանը հոգեկան հիվանդ ունեն եւ չի կարող մորը միայնակ թողնել նրա հետ: Թափուր մնացած աշխատատեղերի համար նոր մարդիկ չեն ընդունվել, նրանց աշխատանքը կատարում են հին աշխատողները՝ ստանալով մի փոքր ավելի գումար: Նշենք, որ արդեն լուծարված համարվող Վանաձորի այս ստորաբաժանումում մնացել է 2 կին աշխատող, որոնց գործունեության ոլորտն անհասկանալի է:
Օպտիմալացման աշխատանքները նպաստել է նաեւ նրան, որ աշխատանքից ազատված եւ զորացրված աշխատակիցներն իրենց աշխատավարձերի վերջնահաշվարկը ստանալու հետ կապված խնդիրներ ունեն: Վերջնահաշվարկը ստանալու համար շտաբի պետ, մայոր Էդիկ Սարգսյանն ու ֆինանսական բաժնի պետ, կապիտան Ղեւոնդ Ոսկանյանը ազատված աշխատակիցներին զգուշացրել են, որ Երեւանում՝ պաշտպանության նախարարությունում, աշխատավարձերի վերջնահաշվարկները փոխանցելու համար գումար են ուզում, ուստի աշխատանքից ազատվածները պետք է որոշակի գումար տան իրենց, որպեսզի փոխանցեն Երեւանի իրենց գործընկերոջը, որն էլ իր հերթին բարի կամք կդրսեւորի եւ քիմիական գումարտակի նախկին աշխատողներին կպարգեւատրի՝ վերջնահաշվարկի գումարը տալով: Ընդ որում, այդ երեւանյան գործընկերոջ անունը խիստ գաղտնի է պահվում:
Ուշագրավ է, որ զորամասի աշխատակիցներն ամեն աշխատողից ոչ թե ֆիքսված գումար են պահանջել, այլ առաջնորդվել են չոր մաթեմատիկայով. կախված նրանից, թե տվյալ մարդու վերջնահաշվարկի գումարն ինչքան է կազմել, հաշվարկել են դրա 25%-ը եւ առանց երկար քննարկելու՝ բարիշել այդ գումարի վրա: Օրինակ, աշխատակիցներից մեկի վերջին ամսվա աշխատավարձը եւ վերջնահաշվարկի գումարը կազմել է 290 հազար դրամ, հնարամիտ կաշառակերները ուզել են 70 հազար դրամ եւ նրան զգուշացրել, որ որեւէ տեղ այդ մասին ոչինչ չխոսի, քանի որ նա տանը նստած ժամանակ է այդ գումարը ստանալու: Կարելի է ենթադրել, թե մնացած չաշխատողները վերջնահաշվարկը ստանալու համար անցել են այլ ծառայություններ մատուցելու կամ շարունակել են լուծարված գումարտակում աշխատել: Աշխատանքից ազատված հավաքարարից պահանջվել է ընդամենը 5 հազար դրամ, իսկ մեկ այլ աշխատողից՝ 20 հազար դրամ: Հետաքրքիր է, որ գումար պահանջող եւ ստացող աշխատակիցները, չնայած նախօրոք արտահայտած անհանգստություններին, չեն մտահոգվել վկաների ներկայությունից, քանի որ արդեն կաշառք տված նախկին աշխատողները հավաստիացնում են, որ իրենք իրենցից պահանջված գումարը տվել են այլ մարդկանց ներկայությամբ, իսկ բանակցությունները վարել են հիմնականում հեռախոսներով: Նշենք, որ գումարներ հավաքագրելն իսկապես օգնել է. մարդիկ գոնե իրենց վերջին աշխատավարձն են ստացել, իսկ վերջնահաշվարկի գումարը չկա ու չկա: Նկատենք նաեւ, որ երբ աշխատակիցներից շատերը հրաժարվել են կաշառք տալուց եւ աշխատավարձի վերջնահաշվարկից, շտաբի ու ֆինանսական բաժնի պետերն իրենք են սկսել համոզել մարդկանց, որ գոնե գան ու վերջնահաշվարկի գումարը ստանան, ասելով՝ գումար է, էլի, կծախսեք:
Հիշեցնենք, որ այստեղ կրճատումներն էլ հարթ չէին ընթանում, աշխատանքից ազատված որեւէ աշխատակցի հավուր պատշաճի բացատրություն չի ներկայացվել, ինչպես նաեւ ծանուցում չի տրվել, թե ինչո՞ւ են նրանք դուրս մնում իրենց աշխատանքից, ինչո՞ւ է պետք այդ օպտիմալացումը եւ ինչո՞ւ իրենք նույն աշխատանքին մնալու համար պետք է տեղափոխվեն Էջմիածնի քիմիական գումարտակ: Այդ առնչությամբ մեզ որեւէ պարզաբանում չտվեցին նաեւ պաշտպանության նախարարությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել